«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի դէմ Ալիեւի հնչեցրած նոր պահանջներին:
«Ալիեւը համարում է, որ Հայաստանը իր ենթակայութեան տակ գտնւող գաղութային երկիր է եւ իր բոլոր ցանկութիւնները պէտք է բաւարարւեն։
Հայաստանի իշխանութիւնները մինչ Ալիեւի պահանջով (այդպէս է տպաւորութիւնը) հայ ժողովրդին պահում են լիակատար անտեղեակութեան մէջ` բանակցւող այսպէս կոչւած «խաղաղութեան պայմանագրի» մասին, ստելով հայ ժողովրդին, թէ իբր երկկողմ համաձայնութեամբ պահւում է կոնֆիդենցիալ, Ալիեւը իր սրտի ուզած ժամանակ ասում է այն, ինչ ցանկանում է, թքած ունենալով թէ՛ Փաշինեանի, եւ թէ՛ Փաշինեանի պաշտօնեաների վրայ։
Մեզ համար ցաւը ո’չ թէ դա է, այլ այն, որ այս պահին ստորացնելով Փաշինեանին, գործնականում ստորացնում են Հայաստանն ու համայն հայութեանը։
Ալիեւի ծրագրերի մէջ հիմա միայն մէկ բան կարող է լինել անակնկալ եւ խաղաքարտերը խառնող` Փաշինեանի իշխանութեան հեռացումը եւ բոլորովին նոր ու անկանխատեսելի կառավարիչների մուտքը բանակցային գործընթաց։
Սակայն Ալիեւը վստահ է 100%-ով, որ Փաշինեանը ո՛չ մի դէպքում անցնցում իշխանութիւն չի զիջելու, իսկ ցնցումների դէպքում՝ միանշանակ կը շահի Ադրբեջանը…»,- գրել է նա: