ՄիջազգայինՔաղաքական

Յանցագործութիւնների միջազգային անպատժելիութիւնը եւ արեւելումը դահիճների օրակարգով  լարելու տուժածների միամտութիւնը

ՀԱՏԻՍ

 

Միջազգային քրէական դատարանի էութեան կարեւորութիւնը միջազգային արդարութեան հասնելու նպատակի մէջ է: Այն պայքարելով միջազգային յանցագործութիւնների եւ մեղաւորների անպատժելիութեան դէմ (պատերազմական յանցագործութիւններ, ռազմական էսկալացիաներ, ցեղասպանութիւն եւ մարդկութեան դէմ յանցագործութիւններ) պէտք է դառնայ կանխարգելիչ միջոց՝ պատերազմների լուսանցքում քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացւող յանցագործութիւնների դէմ:

Այս առումով փորձագէտների լուսաբանող ելոյթներն ու ընդգծումներն առաւել կարեւոր դեր են կրելու, քանի որ, այս ասպարէզում իրաւունքի լեզւով խնդրի մեկնաբանումը, առիթ կը ստեղծի քաղաքական շահարկումների նիւթ չդարձնել այն:

Նոյն կապակցութեամբ միջազգային իրաւունքի աւագ փորձագէտ՝ «Ալամէ-Թաբաթաբա»-ի համալսարանի դասախօս դոկտ. Ահմադ Քազեմին իր վերջին՝ «ԱՄՆ-ն աջակցում է միջազգային անպատժելիութեանը» յօդւածում նշել է, որ ԱՄՆ-ի հակադրութիւնը, ի լրումն այդ երկրի հեգեմոն բնոյթի, բխում է Վաշինգտոնի մտահոգութիւններից՝ կապւած «Միջազգային քրէական դատարան»-ի աճող հեղինակութեան ու հզօրացման հետ, ինչը կարող է յանգեցնել բազմաթիւ քրէական գործերի՝ մասնաւորապէս ամերիկացի պաշտօնեաների դէմ:

Քաղաքական շահարկումների խնդիրը կարեւոր է այնքանով, որ, երբ յանցագործութիւնների մասին արձանագրութիւնները նման լուսանցքներում թաքնւելու առիթ ունենան, տուժած ժողովուրդները եւս կարող են փոխահամաձայնութիւնների կրկնակի զոհը դառնալ՝ յանցագործութիւնները համապասխան իրաւական գնահատականի չարժանացնելու բերումով:

Այս իրականութեան թարմ օրինակն Արցախն ու տեղահանւած արցախահայութիւնն է, Հայաստանի գործող իշխանութիւնների վերաբերմունքի պատճառով: Բազմաթիւ իրաւապաշտպան կառոյցների կողմից արձանագրւած փաստերն վկայում են այն մասին, որ պաշտօնական Երեւանը ակնյայտօրէն խուսափում է արցախահայութեան հայրենազրկման եւ Արցախում շարունակւող մշակութային ցեղասպանութեան դէմ համարժէք արձագանգով հանդէս գալուց: 

Սա փաստն է այն բանի, որ աշխարհաքաղաքական ուժերի ու կողմնորոշւած «բլոկային» ձեւաւորումներում համապատասխանեցւած ընթացք կայ մի կողմում՝ արտատարածաշրջանային խաղացողների, եւ միւս կողմում՝ Հայաստանը սահմանամերձ գիւղի վերացած ժամանակաւոր ղեկավարների միջեւ: Նոյն հարթակներում նաեւ պիտի տեսնել Արցախի հայաթափման ու թուրքացման դէմ ՀՀ իշխանաւորների որդեգրած անտարբերութիւնն ու չէզոք կեցւածքը: Լրագրողական աւելի ստոյգ ձեւակերպմամբ՝ Արցախի հայաթափման, տեղահանութեան եւ  Ցեղասպանութեան ուրացման հարցում գործող իշխանութիւնների մեղքի բաժինն անուրանալի է:

ԱՄՆ-ի մերժողականութիւնը եւ յանցագործութիւնների միջազգային անպատժելիութեանն աջակցող քաղաքականութեան որդեգրումը, այդ թւում՝ Մարդու իրաւունքների խորհրդից, ԻՒՆԵՍԿՕ-ից, Միջազգային քրէական դատարանից դուրս գալը, կարելի է հասկանալ այդ երկրի ժամանակաւոր շահերի գնահատումներով, յատկապէս, այն փաստով, որ զգալի թւով երկրներում, ինչպիսին Աֆղանստանն է, Միացեալ Նահանգները ռազմական ագրեսիա եւ մարդկութեան դէմ յանցագործութիւններ է իրականացրել, եւ այժմ այդ երկրները Միջազգային քրէական դատարանի անդամ լինելով կարող են հետաքննութեան հայց ներկայացնել այդ յանցագործութիւնների համար հիմնւելով «Դատարանով» ամրագրւած՝ միջազգային յանցագործութիւնները հետաքննելու իրաւասութեան վրայ:

