Հարիւրաւոր քաղաքացիներ «Զւարթնոց» օդանաւակայանում դիմաւորել են Հայոց Վեհափառին

«ԱԼԻՔ» – Երէկ՝ ուշ երեկոյեան, հարիւրաւոր քաղաքացիներ «Զւարթնոց» օդանաւակայանում՝ դիմաւորել են Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին եւ իրենց զօրակցութիւնն են յայտնել նրան։
News.am-ի փոխանցմամբ, «Զւարթնոց» օդանաւակայան տանող ճանապարհին ոստիկանական ուժերի աւտոբուսներ են տեղակայւած եղել, իսկ օդանաւակայանի տարածքում ոստիկաններն ուժեղացւած ծառայութիւն են իրականացրել։
Նշենք, որ երէկ՝ յունիսի 10-ին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը կոչ էր արել «Զւարթնոց» օդանաւակայանում դիմաւորել Վեհապառ Հայրապետին։
«Հայ Առաքելական Եկեղեցին ունի աւելի շատ պաշտպաններ, քան որեւէ մէկը կարող է պատկերացնել։
Սիրելի՛ հայրենակիցներ, այս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երեւան։ Ուստի Հայ առաքելական եկեղեցուն մեր զօրակցութիւնը ցոյց տալու համար կոչ եմ անում այս գիշեր ժամը 00:00-ին լինել «Զւարթնոց» օդանավակայանի VIP սրահի մօտ՝ դիմաւորելու Վեհափառ Հայրապետին»,- գրել էր նա իր ֆէյսբուքեան էջում:
Յիշեցնենք, որ երէկ Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող անձը հերթական անգամ եկեղեցուն ու Վեհափառին թիրախաւորող գրառում էր կատարել, քաղաքացիներին կոչ անելով քայլեր ձեռնարկել կաթողիկոսական նոր ընտրութիւններ կազմակերպելու ուղղութեամբ։
Գրառումը, նրա անցեալ նմանատիպ գրառումների պէս, զայրոյթ է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Իրաւապաշտպաններն էլ Փաշինեանի այս եւ վերջին շրջանի միւս գրառումներն ու Հայոց եկեղեցու դէմ գործընթացները սահմանադրական կարգի տապալման նախապատրաստութիւն են համարում։