ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչին եւ Գուտերէշը դատապարտել են Թրամփի ծրագրերը Գազայի հատւծի վերաբերեալ

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել խիստ դիրքորոշում ցուցաբերելու Գազայի հատւածի եւ նրա բնակիչների համար ԱՄՆ-ի «վտանգաւոր» ծրագրի դէմ: Այս մասին նա ասել է երէկ՝ փետրւարի 10-ին, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշի հետ հեռախօսազրոյցի ժամանակ:

Արաղչին եւ Գուտերէշը հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում, մասնաւորապէս Գազայի հատւածում զարգացումները:

ԱԳ նախարարը դատապարտել է Գազայի բնակիչներին բռնի տեղահանելու եւ այլ երկրներում վերաբնակեցնելու ամերիկա-սիոնիստական ​​ծրագիրը:

Արաղչին ընդգծել է, թէ անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ը, յատկապէս՝ Անվտանգութեան խորհուրդը, խիստ եւ յստակ դիրքորոշում որդեգրի նման վտանգաւոր դաւադրութեան դէմ, որը սպառնում է միջազգային խաղաղութեանը եւ անվտանգութեանը:

Նա շեշտել է, որ պաղեստինցիներին բռնի տեղահանելու առաջարկը խախտում է միջազգային իրաւունքի բոլոր նորմերն ու սկզբունքները եւ ՄԱԿ-ի կանոնադրութիւնը՝ յաւելելով, որ այն լրացնում է Իսրայէլի՝ ցեղասպանութեան եւ Պաղեստինի ոչնչացման ծրագրերը։

Արաղչին յայտարարել է, որ մահմեդական երկրների՝ Գազայի տեղափոխման ծրագրի հաւաքական դատապարտումն արտացոլում է տարածաշրջանում տարածւած մտահոգութիւնը Պաղեստինի ժողովրդի իրաւունքների շարունակական եւ կոպիտ ոտնահարման կապակցութեամբ:

Նա նաեւ դատապարտել է պաղեստինցիներին Սաուդեան Արաբիայում վերաբնակեցնելու վերաբերեալ Իսրայէլի վարչապետի առաջարկը։

Իր հերթին Գուտերէշը վերահաստատել է ՄԱԿ-ի անհամաձայնութիւնը պաղեստինցիների բռնի տեղահանման ցանկացած ծրագրի հետ, ընդգծել է Պաղեստինի ժողովրդի օրինական իրաւունքները յարգելու անհրաժեշտութիւնը եւ անընդունելի համարել Գազայի բնակչութեան տեղահանումը։

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը նաեւ ընդգծել է Գազայի հատւած մարդասիրական օգնութեան անյապաղ առաքման եւ անկլաւի վերականգնման անհրաժեշտութիւնը։

Related Articles

Back to top button