The Washington Post. Թրամփն ու Պուտինը կարող են 2025-ին հանդիպել
«ԱԼԻՔ» – ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը յաջորդ տարի կարող են հանդիպել՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծւած իրավիճակը։ Նման ենթադրութիւն է արել The Washington post թերթը։
Հրատարակութեան համաձայն՝ «ինքնահռչակ ալֆա աշխարհաքաղաքական առաջնորդների» հնարաւոր հանդիպումը նւիրւած կը լինի Մոսկւայի եւ Կիեւի միջեւ հակամարտութեան կարգաւորմանը։
Պարբերականը վկայակոչում է ռուսական դիւանագիտական աղբիւրը, որն ասել է, որ Մոսկւան փոխզիջման տրամադրւած չէ, քանի որ մարտադաշտում իրավիճակը զարգանում է իր օգտին, եւ բանակցելու է ուժի դիրքերից։ Միաժամանակ, զրուցակիցը նշել է, որ Ռուսաստանը կարող է ճկունութիւն ցուցաբերել տարածքային պահանջների նկատմամբ՝ Եւրասիա մայրցամաքի ապագայ անվտանգութեան ճարտարապետութեան հարցում զիջումների դիմաց։
Յօդւածի հեղինակների կարծիքով՝ Կրեմլը կը ձգտի բանակցութիւնները վերածել երկարատեւ գործընթացի՝ չնայած Ուկրաինայի հարցով արագ գործարք կնքելու Թրամփի ցանկութեանը։
«Ըստ էութեան, դա նշանակում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է աշխարհը բաժանել ազդեցութեան գօտիների՝ երաշխաւորելով Ռուսաստանի գերակայութիւնն Ուկրաինայի, Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող այլ նախկին խորհրդային հարեւանների նկատմամբ։ Դա կսահմանափակի ՆԱՏՕ-ն եւ կը վտանգի Եւրոպայի անվտանգութիւնը»,- գրում է Washington Post-ը։
Այնուամենայնիւ, թերթը նշում է, որ դժւար թէ կողմերը կարողանան համաձայնութեան գալ «Պուտինի մաքսիմալիստական դիրքորոշման» եւ Թրամփի՝ «թոյլ երեւալու» մտավախութիւնների պատճառով։