Մարիա Զախարովա. «Ակնկալում ենք, որ Աղդամի երթուղուն զուգահեռ, կապաշրջափակւի նաեւ Լաչինի միջանցքը»
Ռուսական կողմը հետեւողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղւած Լեռնային Ղարաբաղում ստեղծւած բարդ հումանիտար իրավիճակի կարգաւորմանը։ Այս մասին ասւում է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Զախարովայի մեկնաբանութեան մէջ՝ կապւած Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը ռուսական մարդասիրական օգնութեան հետ։
«Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի կողմից այս տարւայ յուլիսի 25-ին Ադրբեջանի եւ Հայաստանի Արտաքին գործերի նախարարութիւնների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջ քաշած նախաձեռնութեանը համապատասխան, Մոսկւայում, բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով, մշակւել է Լաչինի եւ Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեմա։ Հաշւի առնելով դիրքորոշումների զգալի տարբերութիւնը եւ փոխադարձ անվստահութեան բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել։
Որպէս առաջին քայլ՝ ս. թ. սեպտեմբերի 12-ին. «Ռուսական Կարմիր Խաչ» համառուսաստանեան հասարակական կազմակերպութեան միջոցով տարածաշրջան է հասցւել մարդասիրական օգնութեան խմբաքանակ։ Շուրջ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ եւ անկողնային պարագաներ են նւիրաբերւել օգնութեան կարիք ունեցող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Ակնկալում ենք, որ, հաշւի առնելով նախկինում ձեռք բերւած փոխըմբռնումը, մօտ ապագայում, Աղդամի երթուղուն զուգահեռ, ապաշրջափակւի նաեւ Լաչինի միջանցքը, որից յետոյ երկու ուղղութիւններով էլ կանոնաւոր կերպով հումանիտար օգնութիւն կը հոսի տարածաշրջան։
Յուսով ենք, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կը կայունանայ եւ տեղի բնակչութեան բնականոն գործունէութիւնը կը վերականգնւի։ Սա, իր հերթին, պայմաններ կը ստեղծի Բաքւի եւ Ստեփանակերտի միջեւ երկխօսութիւն սկսելու եւ 2020-2022 թւականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ռիթմիկ աշխատանքը վերսկսելու համար կարգաւորել հայ-ադրբեջանական յարաբերութիւնները»,- ասւում է մեկնաբանութեան մէջ։