Քաղաքական իրաւունքների հայկական կենտրոն. «Արցախի հայաթափման պայմաններում Արցախի նախկին ղեկավարութեան դէմ քրէական եւ քաղաքական հետապնդումը միայն նրանց անձնական իրաւունքների հարցը չէ»

«ԱԼԻՔ» – Բաքւի ռազմական դատարանում շարունակւում են Արցախի Հանրապետութեան գերեվարւած նախկին ղեկավարների դէմ քրէական գործերը։ Նրանցից Ռուբէն Վարդանեանի առողջութեան ծանր վիճակի եւ խոշտանգումների մասին յայտնել է իր փաստաբանը, որին մինչ օրս թոյլ չեն տւել այցելել պաշտպանեալին։ Միւս գերիների վերաբերեալ աւելի քիչ տեղեկութիւնների պատճառով հնարաւոր չէ անգամ մօտաւոր գնահատել հոգեբանական եւ ֆիզիկական տառապանքների աստիճանը։ Այս մասին յայտարարութիւն է տարածել Քաղաքական իրաւունքների հայկական կենտրոնը:
«Քաղաքական իրաւունքների հայկական կենտրոնը ուշադրութիւն է հրաւիրում Արցախի նախկին ղեկավարութեան դէմ քաղաքական հետապնդումների համատեքստի վրայ։ Ազգութեամբ հայերի նկատմամբ ատելութիւնը Ադրբեջանում համակարգային է եւ տարածւած է դպրոցական դասագրքերից մինչեւ պետական պաշտօնեաների եւ երկրի նախագահի քաղաքականութիւնը։ Հայերը Ադրբեջանում առաւել յաճախ ատելութեան խօսքի թիրախում յայտնւող խմբերից են եւ այս իրավիճակի բարելաւմանը որեւէ քայլ կամ զարգացում չի արձանագրւել։ Ըստ Freedom House-ի՝ քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքների պաշտպանւածութեան առումով Ադրբեջանը զբաղեցնում է ամենացածր հորիզոնականներից մէկն աշխարհում։ Դատավարական իրաւունքների կոպիտ խախտումները բազմաթիւ են քննութեան բոլոր փուլերում անգամ սեփական քաղաքացիների նկատմամբ, իսկ քրէական դատավարութիւնը չարաշահւում է քաղաքական նպատակներով։ Եւրոպական դատարանի որոշումները չկատարելու առումով Ադրբեջանը առաջատարն է Եւրոպայի խորհրդի անդամ երկրներից։
Օրերս յայտնի դարձաւ նաեւ, որ Ադրբեջանի իշխանութիւնները պատրաստւում են դադարեցնել երկրում Կարմիր Խաչի միջազգային կոմիտիէի գործունէութիւնը, ինչն արդէն հաստատւել է կոմիտէի ներկայացուցչի կողմից։
Ինքնորոշման իրաւունքի մասին բարձրաձայնողները ենթարկւում են առաւել անմարդկային վերաբերմունքի։ Նման վերաբերմունքի դէպքերից էր Թալիշական ազգային շարժման առաջնորդներից Ֆահրադդին Աբասզոդայի (Աբասով) ազատազրկումը եւ մահը բանտում՝ Ադրբեջանի ռազմական յաղթանակի օրը։ Երկրի ղեկավարութիւնն այն անւանել էր «ինքնասպանութիւն», թէեւ Աբասզոդան մահւանից կարճ ժամանակ առաջ յայտարարել էր, որ իր կեանքը վտանգւած է եւ կարող է աւարտւել ցանկացած պահի։
Նման պայմաններում խելամիտ մարդը չի կարող ակնկալել, որ Արցախի նախկին ղեկավարները եւ միւս հայ գերիները Ադրբեջանում կարող են օգտւել առհասարակ որեւէ, առաւել եւս՝ արդար դատաքննութեան իրաւունքից։
Հետեւաբար՝ անհրաժեշտ, բայց ոչ բաւարար պայմանը պէտք է լինի միջազգային եւ իրաւապաշտպան կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների արժէքները դեռեւս պահպանած պետութիւնների արդարացի ճնշումներն Ադրբեջանի քաղաքական ղեկավարութեան վրայ։ Սակայն նման ճնշումները նոյնպէս կարող են որեւէ արդիւնքի չբերել, եթէ ողջ ջանքերի համակարգման եւ ուժեղացման կիզակէտում չլինի Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութեան նպատակաուղղւած աշխատանքը՝ որպէս իր հայրենակիցների եւ քաղաքացիների անվտանգութեան շահառու։
Արցախի հայաթափման պայմաններում անհրաժեշտ է հաշւի առնել, որ Արցախի նախկին ղեկավարութեան դէմ քրէական եւ քաղաքական հետապնդումը միայն նրանց անձնական իրաւունքների հարցը չէ։ Բնիկ ժողովրդի ցեղասպանւելու եւ վտարւելու դէմ պայքարող անձանց նոյն արարքներում «մեղադրելը» պարզապէս խեղաթիւրում է այն ամէնը, ինչը կապ ունի «մարդ» եւ «իրաւունք» հասկացութիւնների հետ եւ դեռեւս 20-րդ դարում դրւել էր որպէս սարսափելի յանցագործութիւնների կանխման եւ ողջ աշխարհում մարդու արժանապատւութեան երաշխաւորման նպատակի հիմքում։
Բոլորը, ովքեր բարձրաձայն կամ լռելեայն կընդունեն Արցախի նախկին ղեկավարների դէմ քաղաքական հետապնդումը որպէս «արդար դատավարութիւն», փաստօրէն, նոյն կերպ ընդունում են թէ՛ մարդու, թէ՛ ժողովուրդների իրաւունքների աւարտը»,- ասւած է յայտարարութեան մէջ: Հաղորդում է tert.am-ը: