Ինչո՞ւ ենք մենք ի վիճակի աղանդեր ուտել նոյնիսկ չափից շատ ուտելուց յետոյ

Նոյնիսկ կուշտ ուտելուց յետոյ շատ մարդիկ յայտնաբերում են, որ կարող են աղանդեր ուտել։ Այդ երեւոյթը Ճապոնիայում յայտնի է որպէս betsubara՝ «առանձին ստամոքս»։ Չնայած անատոմիապէս առանձին բաժանմունք չկայ, քաղցրաւէնիքի համար տեղ ունենալու զգացողութիւնը բացատրւում է ֆիզիոլոգիական եւ հոգեբանական մեխանիզմների համադրութեամբ,- գրում է The Conversation-ը։
Ստամոքսը կարող է ձգւել եւ յարմարւել։ Սնւելու ընթացքում տեղի է ունենում «ստամոքսային ադոմացիա» (accommodatio, կենսաբանութեան եւ բժշկութեան մէջ եզրոյթ, որը նկարագրում է հիւսւածքի կամ օրգանի յարմարւողականութիւնը փոփոխւող արտաքին պայմաններին-ԽՄԲ.). հարթ մկանները թուլանում են՝ ստեղծելով լրացուցիչ ծաւալ՝ առանց զգալիօրէն մեծացնելու ճնշումը։ Թեթեւ, քաղցր սնունդը, մասնաւորապէս՝ պաղպաղակը կամ մուսը, պահանջում է նւազագոյն մեխանիկական մշակում, ուստի ստամոքսը կարող է աւելի ընդարձակւել՝ ստեղծելով ազատ տարածքի զգացողութիւն։
Աղանդեր ուտելու ցանկութիւնը միաժամանակ ազդում է ուղեղի վրայ։ Կայ նաեւ մի երեւոյթ, որը կոչւում է «հեդոնիկ քաղց»՝ ուտելու ցանկութիւն հաճոյքի համար, այլ ոչ թէ ֆիզիոլոգիական քաղցի պատճառով։ Քաղցր սնունդն ակտիւացնում է դոպամինի պարգեւատրման համակարգը՝ ուժեղացնելով մոտիւացիան եւ ժամանակաւորապէս թուլացնելով հագեցածութեան ազդանշանները։ Բացի դրանից, զգայական-բնորոշ հագեցածութեան ազդեցութիւնը նշանակում է, որ ուղեղն աստիճանաբար կորցնում է հետաքրքրութիւնն արդէն սպառւած սննդի նկատմամբ. նոր համի ներմուծումը վերականգնում է հետաքրքրութիւնը եւ խթանում ախորժակը։
Շաքարաւազը եւ ածխաջրերը արագօրէն դուրս են գալիս ստամոքսից եւ պահանջում են նւազագոյն մարսողութիւն, ինչը նաեւ թեթեւութեան զգացողութիւն է ստեղծում աղանդերի համար: Հագեցածութեան հորմոնները, ներառեալ՝ խոլեցիստոկինինը, GLP-1-ը եւ YY պեպտիդը, գագաթնակէտին են հասնում ուտելուց 20-40 րոպէ անց, ուստի աղանդեր ուտելու որոշումը յաճախ ընդունւում է նախքան այդ ազդանշանների լիարժէք ազդեցութիւնը։
Սոցիալական եւ մշակութային գործօնները եւս կարեւոր են: Աղանդերը աւանդաբար կապւած է տօնակատարութեան, յարմարաւէտութեան եւ պարգեւատրման հետ, ինչը մեծացնում է դրա սպասումը եւ ինչ-որ բան ուտելու ցանկութիւնը: Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ մարդիկ աւելի հակւած են աղանդեր ուտել սոցիալական իրավիճակներում կամ յատուկ միջոցառումների ժամանակ։
Այսպիսով, հիմնական ուտեստից յետոյ աղանդեր ուտելու ունակութիւնը պայմանաւորւած է ստամոքսում եւ ուղեղում ֆիզիոլոգիական գործընթացների համալիրով, ինչպէս նաեւ հոգեբանական եւ մշակութային գործօններով:
News.am



