ՄիջազգայինՔաղաքական

ԵՄ-ն դժգոհ է Օրբանի՝ օկուպացւած Շուշիում ԹՊԿ գագաթնաժողովին մասնակցութիւնից

«ԱԼԻՔ» – Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի երկիրը ներկայումս նախագահում է ԵՄ-ում, դժգոհութեան նոր ալիք է առաջացրել Բրիւսէլում՝ օկուպացւած Շուշիում Թուրքական պետութիւնների կազմակերպութեան ոչ պաշտօնական գագաթնաժողովին իր չհամաձայնեցւած մասնակցութեամբ: Հաղորդում է Tert.am-ը՝ Deutsche Welle-ին յղումով:

Աղբիւրը նշում է, որ այս մասին յայտարարել է ԵՄ արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզէպ Բորէլը:

Նշւել է, որ Օրբանի մասնակցութիւնը գագաթնաժողովին տեղի է ունեցել բացառապէս Հունգարիայի եւ այս կազմակերպութեան միջեւ երկկողմ յարաբերութիւնների շրջանակում: Բորէլի յայտարարութեան մէջ ընդգծւում է, որ Հունգարիան ԵՄ-ից մանդատ չի ստացել Թուրքական պետութիւնների կազմակերպութեան հետ յարաբերութիւնները խթանելու համար։

«Վարչապետ Վիկտոր Օրբանը Եւրոխորհրդից մանդատ չի ստացել  ներկայացնելու այն Թուրքական պետութիւնների կազմակերպութեան գագաթնաժողովում»,- գրել է Բորէլը։

Նշենք, որ յուլիսի 5-6-ը օկուպացւած Արցախի Հանրապետութեան Շուշիում կայացել է ԹՊԿ ոչ պաշտօնական գագաթնաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հունգարիայի ղեկավարները։

Հանդիպմանը հրաւիրւած էր նաեւ Հիւսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութեան նախագահ Էրսին Թաթարը։ Թուրքիան գագաթնաժողովին ներկայացնում էր փոխնախագահ Ջեւդեթ Եըլմազը։

Related Articles

Back to top button