Ադրբեջանի խորհրդարանը բողոքի նոտա է յղել ԵԽ հայ գերիների մասին բանաձեւի ընդունման կապակցութեամբ

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային յարաբերութիւնների եւ միջխորհրդարանական յարաբերութիւնների յանձնաժողովը բողոքի նամակ է յղել Եւրախորհրդարանին՝ մարտի 13-ին Եւրախորհրդարանի կողմից ընդունւած բանաձեւի կապակցութեամբ։ Այս մասին յայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Միլի Մեջլիսին։ Լուրը հաղորդել է yerevan.today-ը:
«Մենք մեր վճռական բողոքն ենք յայտնում 2025 թւականի մարտի 13-ին Եւրախորհրդարանի կողմից ընդունւած «Հայ պատանդների ապօրինի կալանաւորումը եւ շինծու դատավարութիւնները» անհիմն, կանխակալ եւ կանխակալ բանաձեւի դէմ»,-ասւած է նամակում։
Յիշեցնենք, որ Եւրոպական խորհրդարանը Բաքւում ապօրինաբար պահւող հայ գերիների վերաբերեալ հրատապ ընթացակարգի ներքոյ ընդունած բանաձեւով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդէպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անյապաղ ու անվերապահ ազատ արձակել։
Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը եւ նրանց դէմ շինծու դատավարութիւնները» խորագրով բանաձեւն ընդունւեց 523 կողմ, 3 դէմ, եւ 84 ձեռնպահ ձայների համամասնութեամբ։ Ընդունւած բանաձեւով Եւրոպական խորհրդարանի պատգամաւորները խորը մտահոգութիւն են յայտնում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի առնչութեամբ եւ կոչ են անում անկախ յետաքննութիւն անցկացնել այդ խախտումների վերաբերեալ։
Ադրբեջանի իշխանութիւններին կոչ է արւում կատարել իրենց միջազգային պարտաւորութիւնները, ներառեալ՝ Ժնեւի կոնւենցիան եւ Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիան։ Եւրոպական խորհրդարանի պատգամաւորները շեշտադրում են հայ գերիներին ազատ արձակելու, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատու անձանց պատասխանատւութեան ենթարկելու դիւանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտութիւնը։