Այլ

Նոյնիսկ օրական մէկ բաժակ գազաւորւած ըմպելիքը կարող է մեծացնել դեպրեսիայի առաջացման ռիսկը

Գիտնականները անսպասելի կապ են յայտնաբերել գազաւորւած ըմպելիքների օգտագործման եւ դեպրեսիայի ռիսկի միջեւ. նոյնիսկ գազաւորւած ըմպելիքների չափաւոր օգտագործումը կարող է փոխել աղիքային մանրէների կազմը այնպէս, որ մեծացնի դեպրեսիւ ախտանիշների առաջացման հաւանականութիւնը, յատկապէս կանանց մօտ։

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են JAMA Psychiatry ամսագրում։

Գազաւորւած ըմպելիքները պարունակում են մեծ քանակութեամբ պարզ շաքարներ (գլիւկոզա, ֆրուկտոզա), որոնք ամբողջութեամբ չեն իւրացւում աղիքում։ Չներծծւող մասը հրահրում է որոշակի բակտերիաների աճը, որն էլ թուլացնում է աղիքային լորձաթաղանթի պատնէշը, ուժեղացնում բորբոքումը եւ նպաստում հիւսւածքներում բակտերիաների կամ դրանց կենսագործունէութեան արգասիքների «արտահոսքին»։ Այս գործընթացը սերտօրէն կապւած է նէյրոբորբոքման եւ տրամադրութեան խանգարումների հետ։

Ուսումնասիրութեանը մասնակցել է 405 մարդ՝ կլինիկակապէս հաստատւած մեծ դեպրեսիւ խանգարմամբ (ՄԴԽ) եւ 527 առողջ մասնակիցներ Marburg-Münster Affective Cohort-ից։ Հեղինակները վերլուծել են գազաւորւած ըմպելիքների սպառման մակարդակի, դեպրեսիայի ախտանիշների ծանրութեան եւ աղիքային միկրոբիոտայի կազմի փոփոխութիւնների միջեւ կապը, յատկապէս Eggerthella եւ Hungatella ցեղերի բակտերիաների։

Արդիւնքներ. գազաւորւած ըմպելիքների սպառման իւրաքանչիւր միաւոր (մէկ չափաբաժին) աճի դէպքում դեպրեսիայի ախտորոշման հաւանականութիւնն աճել է մօտ 8%-ով։ Ազդեցությիւնն առանձնապէս արտայայտւած է եղել կանանց մօտ. նրանց մօտ ռիսկը բարձրացել է մօտ ~17%-ով։ Գազաւորւած ըմպելիքների մեծ սպառում ունեցող կանայք նաեւ ունեցել են Eggerthella-ի աւելացւած բաժին, որը մասնակիօրէն միջնորդել է գազաւորւած ըմպելիքի եւ դեպրեսիայի միջեւ կապը (էֆեկտի մօտ 4-5%-ը)։

Հետաքրքիր է, որ տղամարդկանց մօտ գազաւորւած ըմպելիքների եւ դեպրեսիայի միջեւ վիճակագրօրէն նշանակալի կապ չի յայտնաբերւել եւ միկրոբիոտայի բազմազանութիւնն աւելի ցածր է եղել միայն կանանց մօտ։

 News.am

Related Articles

Back to top button