ԻրանՄիջազգայինՔաղաքական

Կիբերյարձակում՝ Լիբանանում

Փէյջերների պայթիւնների հետեւանքով զոհւել է 8 մարդ, վիրաւորւել՝ 2800-ը, եւ Լիբանաում Իրանի դեսպանը վիրաւորում է ստացել

«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 17-ին, կիբերյարձակում է տեղի ունեցել Լիբանանում: Յարձակման թիրախում են յայտնւել լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման անդամները: Նրանց ռադիոկապի սարքերը՝ փէյջերներն անսպասելիօրէն պայթել են:

Դէպքը տեղի է ունեցել Բէյրութի հարաւային արւարձաններում: Պայթիւնների հետեւանքով զոհւել է 8 մարդ, վիրաւորւել՝ 2800-ը:

Տուժածների թւում է նաեւ Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մոջթաբա Ամանին, որի կեանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:

Թէեւ Իսրայէլը պաշտօնապէս չի ստանձնել այս յարձակման պատասխանատւութիւնը, այդուհանդերձ, միջադէպից անմիջապէս յետոյ Sky News Arabia-ն, Reuters-ը, Al Jazeera-ն եւ այլ լրատւամիջոցներ յայտնել են, որ գործին ներգրաււած է Իսրայէլը:

Իսրայէլցի ճանաչւած լրագրող Բարաք Րաւիդը, ով զբաղւում է անվտանգային հարցերով, յայտնել է, որ կիբերյարձակման մասին որոշումը Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն ընդունել է այս շաբաթ, բանակի ԳՇ-ում, անվտանգութեան աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

Յարձակումից յետոյ, Իսրայէլում ռազմական եւ անվտանգութեան ուժերը բերւած են պատրաստւածութեան ամենաբարձր մակարդակի: Նրանք պատրաստւում են «Հեզբօլլահ»-ի հնարաւոր պատասխան հարւածին:

Related Articles

Back to top button