Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արտակ Մկրտչեան. «Արցախահայերը փողի կռիւ չեն անում, մինիմալ պայմաններ ենք ուզում, որպէսզի ապրենք ու չհեռանանք. այնպիսի տպաւորութիւն է, որ ամէն ինչ անում են, որ արցախցին ՀՀ-ից արտագաղթի»

«ԱԼԻՔ» – Ապրիլի 2-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրեանի հետ Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի 3 անդամների հանդիպումից յետոյ, երբ պարզ դարձաւ, որ մարտի 29-ի հանրահաւաքում արցախահայերի բարձրացրած հարցերից որեւէ մէկը չի լուծւելու, խորհուրդը ապրիլի 4-ին յայտարարութիւն տարածեց՝ տեղեկացնելով, որ սկսում են լայն համախմբման գործընթաց։

Խորհուրդը կոչ է անում արցախեան, հայաստանեան ու սփիւռքեան բոլոր սրտացաւ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին՝ համախմբւել իրենց ներկայացրած օրակարգի շուրջ եւ աջակցել համազգային պայքարին։ Նաեւ մինչեւ ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդիւնքում կը յայտարարեն յաջորդ մեծ հանրահաւաքի օրն ու վայրը, որին կը յաջորդեն կոնկրետ զանգւածային գործողութիւններ:

«Հաւասար հնարաւորութիւն» սոցիալական, երիտասարդական հ/կ նախագահ Արտակ Մկրտչեանը, մինչ այս գործընթացից ունեցած ակնկալիքների մասին խօսելը, նախ մանրամասնեց, թէ ինչու այս ամէնը տեղի ունեցաւ եւ ինչու որոշեցին հանրահաւաք անցկացնել։

«Ի սկզբանէ տարբեր առիթներով մենք հանդիպում էինք իշխանութեան ներկայացուցիչների հետ, տարբեր խմբերով ու հասարակական կազմակերպութեան անդամներով, իրենք միշտ ասում էին, որ տարբեր արցախցիների հետ շփւելով՝ ծրագրեր են իրականացնում։ Մենք իրենց ասում էինք, որ այն արցախցիների հետ, որոնց հետ շփւել ու ծրագրեր են իրականացրել, այդ անձանց անունները ներկայացնեն, որպէսզի հասկանանք, թէ մեր խնդիրներն իրենք ում հետ են քննարկում։ Մինչեւ հիմա որեւէ մէկի անունը չեն ասել։ Հանրահաւաքի նպատակը հէնց այն է եղել, որ այդքան մարդ իրենցից դժգոհում է»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Արտակ Մկրտչեանը։

Նրա փոխանցմամբ՝ իրենց ներկայացրած 12 պահանջներին իշխանութիւնն արձագանգել է հատւածական, այն էլ՝ այնպիսի տրամադրւածութեամբ, որ «արցախցին Հայաստանում բեռ է, որ այդքան էլ արել են՝ պիտի շնորհակալ լինեն»։

«Մենք ինչ պահանջներ ներկայացնում ենք, զուգահեռ ներկայացնում ենք նաեւ լուծման ճանապարհներն ու ուղիները։ Մենք չենք ասում՝ պետական բիւջէից մեզ փող տւէք, արցախահայերը փողի կռիւ չեն անում, արցախահայերն ուզում են մինիմալ պայմաններ ապրելու համար, մինչեւ ճանապարհ կը բացւի, ու կը վերադառնան Արցախ։ Մեր առաջին խնդիրն Արցախ վերադառնալն է, բայց մինչեւ վերադառնալը, պէտք է գոնէ Հայաստանում լինեն մինիմալ պայմաններ, որպէսզի ապրենք ու չհեռանանք։ Այնպիսի տպաւորութիւն է, որ ամէն ինչ անում են, որպէսզի արցախցին Հայաստանից արտագաղթի, բայց մենք չենք ուզում, ուզում ենք Մայր հայրենիքում ապրենք»,- յաւելեց մեր զրուցակիցը։

Շարունակելով՝ Արտակ Մկրտչեանը տեղեկացրեց՝ այս ընթացքում տեղի կունենան ակցիաներ, որպէսզի ամբողջ հայ ազգը հասկանայ, որ սա ոչ թէ արցախահայերի, այլ հայ ազգի, համահայկական հարցն է։

«Եթէ արցախահայերը խնդրի առաջ են կանգնում Հայաստանում, խնդրի առաջ է կանգնում նաեւ սփիւռքահայը։ Սա համազգային հարց է դարձել, դրա համար ազգը պէտք է միասնական լինի, որպէսզի կարողանանք գոնէ մեր իրաւունքները պաշտպանենք»,- ընդգծեց Արտակ Մկրտչեանը։

Յիշեցնենք, որ մարտի 29-ին Ազատութեան հրապարակում տեղի ունեցաւ արցախահայերի հրաւիրած հանրահաւաքը, որից յետոյ արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը 12 պահանջ ներկայացրեց ՀՀ կառավարութեանը՝ արցախահայերի հաւաքական վերադարձի, իրենց հողում անվտանգ ու արժանապատիւ ապրելու իրաւունքն իրացնելու վերաբերեալ։ Հանրահաւաքից յետոյ վրան տեղադրւեց Ազատութեան հրապարակում՝ սպասելով իշխանութիւնների արձագանգին։

Related Articles

Back to top button