ԻրանՄիջազգայինՔաղաքական

Հանրապետութեան նախագահը՝ Գերմանիայի կանցլերին. «Մենք ցանկանում ենք զարգացնել յարաբերութիւնները եւրոպական երկրների հետ՝ հիմնւած բարեկամութեան եւ փոխադարձ յարգանքի վրայ»

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ օգոստոսի 12-ին հեռախօսազրոյցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քէյր Ստարմերի եւ Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրօ Պարոլինի հետ:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախօսազրոյցի ժամանակ, Հանրապետութեան նախագահն ընդգծելով Իրանի եւ եւրոպական երկրների միջեւ յարաբերութիւնների բարելաւման խոչընդոտները վերացնելու անհրաժեշտութիւնը՝ նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ցանկանում է զարգացնել յարաբերութիւնները եւրոպական բոլոր երկրների, այդ թւում՝ Գերմանիայի հետ՝ հիմնւած բարեկամութեան, փոխվստահութեան եւ փոխադարձ յարգանքի վրայ»:

Նախագահ Փեզեշքիանը տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան պահպանումն ու խթանումը համարել է Իրանի Իսլամական Հանրապետութեան առանցքային քաղաքականութիւնը: Նա նշել է, որ Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների եւ ցեղասպանութեան շարունակութիւնը Գազայի հատւածում, ինչպէս նաեւ ահաբեկչական գործողութիւններն այլ երկրների տարածքում, տարածաշրջանի անվտանգութիւնը եւ համաշխարհային խաղաղութիւնը լուրջ մարտահրաւէրների եւ ճգնաժամի դէմ-յանդիման է կանգնեցրել: Ըստ նրա՝ միջազգային հանրութիւնն ակնկալում է, որ եւրոպական երկրները, մասնաւորապէս Գերմանիան, այս ռեժիմին աջակցելու փոխարէն, պէտք է արդիւնաւէտ քայլեր ձեռնարկեն Գազայում յանցագործութիւնները եւ ցեղասպանութիւնը կասեցնելու համար:

Կանցլեր Շոլցն էլ իր հերթին շնորհաւորելով Փեզեշքիանին Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ, ընդգծել է իր երկրի պատրաստակամութիւնն ու շահագրգռւածութիւնը բոլոր ոլորտներում Իրանի հետ յարաբերութիւնները բարելաւելու հարցում։

Նա նաեւ ընդգծել է տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատումը Մերձաւոր Արեւելքում եւ աշխարհում որպէս Գերմանիայի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից մէկը, եւ կարեւորել է Գազայում պատերազմի եւ բռնութեան անյապաղ դադարեցման եւ հրադադարի ռեժիմի հաստատման անհրաժեշտութիւնը։

Վարչապետ Ստարմերը կոչ է արել նւազեցնել լարւածութիւնը տարածաշրջանում

Երէկ՝ երեկոյեան, Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենեակը տեղեկացրել է Քէյր Ստարմերի եւ Մասուդ Փեզեշքիանի միջեւ կայացած հեռախօսազրոյցի մասին:

Ըստ հրապարակւած հաղորդագրութեան՝ կողմերը քննարկել են Մերձաւոր Արեւելքում ծաւալւող իրադարձութիւնները:

«Վարչապետն ասել է, որ խորապէս մտահոգւած է տարածաշրջանում տիրող իրավիճակով եւ բոլոր կողմերին կոչ է արել նւազեցնել լարւածութիւնը եւ զերծ մնալ տարածաշրջանում հետագայ առճակատումից։

Ստարմերը նաեւ ասել է, որ սխալ հաշւարկների վտանգը լուրջ է, եւ հիմա սառը դատողութեան եւ սթափ մտածելու ժամանակն է։

Նա Իրանին խնդրել է զերծ մնալ Իսրայէլի վրայ յարձակումից եւ յաւելել է, որ պատերազմը ոչ մէկին ձեռնտու չէ»,- ասւած է Մեծ Բրաիտանիայի վարչապետի հրապարակած հաղորդագրութեան մէջ:

Նախագահը Վատիկանին կոչ է արել աւելի ակտիւ դերակատարութիւն ստանձնել

Նախագահը նաեւ հեռախօսազրոյց է ունեցել Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրօ Պարոլինի հետ:

Փեզեշքիանը նշել է, որ ԱՄՆ-ը եւ որոշ արեւմտեան երկրներ իրենց անտարբերութեամբ եւ աջակցութեամբ խրախուսում են Իսրայէլի ռեժիմին շարունակել իր յանցագործութիւնները։

Բարձր գնահատելով Վատիկանի դիրքորոշումը համաշխարհային խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան ապահովման հարցում՝ նա Վատիկանին կոչ է արել էլ աւելի ակտիւ դերակատարութիւն ստանձնել Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները Գազայում անյապաղ դադարեցնելու համար:

Նախագահը յիշեցրել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբիւրոյի ղեկավար Իսմայիլ Հանիէի սպանութիւնը՝ ընդգծելով, որ Իրանն իրեն իրաւունք է վերապահում ագրեսորին պատժելու միջազգային իրաւունքին համապատասխան։

Վատիկանի պաշտօնական ներկայացուցիչն իր հերթին շնորհաւորել է Փեզեշքիանին նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ, եւ ընդգծել Իրանի եւ Վատիկանի միջեւ կապերի ընդլայնման հետաքրքրութիւնը։ Պարոլինը միաժամանակ ընդգծել է Գազայում խաղաղ բնակիչների սպանդի անյապաղ դադարեցման անհրաժեշտութիւնը՝ կոչ անելով անյապաղ դադարեցնել կրակը տարածաշրջանում։

Related Articles

Back to top button