Իրանցի փորձագէտի անդրադարձը Թուրքիայի գունագեղ պատրանքներին ու պարսկերէն TRT-ին
«ԱԼԻՔ» – Մեդիա դաշտում պայքարը միայն ԶԼՄ-ների միջեւ դասական մրցակցութեան նշան չէ: Այն, յատկապէս ներկայ ժամանակաշրջանում՝ Հանրային դիւանագիտութեան ճարտարապետութեանն է կոչւած: Նոյն համատեքստում պէտք է տեսնել Թուրքիայի TRT հեռուստաալիքի պարսկերէն լեզւով հաղորդումների նորաբաց ալիքի առկայութիւնը:
Նոյն կապակցութեամբ համալսարանում Միջազգային իրաւունքի դասախօս դոկտ. Ահմադ Քազեմին իր պաշտօնական կայքում գրել է, որ թուրքական պետական հեռուստատեսութեան (TRT) պարսկական բաժնի գործարկման շուրջ տասը տարի քննարկումներից յետոյ այս հեռուստաալիքի լուսաբացը համընկաւ Սիրիայում Թուրքիայի պրոքսի խմբաւորումների՝ «կոստիոմով ահաբեկիչներ»-ի ակտիւացմանը: Միւս կողմից էլ հեռուստաալիքի պաշտօնական բացման ծրագրի հրաւիրեալների շարքում էին իրանական մերժւած ու թշնամու գիրկն անցած տարրեր, որոնց ներկայութեամբ այդ հեռուստաալիքը օրւայ առիթով ցուցադրւած հոլովակով ապացուցեց, որ իր կենտրոնացումը՝ իրանական էթնիկ խմբերն են…
Փորձագէտը յաւելել է, որ եթէ երկու ամիս առաջ Թուրքիայում քննադատում էին այս երկրի պետական ռադիօ-հեռուստատեսութեան գլխաւոր տնօրէնի յայտարարութիւնները, ով անկեղծանալով էկրանի առաջ յստակ յայտարարել էր, որ «Պարսկերէն բաժինը» եկել է Իրանին անհանգստութիւն պատճառելու, ապա այս անգամ նրանք այդ ալիքի գործարկման նպատակն այսօր անւանում են՝ «տարածաշրջանային կայունութիւն» եւ «մշակութային յարաբերութիւնների ամրապնդում»։
Դոկտ. Քազեմին ընդարձակ յօդւածով վերլուծել է այդ հեռուստաալիքի գործարկման նպատակները, մանաւանդ, երբ այն սնւում է պետական բիւջէից: Փորձագէտը գրել է, որ Թուրքիան, որպէս ընդամէնը վեց հարիւր տարւայ անցեալով ու պատմութեամբ, չունի մշակութային, պատմական, գեղարւեստական եւ գրական բովանդակութիւն առաջարկելու՝ մի քանի հազարամեայ պատմութեամբ Իրանին:
Այնպէս, որ որոշ թուրք մտածողներն են խոստովանել, օսմանցիները ոչ մի մեծ գրական ու արւեստի գործ չեն թողել աշխարհին: Թերեւս արդիւնքում եւ Օսմանեան կայսրութիւնում պարսկերէնի տարածման ու ազդեցութեան պատճառը կրում է նոյն այս տրամաբանութիւնը: Հետեւաբար, եթէ «պարսկերէն» այդ հեռուստաալիքի նպատակը մշակութային կապերն են, ապա բնականաբար, այս ցանցի գործունէութեան կիզակէտում պէտք է լինի յարգանքը իրանական մշակոյթի եւ քաղաքակրթութեան նկատմամբ: Սակայն Թուրքիայի արտադրած պատմական սերիալներում հին իրանական մշակոյթի կեղծումն ու առգրաւումը ցոյց է տալիս, որ թուրքական այդ ալիքը չի կարող այլ կերպ նայել խնդրին:
Հիմնականում նման մօտեցումը հակասելու է իր հիմնարար նպատակներին, որոնք հիմնւած են Իրանի դէմ ցեխարձակումների վրայ։ Այս կեցւածքի վառ օրինակն էր՝ իսրայէլական ռեժիմի դէմ Իրանի հրթիռային յարձակումներին զուգահեռ, որոշ թուրքական լրատւամիջոցների տարածած ապատեղեկատւութիւնները: ՝Նրանք նշել էին Իրանի եւ Իսրայէլի կուլիսային համաձայնեցւած գործարքի մասին՝ իսլամական աշխարհի հասարակական կարծիքը խաբելու համար:
Սակայն երկար ժամանակ չպահանջւեց պարզելու համար, թէ որ երկիրն է յաւակնում Պաղեստինին դաւաճանելու եւ տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւններին աջակից լինելուն:
Ընդհանրապէս «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ուժեղացումից, մասնաւորապէս 2016 թւականի յեղաշրջումից յետոյ, արձանագրութիւնների համաձայն, Թուրքիան վերածւել է «մեդիա բանտի»: Հարիւրաւոր ընդիմադիր ու հակադիր լրատւամիջոցներ են փակւել կամ զաւթւել՝ յօգուտ կառավարութեան։
Նման իրավիճակում պարսկերէն հաղորդումներով հեռուստաալիքի ստեղծումը լրատւամիջոցների գործունէութեան միջազգային սկզբունքների ու արժէքների առումով կատակ է յիշեցնում։
Քազեմին նաեւ նշել է, որ փաստերը վկայում են այն մասին, որ TRT-ի պարսկերէն բաժինը նպատակ ունի Իրանում էթնիկական եւ աղանդաւորական բաժանումներ ստեղծել հետեւելով Անկարայի եւ Բաքւի երկարատեւ քաղաքականութեանը։ Որոշ աղբիւրների հաւաստմամբ՝ պարսկերէն հեռուստաալիքի ստեղծման գործում երկու դառը ձախողում ապրած Ադրբեջանի Հանրապետութիւնն այս անգամ հանդէս է եկել որպէս ֆինանսական հովանաւոր՝ Իրանում էթնիկ խնդիրները բորբոքելու նպատակով։
Փորձագէտը վերջում անդրադարձել է կարեւոր երկու կէտերին եւ արձանագրել.
1. Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, որն իր պատմութեան ընթացքում չորս ցեղասպանութիւն է իրականացրել փոքրամասնութիւնների դէմ՝ հայերի, յոյների, քրդերի, ալեւիների եւ ասորիների: Այս սեւ պատմութիւնը Թուրքիայի սահմանադրութեան մէջ փոքրամասնութիւնների իրաւունքների ժխտման հետ մէկտեղ այս երկիրն աւելի խոցելի է դարձրել, քան ցանկացած այլ երկիր՝ էթնիկ խմբերի եւ փոքրամասնութիւնների հարցում։
2. Ի տարբերութիւն երկար պատմութիւն չունեցող երկրների, Իրանում էթնիկ խմբերն ու կրօնները ստեղծել են՝ հազարամեայ խաղաղ գոյակցութեան պատմութիւն ունեցող «Իրանի պատմական եւ միացեալ ազգը», ինչն անբաժանելի է։ Այդ իսկ պատճառով Իրանում գտնւող էթնիկ խմբերն ու կրօնները, ամենավճռական իրավիճակներում, միշտ եղել են ոչ թէ սպառնալիք, այլ Իրանի համար յաղթանակների հնարաւորութիւն: