Բագրատ Սրբազանը՝ երիտասարդներին. «Ձեր միջոցով է, որ հոգեւոր Հայաստանը յաղթելու է»
«ԱԼԻՔ» – Երիտասարդների միջազգային օրւայ առիթով, երէկ՝ օգոստոսի 12-ին, Սրբազան պայքարի նախաձեռնութեամբ Երեւանի «Մեսրոպ Մաշտոցի» անւան մատենադարանի մօտից երթ էր կազմակերպւել դէպի Սուրբ Աննա եկեղեցի:
Երթին մասինակից երիտասարդներն անցել են Երեւանի կենտրոնի շրջանի փողոցներով, իսկ յետոյ հաւաքւել են Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ նրանց համար ելոյթ է ունեցել Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Ստորեւ ներկայացնում ենք Բագրատ Սրբազանի ելոյթի հիմնական թէզերը.
-Երիտասարդութիւնը ոչ միայն հաճոյքի, նաեւ սխրանքների ու հերոսութեան համար է։ Մենք այսօր ունենք բազմաթիւ երիտասարդ զաւակներ, որոնք մեզ հետեւում են երկնքից, եւ շատ յաճախ ես, իրենց առջեւ գտնւելով, իրենց աւելի կարող, աւելի որակով եւ աւելի առաջնորդող եմ պատկերացնում, քան ինձ կամ որեւէ մէկին։
-Այստեղ գտնւող երիտասարդութիւնն այս պայքարի ծնունդն է։ Ծնւել են այս պայքարից, իրար գտել են այս պայքարում եւ մենք էլ իրար գտել ենք այս պայքարում։
Եւ այս պայքարը նիւթական որեւէ ակնկալիք չունի, այլ ունի միայն մէկ նպատակ՝ հայրենիք ու պատիւ։
-Այս երիտասարդներն ընտրել են յաղթանակը, ընտրել են արժէքը, ընտրել են իրենց ապագան, իրենց ու մեր տունը կառուցելու տեսիլքը։
Իրենք այսօր ստեղծում են այն, ինչը վաղը վերածւելու է յաղթանակած Հայաստանի ու յաղթանակած ժողովրդի։ Յիշէ՛ք ասածս․ այս պայքարի յաղթանակին այլընտրանք գոյութիւն չունի։
-Աստւած զօրացնի ձեզ։ Երանի, որ ձեր աչքերի կրակը տարածւի ողջ Հայաստանով, ձեր սրտի ջերմութիւնը տարածւի բոլորի կեանքում, եւ մենք շուտով, շատ շուտով հասնենք Ճշմարտութեան յաղթանակին, որի առաջին կրողները դուք էք։
Եւ այո, ձեր միջոցով է, որ հոգեւոր Հայաստանը յաղթելու է:
Նշենք, որ հաւաքի ընթացքում ելոյթ են ունեցել նաեւ Սրբազան պայքարի ակտիւ մասնակից երիտասարդներից մի քանիսը:
«Մենք ենք տէրը մեր ապագայի, մենք ենք տէրը մեր հայրենիքի։ Ժամանակն է, որպէսզի հայ երիտասարդն ասի, թէ իր սրտում ինչ արժէքներ են դաջւած․ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստւած»»,- ասել է Մանուկ Մանուչարեանը:
«Երբ վերադարձայ հայրենիք, որը գտնւում էր հոգեբանօրէն դժւար, կորուստներով լի շրջանում, էլ աւելի զգացի պայքարի տենչանքը, նպատակ ունենալով հետագայ սերունդներին պարգեւելու ամբողջական հայրենիք, արժանապատիւ ապագայ եւ քրիստոնեայ հային վայել արժեհամակարգ։
Ասում են՝ խաւարից յետոյ գալիս է լոյսը, ինձ համար լոյսը «Սրբազան պայքարն է»»,- ասել է Արիանա Յովսէփեանը:
«Ես ունեմ երազանք՝ վերադառնալ Արցախ, բայց վերադառնալ ոչ թէ գլուխը կախ ու թշնամու հետ ապրելու միտումով, այլ վերադառնալ արժանապատիւ, վերադառնալ իմ եղբայրների թափած արիւնն ու յոյսերն արդարացնելու, շենացնելու հայ ազգի հազարամեայ երկրամասը»,- ասել է Արման Սարգսեանը: