Սիրիայի ներկայ վիճակի համար օտար եւ կողմանակի ուժերը դերակատարում ունեն

«ԱԼԻՔ» – Սիրիայում վերջին օրերին կրկին լարւած իրավիճակ է։ Զանգւածային բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգութեան ուժերի եւ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջեւ։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Բերիօ Հայոց թեմի Ազգային վարչութեան նախագահ Ժիրայր Ռէիսեանի հետ։
«Նախորդ իշխանութեան հեռնալուց յետոյ երկիրն ապրում է նոր ժամանակաշրջան՝ նոր իշխանութիւն իր նոր իշխանաւորներով, որոնք փորձում են վերականգնել երկիրը նոր արժէհամակարգերով։ Սակայն այս ամէնը չի նշանակում, թէ երկիրը ամբողջովին վերագտել է իր կայուն ընթացքը՝ յատկապէս, երբ օտար ու կողմնակի ուժեր դերակատար են ներկայ վիճակին։
Խօսելով հայկական համայնքի մասին՝ պէտք է նշեմ, որ Լաթաքիայում կայ հայկական յստակ ներկայութիւն՝ եկեղեցի, ակումբ, դպրոց, այսինքն՝ լուրջ գաղութ, որը Բերիօ թեմի հովանաւորութեան տակ է։ Գաղութը, բարեբախտաբար, բախումների ընթացքում վնասներ չի կրել, բացի այն, որ 2 հայ զոհւել են։ Նրանք դուրս էին եկել եւ յայտնւել երկկողմանի կրակոցների տակ։ Խորհուրդ ենք տալիս զգոյշ եւ ուշադիր լինել»,- նշել է Ռէիսեանը։