«Յոյս ունեմ՝ թոյլ կը տան մասնակցել Ռուբէն Վարդանեանի գործով նիստին»
Պակիստանցի ակտիւիստը հարցազրոյց է տւել news.am-ին

«ԱԼԻՔ» – Պակիստանցի իրաւապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման պատրաստւում է մեկնել Բաքու՝ մասնակցելու Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի դէմ շինծու մեղադրանքների հիման վրայ ընթացող դատավարութեանը։
news.am-ին տւած հարցազրոյցում Ֆաթիման յոյս է յայտնել, որ իրեն թոյլ կը տան մասնակցել նիստին։
«Քանի որ պակիստանցիներն ազատ կարող են գնալ Ադրբեջան, ես որոշեցի մեկնել Բաքու եւ տեսնել, թէ ինչ իրավիճակ է այնտեղ, ինչ է կատարւում Ռուբէնի հետ, ինչ պայմաններում է նա պահւում եւ ինչ դատավարութիւն է ընթանում նրա դէմ»,- ասաց նա։
Ֆաթիման, որը 2016 թ.-ին եղել է հայ գործարար եւ բարերար Ռուբէն Վարդանեանի կողմից հիմնադրւած «Աւրորա» մարդասիրական մրցանակի յաւակնորդներից մէկը, կոչ է անում իրաւապաշտպաններին ու բոլոր մտահոգ մարդկանց պայքարել Վարդանեանի ազատութեան համար։
«Մինչ ձերբակալւելը մի քանի անգամ հանդիպել եմ Ռուբէն Վարդանեանի հետ։ Նա հրաշալի մարդ է եւ անմեղ է։ Մենք ապրում ենք անարդար աշխարհում՝ արդարութեան հասնելը բաւական դժւար է, բայց պէտք է փորձել, պէտք է պայքարել նրա ազատութեան համար։ Նա չպէտք է տառապի։ Բոլոր իրաւապաշտպանները պէտք է իրենց ձայնը բարձրացնեն եւ պայքարեն նրա ազատութեան համար։ Պէտք է փորձենք, չպէտք է մենակ թողնենք նրան։ Ռուբէնը շատ լաւ մարդ է, հումանիստ է, պայքարել է յանուն մարդու իրաւունքների եւ խաղաղութեան, ուստի չպէտք է լինի այս վիճակում»,- եզրափակեց Ֆաթիման։