Այլ

Թոռների խնամքը բարելաւում է մեծահասակների ուղեղի առողջութիւնը

Նոր հետազօտութիւնը պարզել է, որ թոռների խնամքը մեծահասակներին օգնում է պաշտպանւել ճանաչողական ունակութիւնների անկումից։

Տատիկ-պապիկները յաճախ օգնում են թոռներին պատրաստել տնային աշխատանքները, կերակուր են սարքում կամ թոռներին տանում են զբօսայգի եւ դպրոց։

Ամերիկեան հոգեբանական ասոցիացիայի հրապարակած նոր հետազօտութիւնը ցոյց է տւել է, որ այդ պարզ գործողութիւնները եւ թոռների համար կանոնաւոր խնամքը կարող են նպաստաւոր անդրադառնալ տարեց մարդկանց աւելի լաւ խօսքի սահունութեան եւ անցեալի անձնական իրադարձութիւնների յիշելուն օգնող դրւագային յիշողութեան վրայ, գրում է Euronews-ը։ «Մեզ համար ամենաշատն աչքի ընկաւ այն, որ թոռների խնամքի գործողութիւնն ինքնին աւելի կարեւոր է, կարծես, ճանաչողական գործունէութեան համար, քան այն, թէ որքան յաճախ են տատիկ-պապիկները նման օգնութիւն ցուցաբերում կամ ինչ կոնկրետ ինչով են նրանք զբաղւում իրենց թոռների հետ»,- ասում է Նիդեռլանդների Թիլբուրգի համալսարանից հետազօտութիւնը ղեկավարած  Ֆլաւիա Չերեչեշը։

Հետազօտութեանը մասնակցել են 50 տարեկանից բարձր 2887 տատիկ-պապիկ, որոնց միջին տարիքը 67 էր։ Բոլորը ճանաչողական ունակութիւնների առումով առողջ էին եւ հետազօտութեան ընթացքում ինքնուրոյն կեանք էին վարում։

Մասնակիցները 2016-2022 թւականներին երեք անգամ հարցաթերթիկներ եւ ճանաչողական թեստեր են լրացրել։

Նրանց հարցրել են՝ որքան յաճախ են խնամում իրենց թոռներին առանց ծնողների ներկայութեան եւ երբ են նրանք սովորաբար այդ օգնութիւնը տրամադրում (դպրոցական արձակուրդների ժամանակ, հանգստեան օրերին, աշխատանքային օրերին եւ ամբողջ տարւայ ընթացքում)։

Մասնակիցների մօտ 56 տոկոսը նշել է, որ իրենք երեխաներին խնամքի հարցում օգնում են ամբողջ տարւայ ընթացքում։

Հետազօտողները շեշտել են ոչ միայն յաճախականութիւնը, այլեւ գործունէութեան կոնկրետ տեսակները հաշւի առնելու կարեւորութիւնը։ Խաղերին մասնակցելը եւ տնային աշխատանքներին օգնելը, կարծես, կապւած են խօսքի աւելի լաւ սահունութեան եւ դրւագային յիշողութեան հետ։

Տատիկ-պապիկները, որոնք յաճախ էին իրենց երեխաներին դպրոցից վերցնում, նոյնպէս յայտնել են խօսքի աւելի բարձր սահունութեան մասին։

Տատիկներն աւելի յաճախ են հոգ տանում երեխաների մասին, քան պապիկները, եւ դրական ազդեցութիւնը, կարծես, կանանց մօտ աւելի երկար է տեւում։

Տատիկները, որոնք հոգ էին տանում իրենց թոռներին, հետազօտութեան սկզբում աւելի սուր յիշողութիւն եւ աւելի լաւ լեզւական հմտութիւններ ունէին, եւ այդ հմտութիւններն աւելի դանդաղ էին վատանում, քան նրանք, ովքեր դա չէին անում։

Միեւնոյն ժամանակ, տղամարդիկ, ովքեր հոգ էին տանում իրենց թոռներին, նոյնպէս սկսեցին հետազօտութիւնն աւելի լաւ արդիւնքներով, քան նրանք, ովքեր չէին հոգ տանում, սակայն ժամանակի ընթացքում նրանց հմտութիւնները նոյն տեմպերով նւազեցին, ինչ նրանք, ովքեր չէին հոգ տանում։

Հետազօտողները նշել են, որ տատիկները տարբեր կերպ են շփւում իրենց թոռների հետ. նրանք սովորաբար աւելի շատ են ներգրաււած ֆիզիկական եւ յուզական խնամքի մէջ, մինչդեռ պապիկները հիմնականում մասնակցում են զւարճանքի միջոցառումներին։

Հետազօտութեան հեղինակները նշել են նաեւ, որ անհրաժեշտ է հետագայ աշխատանք՝ ընտանեկան համատեքստի եւ այլ գործօնների ազդեցութիւնը հետազօտելու համար։

«Օժանդակ ընտանեկան միջավայրում կամաւոր խնամքը կարող է տարբեր հետեւանքներ ունենալ տատիկ-պապիկների համար, քան աւելի սթրեսային միջավայրում խնամքը, որտեղ նրանք իրենց աջակցութիւն չեն զգում կամ խնամքը որպէս պակաս կամաւոր եւ աւելի շատ բեռ են ընկալում»,- ասում է Չերեչեշը։

 News.am

Related Articles

Back to top button