Ադրբեջանն ընդլայնում եւ ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մօտակայքում

Աշխատանքներն իրականացւել են ՀՀ տարածքի խորքում՝ նախկին խորհրդային սահմանից 1,2 կմ-ից 6 կմ հեռաւորութեան վրայ։
Sputnik. Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել եւ ամրացրել է դիրքերը Ջերմուկի մօտակայքում օկուպացւած տարածքներում։
Ադրբեջանն այս հատւածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին եւ, մեր հաշւարկներով, Ջերմուկի մօտակայքում աւելի քան 70 քառ. կմ տարածք է գրաւել (ֆիզիկական ներկայութիւն):
Դրանից յետոյ (2022-2023 թթ. ընթացքում) ադրբեջանցիներն այս շրջանում իրականացրել են զգալի ինժեներական աշխատանքներ:
Աբրահամեան. Բաքուն այսօր էլ օգտագործում է ՀՀ–ում բարենպաստ դիրք դուրս գալու հանգամանքը
Սակայն արբանեակային լուսանկարները ցոյց են տալիս, որ Բաքւի գործողութիւններն այդքանով չեն սահմանափակւել: 2026 թւականի յուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատւածի արբանյակային լուսանկարներում երեւում է նոր եւ ընդլայնւած դիրքային ենթակառուցւածք:
Մի շարք հատւածներում իրականացւած աշխատանքների ծաւալը (ճանապարհների ընդլայնում, դիրքերի կահաւրում եւ լայնացում) վկայում է ոչ թէ եզակի գործողութիւնների, այլ համալիր դիրքային ենթակառուցւածքի զարգացման մասին:
Յատկանշական է, որ աշխատանքներն իրականացւել են նախկին խորհրդային սահմանից 1,2 կմ-ից 6 կմ հեռաւորութեան վրայ գտնւող դիրքերի հատւածում (ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1974 թ. տեղագրական քարտէզով այդ դիրքերը գտնւում են Հայկական ԽՍՀ տարածքում):
Ընդ որում, ռազմական ենթակառուցւածքի ամրապնդումն ու ընդլայնումը տեղի է ունեցել սահմանազատման գործընթացը խորհրդային քարտէզների հիման վրայ սկսելուց, ինչպէս նաեւ 2025 թւականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղութեան համաձայնագրի տեքստի նախաստորագրումից յետոյ:
Նշենք, որ այս փոփոխութիւնները միայն Ջերմուկի շրջանին չէ, որ վերաբերում են. աւելի վաղ մենք գրել էինք Սիւնիքում եւ Տաւուշում Հայաստանի տարածքում դիրքերի ամրապնդման մասին:







