Արթուր Խաչատրեան. «Գնում ենք տոտալ կործանման, Հայաստանը կարող է բաժանւել 3 մասի»
2019 թւականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է, եւ վերջ» բղաւած Նիկոլ Փաշինեանը 2023 թւականի սեպտեմբերի 28-ի Կառավարութեան նիստում յայտարարեց.
«Վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ առաջիկայ օրերին ԼՂ-ում այլեւս հայ չի մնայ։ Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է, եւ այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրութեանը»։
«168 TV»-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը, խօսելով Փաշինեանի 5 տարւայ գործունէութեան եւ այսօրւայ հնչեցրած յայտարարութեան մասին՝ նշեց՝ այսօրւայ յայտարարութիւնը հետեւանքն է նրա գործունէութեան, իսկ գործունէութիւնը՝ նրա այն համոզման, որ Արցախը բեռ է, եւ պէտք է ազատւել այդ բեռից։
«Ինքն ու իր թիմը գաղափարապէս համոզւած են, որ Արցախը Հայաստանի վրայ բեռ է, պէտք է ազատւել, իսկ Հայաստանի 3-րդ Հանրապետութիւնը կառուցւել է սխալ հիմքի վրայ։ Հիմա Փաշինեանը հասաւ իր այդ նպատակին. նա Արցախից ազատւեց այն պահին, երբ Պրագայում յայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում է՝ որպէս Ադրբեջանի մաս։ Փաշինեանը պաշտօնապէս հրաժարւեց Արցախից, իսկ Ադրբեջանը, դա համարելով քարտ-բլանշ, յարձակւեց Արցախի վրայ։ Արցախի կապիտուլիացիան ստորագրւել է ոչ թէ հիմա, այլ՝ նոյեմբերի 9-ին»,- ասաց Խաչատրեանը՝ յաւելելով, որ հայ-ռուսական ծայրայեղ վատ յարաբերութիւնների ֆոնին Հայաստանը տոտալ կործանման եզրին է կանգնած։
«Գնում ենք դէպի տոտալ կործանման։ Ռուսաստանի պահւածքը՝ Հռոմի ստատուտով պայմանաւորւած, հասկանալի է, Հայաստանի կողմից թշնամական վերաբերմունքը՝ տեսանելի է, միւս հարեւան Իրանը Սիւնիքին սպառնացող վտանգի դէպքում, պարզ է՝ Իրանը չի վարանի, քայլեր կը ձեռնարկի, իսկ սա նշանակում է, որ այս իշխանութեան վարած քաղաքականութեան հետեւանքով Հայաստանը կարող է տրոհւել երեք մասի»,- ասաց Խաչատրեանը։