ԻրանՔաղաքական

Եմէնական հրթիռներից մինչ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ խորացւած յարաբերութիւնները

Կայացել է Հանրապետութեան նախագահի առաջին մամլոյ ասուլիսը

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ –  Իրանական մամուլը երկար էր սպասել 14-րդ կառավարութեան ղեկավարի մամլոյ ասուլիսին: ԶԼՄ-ների լրահոսի առաջին վերնագիրը՝ «Փեզեշքիանի ուշացած ասուլիսը. նախագահ, ով սովոր է ելոյթ ունենալ»-ն էր:

Նախագահի պաշտօնում իր աշխատանքը սկսելուց գրեթէ երկու ամիս անց, տեղի ունեցած մամլոյ ասուլիսով, պրն. Փեզեշքիանը  կարելի է նշել, որ մասամբ դանդաղ է շարժւել՝  նախկին նախագահների համեմատութեամբ:

Մահմուդ Ահմադինեժադը լրագրողների հետ հանդիպեց ընտրութիւնների վերջնական արդիւնքների հրապարակումից ուղիղ մէկ օր անց։ Նրանից յետոյ նախագահ Հասան Ռոհանին իր առաջին ասուլիսն անցկացրեց իր կառավարութեան պաշտօնավարումից ուղիղ չորս օր անց։ Իսկ նախկին նախագահ Էբրահիմ Ռէյիսին նոյնպէս մամլոյ ասուլիս հրաւիրեց ընտրութիւններից երկու օր անց,- գրել է «Ջամարն-նիւզ»-ը վկայակոչելով 14-րդ կառավարութեան կայքէջի արխիւը:

Մամլոյ ասուլիսի վարողը երգիծանկարիչ Հադի Հէյդարին էր, ինչը որոշակի վերապահումների եւ դժգոհութեան պատճառ էր դարձել յատկապէս պահպանողական ԶԼՄ-ների մօտ:

Նախագահի մամլոյ ասուլիսը ուղիղ եթերով հեռարձակւում էր  հեռուստատեսութեամբ։ Այն տեղի էր ունենում Իսլամական երկրների գագաթնաժողովի դահլիճում։

Աղբիւրի համաձայն՝ նախագահը, որպէս 14-րդ կառավարութեան հիմնական մօտեցումներից նշել է Իրանի ողջ ժողովրդի իրաւունքների իրացումը՝ անկախ ռասայից, էթնիկական պատկանելութիւնից ու կրօնից եւ յաւելել է. «Ինչպէս բազմիցս եմ նշել իմ ելոյթներում կամ հեռուստաբանավէճերում, իմ համոզմունքն այն է, որ բոլոր նրանք, ովքեր ապրում են այս երկրում, հաւասար իրաւունքներ ունեն եւ պէտք է ստանան համապատասխան դիրք՝ ելնելով կարողութիւններից եւ անկախ քաղաքական, կրօնական, մօտեցումներից ու էութիւնից»:

Դոկտ. Մասուդ Փեզեշքիանը հայրենական եւ օտարերկրեայ ԶԼՄ-ների հետ իր առաջին մամլոյ ասուլիսում, անդրադառնալով «Միասնութեան շաբաթւայ» մեկնարկի հետ այս հանդիպման անցկացման համընկնումը, նշել է. «Սա եւս լաւ նշան է համակեցութեան եւ համագործակցութեան դաշտում համաժամանցման առումով»:

«Ֆարս» լրատւական գործակալութիւնը, որպէս առաջին հարցով հանդէս եկող լրատւամիջոց, հարցրել է իսլամական երկրների միջեւ սահմանների վերացման եւ ազատ երթեւեկութեան ռեժիմի գաղափարի մասին: «Այդ գաղափարի մասին մտածել եմ երիտասարդ տարիքից»,- պատասխանել է նախագահը եւ յաւելել, որ նրանք, ովքեր ապրում են Պակիստանում, Թուրքմենստանում, Աֆղանստանում կամ Իրաքում, պէտք է կարողանան հեշտութեամբ ճանապարհորդել միմեանց երկրներ. «Մենք պէտք է գործենք որպէս միասնական ուժ, միաժամանակ պահպանելով մեր երկրների հեղինակութիւնն ու անվտանգութիւնը»։

