«ԱԼԻՔ» – «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» համաժողովում ունեցած ելոյթում, ԻԻՀ փոխարտգործնախարարը յայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը պատժամիջոցները վերածել են հնարաւորութիւնների։
Parstoday.ir-ի համաձայն՝ «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» առաջին համաժողովը մեկնարկել է Ռուսաստանի Թաթարստան նահանգի Գազան քաղաքում, մայիսի 14-ին եւ կը տեւի մինչեւ մայիսի 19-ը։
Համաժողովի նպատակն է ամրապնդել Ռուսաստանի եւ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական եւ մշակութային յարաբերութիւնները, ինչպէս նաեւ խթանել դաշնութիւնում իսլամական ֆինանսական համակարգի ինստիտուտների զարգացումը:
«ՏԱՍՍ» գործակալութեան փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, համաժողովում ունեցած ելոյթում, ասել է. «Ռուսաստանին եւ Իրանին յաջողւել է ԱՄՆ պատժամիջոցները վերածել նոր հնարաւորութիւնների ոչ միայն իրենց, այլեւ ողջ տարածաշրջանի համար»։
Նա նշել է. «ԱՄՆ-ը շարունակում է անօրինական պատժամիջոցներ կիրառել տարածաշրջանի երկրների, յատկապէս՝ Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ։ Սակայն երկու երկրների ղեկավարների որդեգրած ճիշտ քաղաքականութեան արդիւնքում, պատժամիջոցները հնարաւորութիւնների են վերածւել ոչ միայն Իրանի ու Ռուսաստանի, այլ նաեւ միւս երկրների համար։
Բաղերի Քանին ասել է. «Տարածաշրջանում խաղաղութեան հաստատումն անհնար է առանց սերտ տնտեսական կապերի, եւ Մոսկւան ու Թեհրանը կը շարունակեն ամրապնդել յարաբերութիւնները»։