ԻրանՔաղաքական

Իրադարձային քւէարկութիւն

Խորհրդարանը հաստատեց կառավարութեան ամբողջական կազմը

«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանը երէկ՝ օգոստոսի 21-ին, հաստատեց 14-րդ կառավարութեան ամբողջական կազմը:

Նոր կառավարութեան նախարարների բոլոր առաջարկւած թեկնածուները կարողացան ստանալ խորհրդարանի վստահութեան քւէն եւ հաստատւել իրենց պաշտօններում:

Յիշեցնենք, որ Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախարարների թեկնածուների ցանկը ներկայացրել էր Իսլ. խորհրդարանին օգոստոսի 11-ին, իսկ խորհրդարանն առաջարկւած նախարարների որակաւորումները սկսել էր քննարկել օգոստոսի 17-ին:

Սա իրադարձային քւէարկութիւն էր, երբ պահպանողական մեծամասնութեամբ խորհրդարանն ամբողջութեամբ հաստատեց բարենորոգչական հայեացքներով նախագահի ներկայացրած կառավարութեան կազմը: Այսպիսով, 14-րդ կառավարութիւնը դարձաւ Իսլամական Հանրապետութեան պատմութեան 4-րդ կառավարութիւնը, որի ողջ կազմը ստանում է խորհրդարանի վստահութեան քւէն;

Ներկայացւած 19 նախարարների թեկնածուներից 6-ը՝ Պաշտպանութեան, Կրթութեան, Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան, Անվտանգութեան, Կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների եւ Արդարադատութեան նախարարները ստացել են քւէարակութեանը մասնակցած 288 պատգամաւորների 90%-ի վստահութեան քւէն:

Ամենաբարձր քւէն ստացել է Պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադէն, ով ստացել է 281 պատգամաւորի (97%) վստահութեան քւէն: Սա, իդէպ, Իսլամական Հանրապետութեան պատմութեան մէջ ամենաբարձր վստահութեան քւէն է:

Ամենացածր քւէն ստացել է Առողջապահութեան նախարար Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդին: Նրա օգտին քւէարկել են 163 պատգամաւոր (56%): Այս ցուցանիշով երկրորդը Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ արհեստների նախարար Մոհամմադ Ռեզա Սալեհի Ամիրին է, որի օգտին քւէարկել է 168 պատգամաւոր (58%):

Related Articles

Back to top button