Գիտնականները սովորել են ցանցաթաղանթի միջոցով «կարդալ» տարիքը եւ առողջութիւնը

ՄաքՄասթերի համալսարանի եւ Հանրային առողջութեան հետազօտութիւնների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ աչքի ցանցաթաղանթի սքանները կարող են ծառայել որպէս կարեւոր «պատուհան»՝ դէպի անօթային համակարգի վիճակը եւ մարդու կենսաբանական ծերացման արագութիւնը։
Science Advances ամսագրում հրապարակւած հետազօտութեան արդիւնքները ցոյց են տւել, որ ցանցաթաղանթի աւելի պարզ, քիչ ճիւղաւորւած արիւնատար անօթներ ունեցող մարդկանց մօտ նկատւում է սիրտ-անօթային հիւանդութիւնների աւելի բարձր ռիսկ, ուժեղացած բորբոքում եւ կեանքի աւելի կարճ տեւողութիւն։
Հետազօտողների խումբը վերլուծել է աւելի քան 74000 մասնակիցների տւեալները չորս խոշոր կոհորտներից՝ Ծերացման կանադական երկարաժամկէտ ուսումնասիրութիւնը (CLSA), Շաքարախտի աուդիտի եւ հետազօտութեան Թէյսայդի գենետիկայի ուսումնասիրութիւնը (GoDARTS), Մեծ Բրիտանիայի բիոբանկը (UK Biobank) եւ PURE (Prospective Urban Rural Epidemiological) նախագիծը։ Նրանք համատեղել են ակնահատակի նկարները, գենետիկ տւեալները եւ արեան անալիզները։
Հետազօտութիւնը բացայայտել է, որ ցանցաթաղանթի անօթային կառուցւածքի փոփոխութիւնները՝ աւելի քիչ ճիւղաւորւած անօթները, նւազած բարդութիւնը, փոխկապակցւած են մարմնի այլ մասերի անօթների վիճակի հետ։ «Աչքը եզակի, ոչ ինւազիւ տեսք է տալիս դէպի օրգանիզմի շրջանառու համակարգը»,- բացատրում է աւագ հեղինակ, ՄաքՄասթեր համալսարանի պրոֆեսոր Մարի Փիժերը։
Բացի այդ, արեան անալիզը եւ գենետիկան թոյլ են տւել բացայայտել կոնկրետ սպիտակուցներ, օրինակ՝ MMP12-ը եւ IgG–Fc ընկալիչ IIb-ն, որոնք կարող են ներգրաււած լինել անօթային ծերացման եւ բորբոքման գործընթացում։ Հետազօտողները ենթադրում են, որ այս սպիտակուցները պոտենցիալ թիրախներ են ապագայ դեղամիջոցների համար, որոնք ուղղւած են անօթային ծերացման դանդաղեցմանը, սիրտ-անօթային հիւանդութիւնների բեռի նւազեցմանը եւ կեանքի տեւողութեան երկարացմանը։
Հեղինակները նշում են, որ թէեւ այժմ սիրտ-անօթային հիւանդութիւնների եւ ծերացման ռիսկերը գնահատելու համար պահանջւում է մի շարք թեստեր, ապագայում ակնահատակի սքանաւորումը կարող է դառնալ վաղ ախտորոշման արագ եւ մատչելի մեթոդ։ Սակայն գործնական կիրառման համար դեռ անհրաժեշտ են հետագայ հետազօտութիւններ եւ կլինիկական փորձարկումներ։
News.am