Այժմ, եթէ Հայաստանի ակնոցից դիտարկելու լինենք այս հնարաւորութիւնը, ապա այն, որպէս ագրեսիայի եւ բռնութեան ենթարկւած ժողովուրդ ունեցող կողմ, չունի դատը շարունակելուց  հրաժարւելու իրաւունք, քանի որ դրանով ոչ միայն իր ժողովրդին ու ազգային շահերին է հարւածում, այլեւ խրախուսում է միջազգային յանցագրծութիւնը՝ դրա անպատժելիութեանն աջակցելով:

Աւելորդ կը լինէր նշել, որ աջակցելով անպատժելութեանը՝ Երեւանի օրակարգում՝ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի որոշումներով առաջնորդւելն է (Գազայում պաղեստինցիների սպանդի հետեւանքներից ազատւելու), ինչպէս նաեւ Բաքւի ու Անկարայի հայատեաց ու Հայաստանի դէմ կեցւածքին արդարացում հաղորդելը (Ցեղասպանութիւնն ու Արցախի հայկական լինելը հարցականի տակ առնելու Փաշինեանի բազում փորձերը):  

Վերադառնալով միջազգային իրաւունքի աւագ փորձագէտի յօդւածին, պէտք է նշել, որ դոկտ. Քազեմին կարեւոր է համարում ԱՄՆ-ի անհանգստութեան փաստը կապւած՝ Միջազգային քրէական դատարանում Սիոնիստական ​​ռեժիմի յանցագործութիւնների գործը քննելուն:

«Որովհետեւ ԱՄՆ-ն ուղիղ կերպով առնչակից է բոլոր տեսակի ժամանակակից զէնքերի, ինչպիսիք են ֆոսֆորային ռումբերը եւ զանգւածային ոչնչացման բնոյթի զինատեսակները, եւ որոնք արգելւած են Ժնեւի չորս կոնւենցիաների (1949 թւականին կնքւած) եւ այսպէս կոչւած Հաագայի պատերազմական իրավիճակներում քաղաքացիների իրաւունքի կանոնների տեսանկիւնից: Հետեւաբար, ԱՄՆ-ն անմիջականօրէն մասնակից է Սիոնիստական ​​ռեժիմի յանցագործութիւններում եւ իրականացմանն աջակցելու գործում: Ուստի Միջազգային քրէական դատարանում Սիոնիստական ​​ռեժիմի գործով ԱՄՆ-ն եւս յայտնւելու է առաջին մեղադրեալի կարգավիճակում, իսկ Միջազգային քրէական դատարանը ԱՄՆ-ի կողմից բոյկոտելու պատճառներից մէկը հէնց այս խնդիրն է»-, արձանագրել է դոկտ. Քազեմին:

Յաւելենք, որ Հարաւաֆրիկեան Հանրապետութեան բողոքն ընդդէմ Իսրայէլի ռեժիմի, որը ներկայացւել է 1948 թւականին ընդունւած՝ ՄԱԿ-ի ցեղասպանութեան կոնւենցիայի հիման վրայ,  եւ կենտրոնացած է Գազայում ցեղասպանութեան յանցագործութեան վրայ, ողջունել են աշխարհի շատ երկրներ:

 Արձանագրենք, որ այն կարող է նոյնութեամբ իրականացւել նաեւ Բաքւի ռեժիմի դէմ՝ արցախահայութեան դէմ իրականացւած ցեղասպանութեան եւ տեղահանութեան համար, իհարկէ, եթէ Փաշինեանի ռեժիմի օրակարգի արեւելումը այգային ենթահող ունենար: 

Քազեմին այս կապակցութեամբ եւս յիշեցրել է Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից Սիոնիստական ​​ռեժիմի դէմ երեք միջանկեալ վճիռների մասին, որոնք այլ իրաւական ապացոյցների ու փաստարկների հետ մէկտեղ, վկայում են այն մասին, որ ապագայում Արդարադատութեան միջազգային դատարանի ամենածանր վճիռներից մէկը լինելու է ցեղասպանութեան յանցագործութեան վարկածով, եւ կը կայացւի Թել Աւիւի յանցաւոր ռեժիմի դէմ։

Աւելորդ  կը լինէր յիշեցնելը, որ Իսրայէլը հէնց այն երկիրն է, որն Արցախի երկրորդ պատերազմի ընթացքում բացայայտ կերպով հանդէս էր գալիս որպէս հակամարտութեան կողմ, Անկարայի հետ միասին կանգնելով Բաքւի թիկունքին:  Իսկ Իսրայէլական մեդիան Արցախը սովի ենթարկած եւ աւելի քան 9 ամիս սննդամթերքի ու վառելիքի մատակարարման ճանապարհները շրջափակած Բաքւի կարեւորագոյն աջակիցն էր: 

Related Articles

Back to top button