Կարէն Վրթանէսեան. «Նախկինոֆոբիայով տառապողները նիկոլական քարոզչութեան զոհ են, թէպէտ իրենց այդպիսին չեն համարում»
«ԱԼԻՔ» – Ռազմական հարցերով եւ տեղեկատւական անվտանգութեան փորձագէտ Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է վերջին օրերին «նախկինները չպէտք է քաղաքականութեամբ զբաղւեն» ու նմանատիպ յայտարարութիւններին:
«Հայաստանում 2020-ի նոյեմբերից ի վեր 4 մեծ ալիք է բարձրացել բողոքների։ Բոլորի ժամանակ էլ լսել եմ «այ որ նախկինները չմասնակցէին, այդ ալիքները կը յաջողէին» տիպի յայտարարութիւններ։
Բայց երբ այդ ալիքները հանգում են, «նախկիններին» մեղաւոր հանողներից եւ ոչ ոք իր սեփական շարժումը չի կազմակերպում։ Մեղադրողներն ակտիւանում են միայն այն ժամանակ, երբ «նախկիններն» են ակտիւանում ու ցրւում են այն ժամանակ, երբ «նախկինները» ցրւում են։
Տեսէ՛ք… «Տիտղոսաւոր» ընդդիմութեանը, քաղաքացիական բազմաթիւ խմբերին, գործիչներին, նոյնիսկ Եկեղեցուն քննադատելու բազմաթիւ պատճառներ կան։
Բայց «թո՛ղ նախկինները չմասնակցեն»-ը որեւէ կապ չունի քննադատութեան եւ բազմակարծութեան, առողջ բանավէճի հետ, դա մաքուր նիկոլական ուղերձ է, որի նպատակը պառակտելն է։
Իսկ եթէ աւելի գլոբալ դիտենք, ապա դա ստանդարտ (կարելի է ասել՝ դասագրքային) խօսոյթն է պոպուլիստների, որով հակադրում են «իսկական ժողովրդին» այսպէս կոչւած «էլիտաներին»։ Պոպուլիզմի մասին ՑԱՆԿԱՑԱԾ գիրք բացէ՛ք, առաջին իսկ էջերից այս մասին կը կարդաք։
Այսինքն պարզ ասած նախկինոֆոբիայով տառապողները նիկոլական քարոզչութեան զոհ են, թէպէտ իրենց այդպիսին չեն համարում։
Կրկնում եմ, սա չի նշանակում, որ այս կամ այն նախկին, ներկայ կամ ապագայ քաղաքական գործչին կամ ուժին քննադատել պէտք չէ։ Պէտք է, նոյնիսկ կասէի՝ խիստ ցանկալի է։ Բայց յայտարարելը, թէ Հայաստանի այս կամ այն գործիչը, քաղաքական ուժը, չպիտի քաղաքականութեամբ զբաղւի, պոպուլիստական կուտ է»,- գրել է նա: