ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թուրք-իրանական տրանսպորտային ճգնաժամը, «Զանգեզուրի միջսնցք»-ն ու Անկարա-Բաքու առանցքի յետին նպատակները

«ԱԼԻՔ» – Թուրք-իրանական տրանսպորտային ճգնաժամը շարունակւում է։

Օրեր առաջ պարզ դարձաւ, որ Թուրքիան լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել իրանական բեռնատարների համար՝ կախւած բենզինի քանակից, ինչը կարող է դիտարկւել որպէս տնտեսական ճնշման միջոց։

Սա կարեւոր է յատկապէս Մերձաւոր Արեւելքում լարւածութեան աճի ֆոնին։

Փաստօրէն Թուրքիան, իրանական բեռնատարների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով, նախադէպ է ստեղծում Իրանի վրայ տնտեսական ճնշման համար։ Սա նաեւ ազդանշան է այն բանի, որ Իրանը կարող է կանգնել սահմանափակումների առջեւ այն տարածքներում, որտեղ Թուրքիան կը կարողանայ ճնշում գործադրել:

Սիրիայի իրադարձութիւնների ֆոնին, արդէն ակնյայտ է, որ Թուրքիան մտադիր է խթանել այնպիսի նախագծեր, ինչպիսին է «Զանգեզուրի միջանցք»-ը, որը կարող է Իրանին բացառել տարածաշրջանի տարանցիկ երթուղիներից, քանի որ միջանցքը պէտք է ուղորդի Իրանի տարածքից կարեւոր բեռների հոսքերը դէպի Թուրքիա եւ Ադրբեջանով անցնող երթուղի: Այսպիսով, պարիզից էլ պարզ է, որ Թուրքիան այս վէճում Իրանին թուլացնելու ռազմավարութեան շրջանակներում տնտեսական միջոցներ է օգտագործում։

Իրանն իհարկէ յստակ պատասխանել է այս քայլին՝ հրաժարւելով թուրքական բեռնատարներին բենզին վաճառել։ Սա իր հերթին մեծացնում է փոխադրողների վրայ տնտեսական բեռը եւ սրում առեւտրի անհաւասարակշռութիւնը:

Եւ չնայած այս խնդրի յստակ քաղաքական ուղղւածութեանը,  յունւարի 6-ին տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հարցին, թէ ինչպէս է կարգաւորւելու բեռնատարների հարցը եւ արդեօք դա կապւած է «Զանգեզուրի միջանցք»-ի  հետ  նշեց.

«Դա (բեռնատարների հարցը-ԽՄԲ.) աւելի շատ տեխնիկական հարց է, քան քաղաքական»։ Նա տեղեկացրել էր, որ խնդրի կարգաւորման համար պատւիրակութիւն է մեկնելու Թուրքիա։

Այս թեմայի վերաբերեալ ԱԳՆ մամլոյ խօսնակի մեկնաբանութիւնը իրանական որոշ ԶԼՄ-ներ շտապեցին վերագրել  «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հարցին, ինչը խառնաշփոթ առաջացրեց յատկապէս հայաստանեան մեդիա դաշտում, որտեղ դա ներկայացրեցին իբր Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ Թեհրանի եւ Անկարայի միջեւ հնարաւոր համաձայնութեան կայացման նախանշան եւ Իրանի նահանջը Սիւնիքի վերաբերեալ իր սահմանած կարմիր գծերից։

Իրականում Բաղայիի պատասխանը հարցին, իրանական որոշ ԶԼՄ-ներ ներկայացրել էին այնպէս, թէ իբր «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը քննարկելու համար իրանական պատւիրակութիւն է մեկնելու Թուրքիա, որը սակայն իրականութեան հետ որեւէ աղերս չունէր։

Այդուհանդերձ, ինչպէս դիպուկ նշել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը` անդրադառնալով թեմային, թէեւ ԱԳՆ մակարդակով պաշտօնապէս յայտարարւում է, թէ խնդիրը տեխնիկական է, սակայն ակնյայտ է, որ այն ընդգծւած քաղաքական հարց է, եւ փաստացի գործ ունենք թուրք-ադրբեջանական համակարգւած հակաիրանական գործողութեան հետ, որը միտւած է, ըստ էութեան, տրանսպորտային շրջափակման ենթարկելու Իրանը հիւսիս-արեւմուտքից։

«Այս համատեքստում հայ-իրանական սահմանը էլ աւելի մեծ նշանակութիւն է ստանում՝ որպէս Իրանի համար հիւսիս-արեւմուտքից տրանսպորտային եւ աշխարհաքաղաքական ելքի փաստացիօրէն միակ ապահով ու վստահելի ուղի»,- յստակեցրել է նա։

Related Articles

Back to top button