Իրանի նախագահն ընթացքում հերքել է այն պնդումները, թէ Իրանը հիպերձայնային զէնք է փոխանցել Եմէնի հութիներին:

Նա նշել է, որ իրանական կողմը չի փոխանցել հիպերձայնային հրթիռները, որոնք եմէնցիներն արձակել են Իսրայէլի ուղղութեամբ։

Պետութեան ղեկավարի խօսքով՝ Եմէնն ու Իրանը նոյն տեսակէտն ունեն Իսրայէլի հարցում: Միաժամանակ նա նշել է, որ եմէնցիներն իրենք «ունեն իրենց տեխնոլոգիաները»։

Յիշեցնենք, որ նախօրէին Եմէնի «Անսար Ալլահ» շարժման անդամները ստանձնել էին Թել Աւիւի հրթիռակոծութեան պատասխանատւութիւնը։

Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստան հրթիռներ առաքման մասին հարցին պատասխանելով նշել է. «Մեր ժամանակներում նման բան չի եղել: Իսկ  եթէ նախկինում փոխանակւել են զինատեսակներ, հաւանականութիւնը կայ, քանի որ որեւէ արգելք չկայ այդ առումով»:

Նա յաւելել է. «Մենք յարաբերութիւններ ունենք Ռուսաստանի հետ եւ շարունակելու ենք խորացնել կապը։ Սակայն մենք կարծում ենք, որ ոչ մի երկիր չպէտք է ներխուժի այլ երկրի տարածք։ Իսկ, թէ ինչո՞ւ է Ռուսաստանն այդպէս վարւում, հարցրէք եւրոպացիներին, թէ ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն ուզում Ռուսաստանի սահմաններին հասնել։ Նրանք իրենք են դրժել իրենց խոստումը»:

Փեզեշքիանն ի պատասխան France 24-ի թղթակցի հարցին՝ Պաղեստինի նկատմամբ Իրանի դիրքորոշման հետ կապւած, նշել է. «Իսրայէլը ցանկանում էր մեզ ներքաշել տարածաշրջանային պատերազմի մէջ։ Նահատակ Հանիէի սպանութիւնով, յատկապէս: Սակայն մենք մինչ այժմ զսպւածութիւն ենք ցուցաբերել»:

Նա ընդգծւած նշել է, որ  տարածաշրջանում համաձայնութեան գալու կամքի բացակայութեան պատճառը, այստեղ բուն դրած արտատարածաշրջանային ուժերն են։

Պատժամիջոցների վերացման վերաբերեալ նա պատասխանել է, որ փորձում է ամրապնդել քաղաքական ու տնտեսական յարաբերութիւնները Շանհայի եւ BRICS-ի շրջանակներում, ինչպէս նաեւ ամրապնդելով իսլամական երկրների հետ յարաբերութիւնները։

Պատասխանելով ԱՄՆ-ի եւ Եւրոպայի հետ խնդիրներին, նախագահը նշել է, որ նրանք են մեզ սպառնացողները։ « Եթէ կայունութիւն էք ցանկանում՝ հնարաւորութեան դէպքում առաջինը զինաթափէք Իսրայէլին»,-նշել է նա:

Նշելով, որ Իրանը երբեւէ պատերազմի սկսող կողմը չի եղել, նա ընդգծել է. «Սակայն չենք հրաժարւելու մեր պաշտպանական համակարգի հզօրացումից, քանի դեռ բոլորը չեն զինաթափւել»։

