Սիւնիքում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման դէպքով նոր հարցեր են առաջացել

Սիւնիքի Շաքի գիւղում հայ ընտանիքի տուն ներխուժած եւ երեխաների ներկայութեամբ կրակոցներ արձակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաեւը կալանաւորւել է երկու ամիս ժամկէտով։ Նրան առաջադրւած մեղադրանքներին աւելացւել են նաեւ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու եւ զէնքի մաքսանենգութեան մեղադրանքները։
Սակայն դէպքի վերաբերեալ նոր հարցեր են առաջացել։ Ադրբեջանի պաշտօնական տեղեկութեամբ՝ Մուսաեւը Լաչինի զօրամասը ինքնակամ լքել է սեպտեմբերի 26-ին, իսկ Բաքուն Երեւանին նրա անհետանալու մասին տեղեկացրել է սեպտեմբերի 29-ին։ Մինչդեռ հայկական կողմը չի յստակեցրել, թէ երբ է նա հատել Հայաստանի սահմանը եւ քանի օր է գտնւել Սիւնիքում։
Այս հանգամանքը ընդդիմադիր եւ հասարակական շրջանակներում հարցեր է առաջացրել Հայաստանի անվտանգային համակարգի աշխատանքի վերաբերեալ։ «Հրապարակ»-ը, մասնաւորապէս, հարցադրում է, թէ ինչու զինւած ադրբեջանցին յայտնաբերւել է միայն Շաքիում յանցագործութիւն կատարելուց յետոյ, եւ ինչու նրա՝ Հայաստանի տարածք ներթափանցելու վտանգի մասին բնակչութիւնը նախապէս չի զգուշացւել։
Միաժամանակ ընդդիմադիր շրջանակները պահանջում են Մուսաեւին առանց պայմանների չվերադարձնել Ադրբեջանին։ «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» խմբակցութիւնները յայտարարել են, որ նրա հնարաւոր վերադարձը պէտք է կապւած լինի Ադրբեջանում պահւող հայ գերիների վերադարձի հետ։ Նոյն պահանջով հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիա է անցկացւել նաեւ ԱԱԾ-ի դիմաց։
Ի դէպ, ԱԱԾ-ն հոկտեմբերի 2-ին յայտարարել է, որ Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատել է միայն Մուսաեւը՝ հերքելով այլ դիւերսանտների կամ խմբերի ներկայութեան մասին շրջանառւող տեղեկութիւնները։
Դէպքի հետեւանքով վիրաւորւած Անի Աւետիսեանի քրոջ փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը երեխաներին պատանդ էր վերցրել, իսկ նրանց պաշտպանելու փորձի ժամանակ Անի Աւետիսեանը ստացել է ծանր վնասւածքներ, այդ թւում՝ կորցրել է ձախ ձեռքի երեք մատները։



