Կիպրոս ներխուժած Թուրքիայի մասին յիշեցնող հայ փորձագէտի գրառումը
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Ամերիկաբնակ Հայ վերլուծաբանը վերջերս իր թւիթներից մէկով նախազգուշացրել էր այն մասին, որ Ալիեւի կողմից վերահսկւող լրատւամիջոցներն այժմ խօսում են Հայաստանի վրայ Թուրքիայի ռազմական գործողութեան անհրաժեշտութեան մասին՝ կարգուկանոն վերահաստատելու համար (պահպանելով Փաշինեանի կառավարութիւնը): Նա յաւելել է, որ սա կարող է յիշեցնել նման պատրւակներով 1973 թւականին Կիպրոս ներխուժած Թուրքիայի գործողութիւնը:
Տւեալ գրառումն X-ի իր միկրոբլոգում է տեղադրել Հարի Ստեփանեանը: Փորձագէտն հիմնականում զբաղւում է էներգիայի, ջրային ռեսուրսների, Իրաքի, Թուրքիայի, եւ Արցախի վերաբերեալ թեմաներով: Հարի Ստեփանեանը դեռ վաղուց էր յայտնւել թուրքական քարոզչամեքենայի թիրախում, քանի որ նա համահիմնադիրն է «Իրաքի կլիմայի փոփոխութեան կենտրոն»-ի (IC3+): Կենտրոնը կլիմայի փոփոխութեան ուսումնասիրութիւնների անկախ հարթակ է, որն աշխատում է Իրաքում կլիմայի փոփոխութեան հետեւանքով շրջակայ միջավայրի համար առաջացած մարտահրաւէրների լուծման ուղղութիւններով:
Յիշեցնենք, որ կենտրոնի դէմ պատերազմ էր յայտարարել Անկարան, քանի որ Իրաքի վրայ փակւած գետաջրերի խնդրի մասին բարձրաձայնումը կենտրոնի ուղղութիւններից մէկն էր, ինչը Թուրքիայի ամբարտակաշինութեան «ԳԱՓ» նախագծի արդիւնքներից մէկն է միայն:
Փորձագէտի կարճ գրառում-ակնարկն արժանացել է բուռն մեկնաբանութիւնների, ընդ որում թուրքաբարոյ շնչերանգով՝ հայհոյախառն ու հայութեանն ուղղւած ատելութեան խօսքի դրսեւորումներով: Սակայն կան նաեւ Պաղեստինի դրօշի տարբերանշանով օգտատէրեր, որոնք երկրորդելով փորձագէտին, կարեւորել են նախազգուշացման համար որպէս հիմք ծառայող պատմական փաստերը: Նրանցից մէկն իր թողած մեկնաբանութեան մէջ նշել է. «Իսկապէ՞ս: Երկու դիկտատուրայի երգիծանկար (Էրդողան-Ալիեւ) միասին կարծում են, որ պէտք է կարգուկանոն հաստատել, քանի որ հայերը օգտւում են հիմնարար ժողովրդավարական իրաւունքից, կազմակերպում են ոչ բռնի հանրահաւաքներ, անկախ նրանից, թէ դուք անձամբ համաձայն կը լինէք, թէ՞ ոչ: Դա մի բան է, որ բռնապետերը չեն հասկանայ»:
Թուրքերի թողած մեկնաբանութիւններում նկատելի է միայն հայերին ջարդով ու նոր պատերազմով սպառնալն ու իբր հերթական պատճառներով պատժելը: Մի քանիսն էլ առաջ անցնելով Կիպրոսում Թուրքիայի ներխուժումը համարել են պատմական տարածքների վերադարձ:
Այնուամենայնիւ, անկարեւոր թւացող այս մեկնաբանութիւնների ենթատեքստում ի յայտ են գալիս ձեւաւորւած հանրային կարծիքի այն տեսակը, որի ուղղութեամբ արեւմտեան քարոզչամեքենան է աշխատում, հասարակութիւնները դասակարգելով ռուսամէտի եւ «ժողովրդավարական արժէքներ»-ով առաջնորդւողների:
Նրբութիւնը կայանում է նրանում, որ վերջինիս դէպքում ամէն բան թոյլատրելի է արեւմտեան արժէքները հաստատելու եւ համապատասխան բլակադայում տեսնելու առումով, իսկ իւրաքանչիւր ոչ բռնի համահաւաքներ, որոնք իրականացւում են հիմնարար ժողովրդավարական իրաւունքի հիմունքներով, դատապարտելի են քանի որ պիտակաւորւելու են ռուսամէտ»-ով: Ձեռագիր, որով առաջնորդւում են ե՛ւ թուրքերը, ե՛ւ ուսապարկով հայ իշխանամէտները, ե՛ւ արեւմտեան ԶԼՄ-ների նիւթատեխնիկան համարւող սոցիալական ցանցերի օգտատէրերը:
Վերադառնալով փորձագէտի տեղադրած գրառմանը, արձանագրել է պէտք, որ իրեն «ռազամվարական ակցիաների դիտորդ» անւանանծ օգտատէրը մտեկնաբանութիւնների բաժնում նշել է. « Յիշու՞մ էք, որ Հայաստանն Ամերիկայի հետ համատեղ զօրավարժութիւն անցկացրեց: Հիմա արդէն պարզ է դառնում, որ այդ «մանեւրը» Փաշինեանին պաշտպանելու համար էր՝ ապստամբութիւնների դէմ ուժերի վարժեցման նպատակով, ինչն այսօր ցուցարարների ջարդը տալով տալիս է իր արդիւնքները»: