ՄԱԿ-ի յայտարարութիւնը՝ Սիրիայում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ

«ԱԼԻՔ» – Սիրիայի հիուսիսարեւմտեան առափնեայ շրջաններում խաղաղ բնակիչների սպանութիւնները պէտք է անյապաղ դադարեցւեն։ Այս մասին ասւում է ՄԱԿ-ի մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատար Ֆոլքեր Թիւրքի յայտարարութեան մէջ։
«Նախկին կառավարութեան տարրերի եւ տեղացի զինւած այլ մարդկանց կողմից իրականացւած մի շարք համակարգւած յարձակումներից յետոյ մենք ծայրայեղ անհանգստացնող տեղեկութիւններ ենք ստանում ամբողջական ընտանիքների, այդ թւում՝ կանանց, երեխաների եւ շարքից դուրս եկած մարտիկների, սպանութիւնների մասին։ Հաղորդումներ են ստացւում կրօնական հողի վրայ զանգւածային մահապատիժների մասին, որոնք իրականացւել են անյայտ անձանց, ժամանակաւոր կառավարութեան անվտանգութեան ուժերի աշխատակիցների, ինչպէս նաեւ նախկին կառավարութեան հետ կապւած տարրերի կողմից:
Ժամանակաւոր իշխանութիւնների այն յայտարարութիւններին, որ նրանք մտադիր են պահպանել օրէնքը, պէտք է հետեւեն սիրիացիների պաշտպանութեան անյապաղ գործողութիւններ, այդ թւում՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցանկացած խախտում եւ չարաշահում կանխելու եւ պատասխանատւութեան ենթարկելու համար, եթէ դրանք տեղի ունենան: Բոլոր սպանութիւնների եւ այլ խախտումների վերաբերեալ պէտք է անցկացւի անյապաղ, թափանցիկ եւ անաչառ հետաքննութիւն, եւ մեղաւորները պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն միջազգային իրաւունքի նորմերին եւ չափանիշներին համապատասխան: Քաղաքացիներին ահաբեկող խմբերը նոյնպէս պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն։
Այս իրադարձութիւնները, ինչպէս նաեւ ատելութեան խօսքի շարունակական հրահրումը ինչպէս համացանցում, այնպէս էլ դրանից դուրս, կրկին ցոյց են տալիս համապարփակ անցումային արդարադատութեան գործընթացի հրատապ անհրաժեշտութիւնը, որը կլինի ազգային, ներառական եւ հիմնւած ճշմարտութեան, արդարութեան եւ հաշւէտւողականութեան վրայ»,- ասւում է ՄԱԿ-ի յանձնակատարի յայտարարութեան մէջ: Այս մասին հաղորդում է News.am-ը: