Աջակցելով Փաշինեանին՝ Էրդողանը նոր պահանջներ է դնում նրա առջեւ
Թուրքիայի իշխանութիւնները ՀՀ իշխանութիւնից նոր թրքամէտ քայլեր են ակնկալում։ «Հայաստանը պէտք է գիտակցի, որ «իր ապագան կապւած է տարածաշրջանի երկրների հետ», եւ առաջին հերթին պէտք է ձերբազատւի երրորդ երկրների եւ արտերկրի հայկական սփիւռքի վատ ազդեցութիւնից»,- Իզմիրում՝ EFES-2024 բազմազգ զօրավարժութիւնների շրջանակներում «Բարձրաստիճան դիտորդի օր» կոչւող միջոցառման ժամանակ յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա ընդգծել է, որ «Ղարաբաղի ազատագրումից» յետոյ տարածաշրջանում ձեւաւորւել է «կայուն խաղաղութիւն հաստատելու իսկապէս պատմական հնարաւորութիւն»։
«Այս հնարաւորութիւնը չպէտք է բաց թողնել։ Հայաստանը պէտք է ձերբազատւի արտերկրում երրորդ երկրների եւ իր սփիւռքի վնասակար ազդեցութիւնից, դա էլ աւելի կը մօտեցնի խաղաղութեանն {Ադրբեջանի հետ}: Բացի այդ, հայ ժողովուրդը պէտք է գիտակցի, որ ապագան կապւած է տարածաշրջանի երկրների հետ, հարեւանների հետ, որոնց հետ գոյատեւել է դարեր շարունակ եւ շարունակելու է գոյակցել ապագայում։ Հայաստանը նաեւ պէտք է քաջութիւն ունենայ՝ անելու ամէն ինչ այդ նպատակներին հասնելու համար»,- նշել է Էրդողանը։
Ուշագրաւ է նաեւ այն հանգամանքը, որ Էրդողանի այս հռետորաբանութիւնը, ինչպէս ակնկալում են հայ արեւմտամէտները, չի վերանում անգամ այն ժամանակ, երբ ռեգիոնալ զարգացումներով հետաքրքւում է ԱՄՆ-ը եւ հայ արեւմտամէտների ակնկալիքների համաձայն, ԱՄՆ-ը զսպելու էր Թուրքիային։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս Պրահայում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտօնական հանդիպման շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի տւեալներով՝ կողմերը քննարկել են նաեւ Հարաւային Կովկասում խաղաղութեան պահպանման հնարաւորութիւնը։
«Քարտուղար Բլինքենը եւ արտաքին գործերի նախարար Ֆիդանը քննարկեցին Գազայում հրադադարի հասնելու ջանքերը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը, ինչպէս նաեւ Գազային մարդասիրական օգնութեան մեծացման եւ տարածաշրջանային անկայունութիւնը կանխելու կարեւորութիւնը: Քննարկւել են նաեւ կովկասեան տարածաշրջանում խաղաղութեանն ու բարգաւաճմանն աջակցելու հնարաւորութիւնները»,- ասւած էր հաղորդագրութիւնում։
Բլինքէնը հանդիպման մասին գրառում էր կատարել նաեւ X-ի իր միկրոբլոգում: «Այսօր ես Պրահայում հանդիպեցի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Գազայի հատւածին մարդասիրական օգնութեան աւելացման կարեւորութիւնը եւ Կովկասում խաղաղութեանն ու բարգաւաճմանն աջակցելու ուղիները»,- ասել էր ԱՄՆ պետքարտուղարը:
Չնայած այն հանգամանքին, որ 44-օրեայ պատերազմից յետոյ ՀՀ իշխանութիւնները սկսել են ակտիւ քայլեր Թուրքիային ընդառաջ, սկսեցին բանակցութիւններ յատուկ բանակցողների մասնակցութեամբ, ինչ-ինչ հարցեր բանակցեցին այդ ձեւաչափում, ՀՀ-ն հրաժարւեց Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, պահանջատիրութեան գործընթացից, «լուծւեց» նաեւ Թուրքիայի նախապայմանը՝ Արցախի հարցն ի օգուտ Ադրբեջանի, Փաշինեանը մասնակցեց Էրդողանի երդմնակալութեան արարողութեանը, Թուրքիայում երկրաշարժի առաջացրած հումանիտար աղէտի ֆոնին ՀՀ-ն հումանիտար օգնութիւն ուղարկեց Թուրքիա, ՀՀ ԱԳ նախարարը մեկնեց Թուրքիա, սակայն թուրք իշխանութիւնները Հայաստանին ընդառաջ որեւէ քայլ չեն կատարում, իսկ գլխաւորը՝ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ։ Այս ամենից յետոյ Թուրքիայի նախագահը սկսում է նոր պայմաններ թելադրել ՀՀ իշխանութիւններին։
168․am-ի հետ զրոյցում ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին ասաց, որ հայ-թուրքական՝ Փաշինեան-Էրդողան առաջին շփումներից՝ հեռախօսազանգ-հանդիպումներից պարզ դարձաւ, որ սա հաւասարազօր երկրների յարաբերութիւններ չեն, կամ գոնէ թուրքական կողմը դա այդպէս չի ընկալում, իսկ ՀՀ իշխանութիւններն այդ տրամաբանութեամբ են գործում, բազմաթիւ միակողմանի քայլեր են անում, սակայն դեռ իրենց գլխաւոր պահանջն իրականացւած չէ։
«Ես մշտապէս ասել եմ, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելը, յատկապէս՝ պատերազմից յետոյ, որեւէ արդարացում չունի։ Պարզ է, որ սահման չբացողը, այն սակարկման թեմա դարձնողն ու անվերջ դրա դիմաց պայմաններ օրակարգ բերողը թուրքական կողմն է։ Սա շատ նման է այն ոճին, որով առաջնորդւում է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը՝ չանելով Հայաստանին ընդառաջ որեւէ քայլ, փուլ առ փուլ ՀՀ-ից զիջումներ է կորզում։ Ներկայումս ստացւում է, որ, աջակցելով Փաշինեանի իշխանութեանը, նրանց առջեւ նոր պայմաններ է դնում։
Սա չափազանց ուշագրաւ իրավիճակ է, որն արտացոլում է յարաբերութիւնների արատաւոր բնոյթը, որը զուրկ է յարաբերութիւնների տարրական կանոններից։ Ընկալումն այն է, որ յարաբերւում են թելադրանքի, պահանջատիրութեան դիրքերից այն դէպքում, երբ Հայաստանի կողմից բոլոր քայլերն արւել են, սակայն այդ պահանջներն անընդհատ փոխւում են։ Ուստի հիմա էլ ցանկանում են հայ-թուրքական սահմանի բացման հարցով ճնշել եւ կառավարել ՀՀ արտաքին յարաբերութիւնները։
Այստեղ, թերեւս, խօսքն ամենայն հաւանականութեամբ Արեւմուտքի եւ Սփիւռքի մասին է, որից անջատ ՀՀ-ն չի էլ կարող լինել»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, ուշագրաւ փաստ է նաեւ այն, որ Թուրքիան մշտապէս է պայքարել Հայկական Սփիւռքի դէմ, եւ դա միակ հարցն է, որտեղ Թուրքիան չի կարողանում որեւէ առաջընթաց ապահովել, քանի որ Սփիւռքը բաւականին կայացած, համակարգւած ու ՀՀ-ի հետ ամուր կապեր ունեցող երեւոյթ է։
«Արտաքին քաղաքականութիւնը, իշխանութիւնները, իշխանութեան քաղաքականութիւնը կարող է փոխւել, Սփյուռքի ազդեցութիւնը կարող է փոքր-ինչ նւազել, սակայն չի կարող տեղի ունենալ այն, ինչի համար Թուրքիայում պայքարում են ամենաբարձր մակարդակով։ Ու սա հետաքրքիր ուսումնասիրութեան նիւթ է»,- արձանագրեց վերլուծաբանը։
Նադէին-Ռայեւսկին ասաց, որ Էրդողանի նմանատիպ որակումները թոյլ են տալիս պնդել, որ հայ-թուրքական սահմանի բացման հեռանկար անգամ չկայ։
«Սա այն հարցն է, որտեղ Թուրքիան առեւտուր է իրականացնում, բանակցում իր բոլոր պահանջները, որոնք անվերջ են։ Սակայն մենք այդ մասին խօսում ենք տարիներ շարունակ, սա նոր երեւոյթ չէ։ Իրավիճակն ի սկզբանէ ճիշտ պատկերացնելու դէպքում գուցէ արդիւնքներն այլ լինէին։ Սակայն հիմա իրավիճակն աւելի բարդ է, ճնշումների մակարդակն է՛լ աւելի է խորացել, հռետորաբանութիւնն էլ աւելի մեղմ չի դարձել, խաղաղութեան համար Թուրքիային ոչինչ չի խանգարում, սակայն ակնկալիքները մշտապէս լինելու են Հայաստանից։ Սա է իրավիճակը, եթէ ամփոփենք, ապա սա պահանջների, պայմանների հերթական չափաբաժինն է ՀՀ իշխանութիւններին»,- ասաց վերլուծաբանը։