Մարզումները «խնայում են» սրտի զարկերը

Աւստրալիացի գիտնականները պարզել են, որ ֆիզիկապէս ակտիւ մարդիկ օրական միջինը 10%-ով աւելի քիչ սրտի կծկումներ են ունենում, քան նստակեաց կենսակերպ վարողները։ Աշխատանքը հրապարակւել է JACC Advances ամսագրում։
Հետազօտողները համեմատել են մարզիկների եւ մարզական պատրաստւածութիւն չունեցող մարդկանց զարկերակները։ Առաջինների մօտ սրտի կծկումների միջին յաճախականութիւնը կազմել է 68 զարկ/րոպէ, իսկ երկրորդների մօտ՝ 76 զարկ/րոպէ։ Օրւայ կտրւածքով դա կազմում է մօտ 97,920 զարկ՝ 109,440-ի դիմաց։ Տարբերութիւնը օրական մօտ 11,5 հազար զարկ է։
«Նոյնիսկ եթէ մարզման ժամանակ սիրտն աւելի արագ է աշխատում, հանգիստ վիճակում աւելի ցածր զարկերակն ամբողջութեամբ փոխհատուցում է ծանրաբեռնւածութիւնը»,- բացատրել է Մելբուրնի HEART-լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Թոմաս Լա Գերչեն։
Լաւագոյն ֆիզիկական պատրաստւածութիւն ունեցող մասնակիցների հանգիստ վիճակում զարկերակը կազմել է ընդամէնը 40 զարկ/րոպէ՝ ինչը գրեթէ կրկնակի ցածր է նորմայից։ Հանգիստ վիճակում զարկերակի նւազումը ոչ միայն մարզւածութեան ցուցիչ է, այլեւ սրտի աւելի լաւ առողջութեան եւ երկարակեցութեան կանխատեսիչ։
Գիտնականները նշում են, որ կանոնաւոր մարզումներն ամրացնում են սիրտ-անօթային համակարգը, նւազեցնում են սրտի հիւանդութիւնների ռիսկը եւ բարձրացնում կեանքի տեւողութիւնը։ Ընդ որում, առաւելագոյն արդիւնքը ձեռք է բերւում ոչ թէ պրոֆեսիոնալ սպորտի մակարդակում, այլ նստակեաց կենսակերպից չափաւոր ակտիւութեան անցնելիս՝ շաբաթական մի քանի ժամ վարժութիւնների միջոցով։
News.am