Թուրքերի ճնշող մեծամասնութիւնը օտար երկրներին համարում է թշնամի

Հաշւի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յաճախակի եւ հրահրող յարձակումները Միացեալ Նահանգների, Եւրոպայի եւ Իսրայէլի վրայ, զարմանալի չէ, որ թուրքերի ճնշող մեծամասնութիւնն այդ երկրներին համարում է իրենց ամենամեծ թշնամիները: Սա լուրջ հարց է, քանի որ Թուրքիան, որպէս ՆԱՏՕ-ի անդամ, արեւմտեան ռազմական դաշինքի մաս է կազմում: Ցաւօք, ՆԱՏՕ-ն չունի այնպիսի մեխանիզմ, որով կարող է վտարել սխալ վարքագիծ դրսեւորած անդամին, ինչը նշանակում է, որ Թուրքիայի համար դաշինքից դուրս գալու միակ տարբերակը կամաւոր հրաժարականն է:
Արեւմուտքի դէմ Էրդողանի յարձակումները նրա ռազմավարութեան մի մասն են՝ շեղելու թուրք հասարակութեան ուշադրութիւնը երկրի լուրջ ներքին տնտեսական խնդիրներից եւ քաղաքական խառնաշփոթից՝ նպատակ ունենալով ամրապնդել իր նւազող ժողովրդականութիւնը:
Թուրքական ASAL Araştırma ve Danışmanlık ընկերութեան կողմից վերջերս անցկացւած հարցման արդիւնքում պարզւել է, որ թուրքերի 84 տոկոսը Իսրայէլին համարում է թշնամի, 75 տոկոսը թշնամական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նկատմամբ, իսկ 55 տոկոսը Ֆրանսիային վերաբերւում է որպէս հակառակորդի: Համապատասխանաբար 7 տոկոսը, 14 տոկոսը եւ 25 տոկոսը այդ երկրներին համարում են բարեկամական, իսկ մնացածները ոչ մի կարծիք չեն յայտնել: Այս հակաարեւմտեան տրամադրութիւնն արդէն կայուն աճում է մի քանի տարի շարունակ:
Էրդողանի յարաբերութիւնները յատկապէս սրւել էին նախագահ Բայդէնի հետ: Բայդէնի նախագահութեան ընթացքում Էրդողանին արգելւել էր այցելել Սպիտակ տուն: 2020 թւականի յունւարի 17-ին «Նիւ Եօրք Թայմս» թերթին տւած հարցազրոյցում այն ժամանակ նախագահի թեկնածու Բայդէնը Էրդողանին անւանել էր «բռնապետ», խոստացել աջակցել նրա հակառակորդներին եւ պաշտպանել նրա ընտրական պարտութիւնը: Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը պատասխանել է Բայդէնին՝ մեղադրելով նրան անտեղեակութեան, ամբարտավանութեան եւ կեղծաւորութեան համար, մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն կասկածել էր յայտնել, թէ ինչպէս է «այսքան ապատեղեկացւած մարդը ցանկանում կառավարել երկիրը [ԱՄՆ]»:
Էրդողանի ամենամեծ ցնցումներից մէկը եղաւ 2021 թւականի ապրիլի 24-ին, երբ նախագահ Բայդէնը պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը, ինչը կտրուկ փոփոխութիւն էր Միացեալ Նահանգների եւ Թուրքիայի յարաբերութիւններում: Էրդողանը պատասխանեց, ասելով, որ «ԱՄՆ նախագահն անհիմն, անարդար եւ կեղծ յայտարարութիւններ է արել մեր տարածաշրջանում աւելի քան մէկ դար առաջ տեղի ունեցած տխուր իրադարձութիւնների մասին: Յուսով եմ, որ ԱՄՆ նախագահը հնարաւորինս շուտ հետ կը կանգնի այս սխալ քայլից»: Էրդողանը նաեւ յայտարարեց, որ այս թեմայի շուրջ լուրջ զրոյց կունենայ Բայդէնի հետ, երբ նրանք հանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում 2021 թւականի յունիսին: Սակայն, այդ հանդիպման ընթացքում Էրդողանը չբարձրացրեց ցեղասպանութեան հարցը:
Պատմական վէճերից բացի, Էրդողանը բախւել է Բայդէնի հետ Ուկրաինայի եւ Գազայի հարցով՝ Թուրքիայի կողմից Ֆինլանդիայի եւ Շւեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն խոչընդոտելու եւ ռուսական S-400 օդային պաշտպանութեան համակարգի գնման հարցում, որի պատճառով ԱՄՆ-ը արգելափակեց Թուրքիայի կողմից F-35 ժամանակակից կործանիչների գնումը: Էրդողանը նաեւ դատապարտել է Սիրիայում քրդական ուժերին ԱՄՆ-ի աջակցութիւնը եւ քննադատել Վաշինգտոնի որոշումը հիւրընկալել Թուրքիայի այլախոհ հոգեւորական Ֆեթուլլահ Գիւլէնին:
