ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Իրանցի փորձագէտ. «Հայ-իրանական զօրավարժութիւնները ուղերձ է նրանց, ովքեր չեն ուզում յարգել Իրանի եւ Հայաստանի կարմիր գծերը»

«ԱԼԻՔ» – Հայ-իրանական համատեղ զօրավարժութիւնների անցկացումը լաւ ուղերձ է տարածաշրջանի եւ տարածաշրջանից դուրս գտնւող այն երկրների համար, որոնք չեն ցանկանում յարգել Իրանի եւ Հայաստանի կարմիր գծերը։ news.am-ի «Ուժի գործօն» հաղորդման եթերում նման կարծիք է յայտնել իրանցի միջազգայնագէտ Էհսան Մովահեդիանը:

«Սա ցոյց է տալիս Հայաստանի հետ սահմանները պահպանելու մեր յանձնառութիւնը, այն, որ Իրանը երբեք թոյլ չի տայ որեւէ մէկին չյարգել իր կարմիր գծերը։ Այս համագործակցութիւնը Իրանի եւ Հայաստանի համար շատ լաւ հնարաւորութիւն է, որպէսզի չսահմանափակւեն միայն քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցութեամբ։ Վստահ եմ, որ երկու երկրները փորձում են մեծացնել համագործակցութիւնը ռազմական եւ անվտանգութեան ոլորտում, որովհետեւ առանց այդ համագործակցութեան երկու երկրների տարածքային ամբողջականութիւնը վտանգւած կը լինի, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը Իսրայէլի եւ Միացեալ Թագաւորութեան օգնութեամբ ցանկանում են բռնակցել Սիւնիքը՝ այսպէս կոչւած միջանցքն ստեղծելու համար։ Այնպէս որ, մեզ պէտք է այդ համագործակցութիւնը։ Յուսով եմ, որ մօտ ապագայում երկու երկրների զինւորականները համատեղ զօրավարժութիւններ կանցկացնեն նաեւ այլ տարածքում»,-ասել է Մովահեդիանը:

Հարցին՝ տարածաշրջանում առկայ իրավիճակը հիմա ձեռնտո՞ւ է Ադրբեջանին Հայաստանի տարածք ներխուժելու համար եւ Բաքուն երբ է որոշելու գնալ այդ քայլին, Էհսան Մովահեդիանը պատասխանել է. «Դա կախւած է բազմաթիւ գործօններից։ Առաջին հերթին կախւած է նրանից, թէ արդեօք Հայաստանն ու Իրանը պատրաստւում են խորացնել համագործակցութիւնն անվտանգային ոլորտում։ Եթէ այս առաջին քայլը տանի աւելի լուրջ պայմանաւորւածութիւնների, ապա, կարծում եմ, Բաքւի եւ Թուրքիայի համար Սիւնիք ներխուժելու հնարաւորութիւն չի լինի»։

«Միւս կողմից, դա կախւած է նրանից, թէ Հայաստանն ինչպէս է խօսելու Ռուսաստանի, Հնդկաստանի, արեւմտեան որոշ երկրների՝ այդ թւում Ֆրանսիայի հետ եւ ինչպէս է կարողանալու հաւասարակշռել իր յարաբերութիւններն Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ: Հայաստանը պէտք է գիտակցի, որ ամենակարեւոր հարեւանն ու բարեկամը, որի վրայ կարող է յոյսը դնել, Իրանն է, որովհետեւ մեր ազգային շահերը 100 տոկոսով համընկնում են»,- յաւելել է նա։

 

Սիւնիքում հնարաւոր է իրանական ռազմաբազա հիմնել

Կողմերը պէտք է շատ բաներ անեն, որոնք կը ստիպեն Ադրբեջանին հասկանալ, որ չի կարող ներխուժել Հայաստան, նշել է իրանցի միջազգայնագէտ Էհսան Մովահեդիանը՝ անդրադառնալով հարցին, թէ ի՞նչ յստակ քայլերի է պատրաստ դիմել Իրանը, եթէ Ադրբեջանը ներխուժի Հայաստանի տարածք:

 «Առաջին հերթին, մենք պէտք է տարբեր ուղղութիւններով մեծացնենք մեր համագործակցութիւնը Սիւնիքում։ Եթէ Հայաստանի կառավարութիւնն օգնի իրանցիներին աւելի ակտիւ լինել այդ տարածաշրջանում, այնտեղ գործարաններ կառուցել, կրթական կապերն ընդլայնել, կամ օգնի, որ իրանցիների մեծ մասը Սիւնիք այցելի առեւտրի, զբօսաշրջութեան եւ մշակութային նախաձեռնութիւնների համար, ապա Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ոչ մի շանս չի լինի ներխուժելու համար։

«Եթէ Հայաստանը բարելաւի նաեւ իր ենթակառուցւածքները Սիւնիքում, ապա իրանցիներից շատերը կը նախընտրեն հէնց Սիւնիքով անցնել դէպի հիւսիս, Թուրքիայի փոխարէն։ Բացի այդ, կարծում եմ, որ Սիւնիքում կարող է նաեւ իրանական ռազմաբազա հիմնւել, մեր մասնագէտներն էլ խորհրդատւութիւն տրամադրեն հայկական կողմին, ինչը կօգնի Հայաստանին պահել Սիւնիքը։ Այդ դէպքում եթէ Բաքուն չհասկանայ խաղաղութեան ու տրամաբանութեան լեզուն, Իրանը կը հասկացնի նրանց, որ չի կարող չյարգել միջազգային իրաւունքը եւ ուժով խօսել Հայաստանի հետ»,- ասել է նա:

Էհսան Մովահեդիանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եթէ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցութիւնները ձախողւեն, եւ Իրանը յայտնւի հարւածների թիրախում, արդեօք Թեհրանը կը կարողանա՞յ պաշտպանել Հայաստանի հետ սահմանը Ադրբեջանի ռազմական գործողութեան դէպքում, պատասխանել է. «Այնպէս չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են անել այն ամէնը, ինչ ցանկանան՝ նրանք էլ իրենց թոյլ կողմերն ունեն։ Տեսնում էք՝ ինչ է կատարւում Թուրքիայի ներսում, միւս կողմից՝ խնդիրներ ունեն Իսրայէլի հետ, Ադրբեջանում էլ մարդիկ բողոքում են կառավարութիւնում եղած կոռուպցիայի դէմ։ Ես չեմ կարծում, թէ Ադրբեջանը կը համարձակւի ներգրաււել Իրանի դէմ ուղիղ ռազմական յարձակմանը։ Միգուցէ Իսրայէլը ցանկանում է օգտագործել Ադրբեջանի օդային տարածքը մեր դէմ, ինչը արել է նախկինում, բայց նրանք գիտեն, որ եթէ փորձեն նման քայլի գնալ, մենք կը ստիպենք նրանց դադարեցնել նման ագրեսիւ գործողութիւնները, եւ նրանք թանկ կը վճարեն դրա համար»:

Related Articles

Back to top button