Նախագահն ասուլիսի ընթացքում նշել է նաեւ, որ տարածաշրջանային կայունութիւնը փոխկապակցւած է երկրների յարաբերութիւններով եւ տեղեկացրել, որ Թեհրան է հրաւիրել Սաուդական Արաբիայի թագաժառանգին: Նոյն պատասխանի շրջանակներում նա յաւելել է. «Բարելաւելու է յարաբերութիւնները Եգիպտոսի, Սաուդական Արաբիայի եւ Յորդանանի հետ»։

Չինաստանի պետական ​​CCTV թղթակցի հարցին ի պատասխան՝ Մասուդ Փեզեշքիանը նշել է. «Մենք խորացւած յարաբերութիւններ ենք պահպանում Չինաստանի հետ: Յատկապէս, Սաուդական Արաբիայի հետ վէճը լուծելու համար Չինաստանի ձեռնարկած քայլը կարեւոր նախաձեռնութիւն էր»:

Նա պաշտպանել է երկու երկրների միջեւ «25-ամեայ համագործակցութեան պայմանագիրը» եւ նշել, որ այն պէտք է կեանքի կոչւի, շեշտելով, որ որպէս նախագահ՝  յանձնառու է իրականացնել այն։

Թուրքիային Միջին Ասիայի հետ կապողը Իրանի ճանապարհներն ու հեղինակութիւնն  են

Թուրքիայի եւ իսլամական երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնման մասին «Անադոլու»-ի թղթակցի հարցին ի պատասխան, Փեզեշքիանը նշել է. «Թուրքիան մեր բարեկամ երկիրն է: Համոզւած ենք, որ մշակութային կապերն ու նմանութիւնները լաւ շարժառիթ են կարող լինել համատեղ ծրագրերի իրականացման համար»։

Նախագահն ընդգծել է. «Մենք կարող ենք ճանապարհ բացել, որպէսզի թուրքերը հեշտութեամբ Իրան, կամ Աֆղանստան, Պակիստան եւ Թուրքմենստան երթեւեկեն։ Գնալու եմ Թուրքիա եւ փոխադարձ այցով հրաւիրելու եմ  թուրք պաշտօնեաներին, ներդրողներին, որպէսզի այդ կապը խորանայ»։

Նախագահը նաեւ մատնանշել է 14-րդ կառավարութեան մօտեցումը ԱՄՆ-ի եւ Եւրոպայի վերաբերեալ եւ յաւելել. «Իրանը հաւատարիմ է պայմանաւորւածութիւններին, միջուկային զէնքի յետեւից եւս չի գնում: Եթէ Արեւմուտքը կատարի ԲԱՐՋԱՄ-ով ստանձնած պարտաւորութիւնները, մենք եւս պատրաստ ենք վերադառնալու մեր պարտաւորութիւններին:

Սակայն նրանք Իրանի հետ սպառնալիքների լեզւով են խօսում: Ասում են, որ հրթիռներ չունենանք: Մենք ասում ենք՝ առաջինը թողէք Իսրայէլը զինաթափւի»:

Նշելով, որ մեզ պաշտպանական ուժ է պէտք մեր ժողովրդի եւ մեր երկրի անվտանգութիւնը պահպանելու համար, մինչդեռ մենք երբեք պատերազմ չենք սկսել, նախագահը նշել է. «Նայէք վերջին 200 տարիների պատմութեանը, Իրանը երբեք պատերազմ չի սկսել, սակայն ուրիշները յարձակւել են այդ ընթացքում: Տէրութիւնները երկու անգամ օկուպացրել են Իրանը, բայց ստիպւած են եղել հեռանալ, քանի որ ապստամբութիւն է սկսւել»:

Մենք չենք հրաժարւի մեր պաշտպանական ուժից՝ պաշտպանելու մեր երկիրն ու ժողովրդին, քանի դեռ աշխարհում կամ տարածաշրջանում, որտեղ մենք ապրում ենք, բոլորը զինաթափւած չեն»:

Related Articles

Back to top button