Իսրայէլի նկատմամբ Էրդողանի թշնամանքը կտրուկ աճել է: 2023 թւականի հոկտեմբերին Իսրայէլի վրայ ՀԱՄԱՍ-ի յարձակման եւ դրան յաջորդած Իսրայէլի ռազմական պատասխանից յետոյ Գազայում Իսրայէլի եւ Թուրքիայի յարաբերութիւնները ընկղմւել են թշնամանքի մէջ:
2009 թւականին Շւէյցարիայի Դաւոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, հաւաքւած համաշխարհային ղեկավարների առջեւ, Էրդողանը դէմ հանդիման բախւեց Իսրայէլի նախագահ Շիմոն Պերեսի հետ՝ յայտարարելով՝ «Ես շատ լաւ գիտեմ, թէ ինչպէս էք դուք սպանել երեխաներին [Գազայի] լողափերին»:
2010 թւականին դաժան բախում տեղի ունեցաւ, երբ իսրայէլական զօրքերը բարձրացան թուրքական նաւերը, որոնք փորձում էին օգնութիւն հասցնել Գազայի հատւածում գտնւող պաղեստինցիներին, ինչի հետեւանքով սպանւեց տասը թուրքեր եւ վիրաւորւեցին տասնեակ մարդիկ: Ի պատասխան, Թուրքիան յետ կանչեց իր դեսպանին Թել Աւիւից եւ արտաքսեց Իսրայէլի դեսպանին Անկարայից: Էրդողանը դատապարտեց միջադէպը որպէս «արիւնալի կոտորած», ստիպելով վարչապետ Բենիամին Նեթանիահուին պաշտօնապէս ներողութիւն խնդրել եւ 20 միլիոն դոլար վճարել զոհերի ընտանիքներին:
Վերջերս Էրդողանը ուժեղացրել է իր բանաւոր յարձակումները Նեթանիահուի վրայ՝ համեմատելով նրան «Հիտլերի, Մուսոլինիի եւ Ստալինի՝ այսօրւայ նացիստների հետ», բնութագրելով նրան որպէս «Գազայի մարդասպան», եւ մեղադրելով պաղեստինցիների դէմ ցեղասպանութիւն իրականացնելու մէջ: Նա նաեւ յայտարարեց, որ Նեթանիահուին կուղարկի Ալլահի մօտ, որպէսզի վերջինս հոգ տանի նրա մասին, նրան դժբախտ դարձնելու եւ անիծելու համար»:
Իսրայէլն արձագանգեց վճռականօրէն. 2024 թւականի յունւարին Իսրայէլի արտգործնախարարը թւիթերում գրեց. «Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Հայոց Ցեղասպանութեան պատմութիւն ունեցող երկրից, այժմ յոխորտում է Իսրայէլի դէմ անհիմն մեղադրանքներով: Մենք յիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմութիւնը ինքնին խօսուն է»։ Վարչապետ Նեթանիահուն յաւելեց. «Էրդողանը ժխտում է հայոց Հոլոքոստը, իր սեփական երկրում կոտորածներ է իրականացնում քրդերի նկատմամբ եւ վերացնում վարչակարգի հակառակորդներին ու լրագրողներին»:
Զարմանալիօրէն, ինչպէս Էրդողանը, այնպէս էլ Նեթանիահուն, որոնք հրաժարւում են ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, այն ընտրովի օգտագործում են միմեանց վրայ յարձակւելու ժամանակ։ Իր աւելի ծայրայեղ յայտարարութիւններից մէկում Էրդողանը վերջերս պնդել է, որ Իսրայէլը պլանաւորում է ներխուժել Թուրքիա եւ բռնակցել նրա տարածքը:
Էրդողանի դիմակայութիւնները դուրս են գալիս Միացեալ Նահանգների եւ Իսրայէլի սահմաններից՝ տարածւելով դէպի Եւրոպա: 2017 թւականին նա Գերմանիայի այսօրւայ ղեկավարներին համեմատեց նացիստական ժամանակաշրջանի ղեկավարների հետ՝ նրանց մեղադրելով նացիստական ժամանակները յիշեցնող «ֆաշիստական գործողութիւններում» ներգրաււած լինելու մէջ: Նա յարձակւեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի վրայ՝ կասկածի տակ դնելով նրա հոգեկան առողջութիւնը, որն ստիպեց Ֆրանսիային յետ կանչել իր դեսպանին Անկարայից:
Էրդողանի կողմից օտարերկրեայ ղեկավարների անողոք դիւականացումը թուրքերի շրջանում բարձրացրել է այն կարծիքը, որ աշխարհը դաւադրութիւն է կազմակերպում իրենց դէմ:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