ԻրանՔաղաքական

Իրանի պաշտպանութեան նախարարը յայտարարեց  զօրավարժութիւնների մեկնարկի մասին

«Դուք կը տեսնէք Իրանի ԶՈՒ-ի պաշտպանական եւ յարձակողական ուժը»

«ԱԼԻՔ» – Ուրբաթ՝ յունւարի 27-ին, նահատակ Սէյէդ Ռազի Մուսաւիի առաջին տարելիցին կազմակերպւած յուշերկոյին  Իրանի Պաշտպանութեան նախարար գեներալ Ազիզ Նասիրզադէն յայտարարեց այսօր՝ շաբաթ՝ դեկտեմբերի 28-ի, մեկնարկող Իրանի ԶՈՒ-ի ստորաբաժանումների զօրավարժութիւնների մասին:

Պաշտպանութեան նախարարը նշել է, որ Իրանի պաշտպանական կարողութիւնների դէմ իրականացւող քարոզչութեան ֆոնին, բոլորը տեսնելու են մեր զինւած ուժերի պաշտպանական եւ յարձակողական պատկերը:

Անդրադառնալով Գազայի դիմադրութեանը նա նշել է. «Հէնց այսօր մենք տեսանք, որ Գազայում սիոնիստներից մի քանիսը ոչնչացւել են:  Իսկ դա ցոյց է տալիս, որ Գազայում դիմադրութիւնը չի թուլացել»:

Նա յաւելել է, որ հակառակորդի ռազմավարութիւնն այն էր, որ անզէն ժողովուրդի վրայ ճնշում գործադրելով կոտրել դիմադրութեան կամքը, սակայն տեսանք, որ Պաղեստինում ու Գազայում դա չաշխատեց։

Պաշտպանութեան նախարաը նշել է նաեւ այն մասին, որ «դիմադրութիւն» նշանակում է՝ կանգնել իրենից ուժեղ թշնամու դէմ։ ««Դիմադրութիւն»-ը չի վերանում իր հրամանատարների նահատակութեամբ, ընդհակառակը, այն ծաղկում է դրանով։ «Դիմադրութիւն»-ը հասնելու է  աշխարհի բոլոր բռնակալների գլխին։ Չմոռանանք, որ Հիտլերն ու Սադդամը նոյնպէս ձգտում էին մեծացնել երկիրն ու սահմանները, բայց չհասան իրենց նպատակին»։

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ Պաշտպանութեան նախարարն ընդգծել է. «Երբ մենք Սիրիայում ներկայ էինք, օգնում էինք երկրի կայունացմանը, բայց հիմա, երբ չենք միջամտում, թշնամիները մեր խօսքերից են վախեցած ու Սիրիայում չմիջամտելու յայտարարութիւններ անում: Իրականում նրանց վախը «դիմադրութիւն»-ից է»։

Գեներալ Նասիրզադէն նշելով, որ ԱՄՆ-ը հազիւ 250 տարի անցեալ ունի, սակայն հասցրել է տարածաշրջանում քաղցկեղային ուռուցք  ստեղծել՝ տարածաշրջանի երկրների ռեսուրսները թալանելու համար, յաւելել է. «Այս մասին պէտք է ուշադիր լինեն նրանք, ովքեր մեր դէմ յայտարարութիւններ են անում։ Երբեմն էլ կոդաւորւած ասում են, իբր յաջորդ հերթում Իրաքն ու Եմենն են: Բայց ես նրանց կասեմ, որ յաջորդը դուք էք, քանի որ բռնակալներ էք ու ծաւալապաշտներ»:

Պաշտպանութեան նախարարը վերջում յայտարարել է. «Երբ մենք էինք ներկայ  Սիրիայում, նրանք ասում էին, որ Իսրայէլի յարձակումների պատճառն Իրանի ներկայութիւնն է: Իսկ երբ մենք թողեցինք Սիրիան, Իսրայէլը 500 անգամ յարձակւեց Սիրիայի վրայ, բայց նրա դէմ նոյն այդ մարդիկ  նոյնիսկ մէկ յայտարարութիւն չեն արել»: 

Գեներալ Նասիրզադէն եզրակացրել է. «Ժամանակի հրաշքներից է, որ Նեթանիահուն յայտարարութիւն է անում՝ իբր համակրում է մեր ժողովրդին։ Հակառակորդը շահագործում է այն վիրտուալ տարածքը, ինչը ինքն է տրամադրել մեզ, իսկ մենք պէտք է զգօն լինենք թշնամու դէմ»։

Related Articles

Back to top button