Գիտական համաժողով՝ «Միջանցքների պատերազմը ձեւաւորւող նոր աշխարհակարգում» թեմայով
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Օրերս Թեհրանի «Շահիդ Մահալաթի» համալսարանի «Մշակոյթ եւ հաղորդակցութիւն» ֆակուլտետում կայացել է «Միջանցքների պատերազմը ձեւաւորւող նոր աշխարհակարգում» թեմայով գիտաժողով:
Միջազգային յարաբերութիւնների հետազօտող եւ վերլուծաբան դոկտ. Շոայբ Բահմանն այս հանդիպման ժամանակ անդրադարձել է աշխարհաքաղաքական ընկալումներում միջանցքի նոր տեսութեան հարցում Իրանի մօտեցումներին եւ ունեցած դիրքորոշմանը, ինչպէս նաեւ տարածաշրջանում իրականացման փուլում գտնւող միջանցքների հարցին, այդ թւում՝ «Չինաստանի թիւ մէկ ճանապարհային միջանցք»-ը, «Lapis Lazuli միջանցք»-ը (Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տարանցիկ միջանցքի ծրագիր), «Արաբա-Միջերկրական միջանցք»-ը, «Հիւսիս-Հարաւ միջանցք»-ը, «Զարգացման ճանապարհային միջանցք»-ը(Iraq Development Road), «Դիմադրութեան միջանցք»-ը, (Դիմադրութեան ճակատային երկրների տարանցիկ միջանցք) եւ «Զանգեզուրի միջանցք»-ը:
Անդրադառնալով վերջին տարիններին Իրանի ԱԳ նախարարութեան կողմից մասամբ անտեսւած խնդիրներին, այդ թւում միջանցքների նախագծման ոլորտում, փորձագէտը արձանագրել է, որ միջազգային զարգացումների մասին «ընդհանուր պատկերի» բացակայութեան պատճառով Իրանը չկարողացաւ ռազմավարական դեր ունենալ միջանցքների եւ առհասարակ տարանցման ոլորտում։ Սրա պատճառն է դարձել այն, որ Իրանի ներսում չկայ կոդաւորւած մակրօ-ռազմավարական ծրագիր միջանցքների հարցում նախագիծ առաջ տանելու համար: «Միւս կողմից հարեւաններն առիթը բաց չթողնելով օգտագործում են պահը եւ բացը լրացնելով առաջ մղում իրենց ծրագրերն ու աշխարհաքաղաքական հնարաւորութիւնները»,- յաւելել է դոկտ. Բահմանը։
Դոկտ. Բահմանը անհրաժեշտութիւն է համարել Իրանի տարանցիկ միջանցքների քաղականութեան հարցում վերանայման, յատկապէս, տնտեսական միջանցքների ոլորտում լայնածաւալ նախագծերի իրականացման հարցում կամքի դրսեւորման հարցը, ինչը փորձագէտի համոզմամբ՝ պէտք է լրջօրէն ներառւի արտաքին քաղաքականութեան ոլորտին առնչւող կառոյցների օրակարգում։
Տարածաշրջանի երկրների կողմից Իրանի աշխարհաքաղաքական դերակատարութեան անտեսման վտանգների մասին դոկտ. Բահմանը նշել է. «Ներքին առումով խոշոր նախագծերի իրականացման կամքի բացակայութիւնը բերել է նրան, որ այսօր այլ երկրներն այդ բացն առիթ են դարձրել որպէս այլընտրանքային ճանապարհ հանդէս գալու: Թէեւ Իրանի աշխարհաքաղաքական դիրքը շատ ոլորտներում գերազանցում է իր հարեւաններին, սակայն ենթակառուցւածքներում ուշադրութեան եւ ներդրումների բացակայութիւնը հնարաւորութիւն է տւել խաղացողներին մտածել այլընտրանքային ուղիների մասին»:
Դոկտ. Բահմանը յիշեցնելով, որ նշւածը կարևոր է, յատկապէս, այն առումով, որ միջազգային տնտեսութիւնը երբեք չի սպասում որեւէ երկրի եւ անհրաժեշտութեան դէպքում կարող է անմիջապէս շրջանցել խոչընդոտները եւ «Հիւսիս-Հարաւ» միջանցքի կառուցման ուշացումը օրինակ բերելով, յաւելել է. «Եթէ Իրանը արդէն 20 տարի է, ինչ ձգձգում է «Հիւսիս-Հարաւ» նախագիծն աւարտին հասցնել, ապա պէտք է սպասել այլընտրանքային միջանցքների ստեղծմանը։ Միւս կողմից, եթէ Իրանը ռազմավարական որոշում չկայացնի՝ մասնակցելու Չինաստանի «Շրջանցող գօտի եւ մայրուղի» նախաձեռնութեանը, ապա հարեւաններն են լրացնելու այդ բացն իրենց կարողութիւններով»:
Փորձագէտն ապա նշել է, որ Իրանի հարեւան երկրները աշխարհագրութիւնն ու աշխարհաքաղաքական դիրքը կարող է նման չլինել Իրանի հնարաւորութիւններին, կամ կարող է պատճառ դառնալ, որ երթուղիները աւելի երկար լինեն, նոյնիսկ, եթէ տնտեսական արդիւնաւէտութիւնը Իրանի երթուղու համեմատ շահաւէտ չլինի։
«Փաստ է, որ միջազգային տնտեսութիւնը չի յապաղի ու կը գտնի իր ճանապարհը»,- եզրափակել փորձագէտը։