Արա Պօղոսեան. «ՀՀ-Իրան ռազմաքաղաքական դաշինքի հնարաւորութիւններն ու հաւանական մարտահրաւէրները»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձ է կատարել ՀՀ-Իրան ռազմաքաղաքական դաշինքին, դրա հնարաւորութիւններին ու հնարաւոր մարտահրաւէրներին.
«ՀՀ–Իրան ռազմաքաղաքական դաշինքի հնարաւորութիւններն ու հաւանական մարտահրաւէրները
Քանի որ իրանական փորձագիտական շրջանակները ակտիւօրէն քննարկում են Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցութեան հարցը, կարծում եմ տեղին է հարցի մասին որոշակի պարզաբանումներ տալը։
Հայաստան-Իրան ռազմա-քաղաքական դաշինքը Հայաստանի Հանրապետութեան համար ունի կենսական նշանակութիւն ռեգիոնալ անվտանգային ճարտարապետութեան համատեքստում։
Սակայն այս դէպքում եւս պէտք է խօսենք դրանից եկող եւ մարտահրաւէրների եւ հնարաւորութիւնների մասին։ «Խելացի պետութիւն»-ը (Smart state) նախ նժարին կը դնի հնարաւորութիւնները եւ մարտահրաւէրները, այնուհետեւ կը մշակի մարտահրաւէրների կառավարման եւ չէզոքացման ծրագիրը, իսկ այնուհետեւ կը մշակի հնարաւորութիւններն ամբողջովին օգտագործելու ռազմավարական ծրագիր։
Մարտահրաւէրների առաջին խումբը թերեւս Իրան-Արեւմուտք, Իրան-ԱՄՆ հակասութիւններն են (Իրան-Իսրայէլ բաց հակամարտութիւնը), այդ հակասութիւնների մէջ Իրանի նկատմամբ կիրառւած սանկցիաներն են, ինչպէս նաեւ դեռեւս պահպանւող մեծ պատերազմի հաւանականութիւնը։
Միւսը Իրանի էներգետիկ ռեսուրսների դէպի Եւրոպա տարանցման հարցն է, որտեղ հաւանական տարանցման երկիր կարող է լինել Թուրքիան, իր տարածքում հնարաւոր ստեղծւելիք միջազգային գազային հաբը կարող է լինել, ինչը կարող է Իրանի համար Թուրքիայի հետ յարաբերութիւնների տաքացման հաւանականութիւն ստեղծել, թէպէտ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ նոր գազային պայմանագիրը կարող է հէնց Իրանին դարձնել տարածաշրջանային գազային հաբ։ Թուրքիա-Իրան յարաբերութիւնների հնարաւոր կարգաւորումը, որը միջնաժամկետ հեռանկարում կարող է նաեւ հայելային անդրադարձ ունենալ Ադրբեջան-Իրան յարաբերութիւնների վրայ, Հայաստանի համար կարող է ստեղծել նոր մարտահրաւէրներ։
Խօսելով հնարաւորութիւնների մասին, առաջինը պէտք է նկատի ունենալ ռազմատեխնիկական համագործակցութիւնը, որը կարճաժամկէտ հեռանկարում Հայաստանի համար կարող է նոր անվտանգային ճարտարապետութեան հիմնական սիւներից մէկը լինել։ Այս հնարաւորութիւնը օգտագործելուց առաւելագոյն օգուտ ստանալու համար պէտք է ռազմատեխնիկական համագործակցութիւնը լինի ո՛չ թէ զուտ սպառողական, այլեւ համատեղ ռազմական ձեռնարկութիւնների հիմնադրմամբ։ Յատկապէս կարեւոր ուղղութիւններից են հրթիռաշինութիւնը, ՀՕՊ միջոցների, ԱԹՍ-ների համատեղ մշակումներն ու արտադրութիւնը եւ այլն։
Հնարաւորութիւնների յաջորդ բլոկը ընդգրկում է ռեգիոնալ անվտանգային եւ քաղաքական ճարտարապետութեան մասնիկը կամ որ աւելի ճիշտ է ակտորը դառնալու հնարաւորութիւնն է։ Իրանա-չինական ռազմավարական համագործակցութեան համատեքստում Հայաստանը Իրանի միջոցով կարող է մասնակցել նոր եռակողմ ձեւաչափի ձեւաւորմանը, որը կը բարձրացնի ինչպէս ՀՀ-ում ներդրումների ծաւալները, այնպէս էլ անվտանգային միջավայրի ստաբիլացման մակարդակը։
Իրանի հետ ռազմա-քաղաքական դաշինքը կարող է նաեւ յաջորդ ռեգիոնալ համագործակցութեան եռակողմ հարթակը ձեւաւորել՝ Իրան-Հայաստան-Հնդկաստան։
Միեւնոյն ժամանակ, խօսելով այն մասին, որ այս պահին Հայաստանը հնարաւորութիւն չունի աշխարհաքաղաքական բախման կենտրոնի վերածւելու, եւ որ դա կարող է Հայաստանի համար կործանարար հետեւանքներ ունենալ, ապա այս ռազմաքաղաքական համագործակցութեան հարթակները առնւազն կարճաժամկէտ հեռանկարում պէտք է յայտարարւեն որպէս զուտ ռեգիոնալ համագործակցութեան ձեւաչափեր յանուն Հայաստանի անվտանգութեան։
Այսպիսով՝ անվտանգութեան բազմակողմ համակարգի կառուցմամբ Հայաստանը կը կարողանայ դիւերսիֆիկացնել իր անվտանգութեան միջոցները, կը կարողանայ ստեղծել ռազմական մատակարարումների բազմակողմ հարթակ, որը իր հետ կը բերի նաեւ նոր կոմունիկացիոն ուղիներ։
Հայաստան-Իրան-Հնդկաստան ռազմավարական համագործակցութեան օգտին է խօսում նաեւ իրանա-հնդկական նախաձեռնութիւնը՝ Չաբահար նաւահանգստի միջոցով նոր լոգիստիկ ուղի, որին հրաւիրւած է մասնակցելու նաեւ Հայաստանը։ Աւելին՝ առաջիկայում նախատեսւում է հանդիպում Հայաստանի, Իրանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչների միջեւ։
Միեւնոյն ժամանակ համագործակցութեան այս հարթակները՝ որպէս ռազմավարական ամբողջութիւն, պէտք է առնւազն հրապարակային խօսքում չհակադրւեն ո՛չ ԱՄՆ եւ ո՛չ էլ ՌԴ աշխարհաքաղաքական յաւակնութիւններին, ասել է թէ մնան որպէս տարածաշրջանային խնդիրների լուծման հարթակ։
Խնդրի լուծման համար միաժամանակ երկու ձեւաչափերը կը հաւասարակշռեն թէ՛ ՌԴ-ի, եւ թէ՛ ԱՄՆ-ի «խանդի» դրսեւորումները։ Մասնաւորապէս Հնդկաստանը ԱՄՆ-ի լաւագոյն դաշնակիցն է Հարաւային Ասիայում, իսկ Չինաստանն ու Իրանը՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկերներն են։
Այսքանը հպանցիկ՝ մարտահրաւէրների եւ հնարաւորութիւնների մասին»,- գրել է նա: