Արման Թաթոյեան. «Սադրիչ Փաշինեանը բացայայտ յանցագործութեան կոչեր է անում ՀԱԵ-ի նկատմամբ՝ հաւաքագրելով յանցակիցների»

«ԱԼԻՔ» – «Քաղաքացիական բախումներ հրահրելու գործում փորձառու գործադիր իշխանութեան ղեկավարը բացայայտ յանցագործութեան կոչեր է անում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ հաւաքագրելով յանցակիցների»։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտարարել է ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը:
«Ստեղծում են կեղծ օրակարգեր ու շեղում մարդկանց իրական անվտանգային խնդիրներից:
Երկրի կառավարումը տապալած, հանրային համերաշխութիւնը խաթարած, ատելութեան ու բռնութեան կոչեր անող իշխանութեան ղեկավարը, ով նաեւ բացայայտ պրոպագանդում է ադրբեջանական ու թուրքական իշխանութիւնների թէզերը եւ պայքարում ազգային ինքնութեան դէմ, վաղուց դուրս է եկել իր լիազօրութիւններից: Հասարակութիւնը նպատակային պահում է քաոսի եւ լարւածութեան մէջ, ռադիկալացնում եւ բեւեռացնում, որպէսզի մանիպուլիացիաների հարցում յաջողեն: Սրանք արդէն քրէական պատժի ենթակայ արարքներ են»,- ասել է նա։