Ալիեւը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին․ որոնք են դրանք

Թէպէտ շաբաթներ առաջ յայտարարւեց, որ Երեւանն ու Բաքուն համաձայնութեան են եկել խաղաղութեան պայմանագրի տեքստի շուրջ, եւ վերջին երկու չհամաձայնեցւած դրոյթների հետ կապւած էլ արդէն կայ պայմանաւորւածութիւն, սակայն Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Հիմա էլ ՀՀ զինանշանն են պահանջում փոխել, դրա վրայից հանել Արարատ լեռը։ Տիրանայում Եւրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինեանը պատասխանել էր Ադրբեջանի հանրային հեռուստատեսութեան թղթակցի հարցին եւ յայտարարել, որ ԵԱՀԿ-ին ուղղւած դիմումը` Մինսկի խմբի լուծարման հարցով, խաղաղութեան պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ կարւի։
Ասել էր նաեւ, որ Հայաստանի Սահմանադրութիւնում որեւէ հարեւանի նկատմամբ չկան տարածքային պահանջներ, եւ խաղաղութեան պայմանագրի` երկրի հիմնական օրէնքին համապատասխանութեան հարցը կարող է որոշել միայն տւեալ երկրի Սահմանադրական դատարանը, պայմանագրի ստորագրումից յետոյ։ Սակայն Բաքւից հնչեց արձագանք, որ Հայաստանի վարչապետը կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրութեանը։ «Նոյնիսկ զինանշանը, որ յիշատակւում է Հայաստանի Սահմանադրութեան 21-րդ յօդւածում, արտացոլում է հարեւանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խօսնակը։ Պայմանագրի համաձայնեցումից յետոյ սա երրորդ պահանջն է, որ առաջ են քաշում ադրբեջանցիները, նախորդ երկուսը Մինսկի խմբի լուծարումն էր եւ Սահմանադրութիւնը փոխելը։ Որոշ տեղեկութիւններով՝ Փաշինեանը պատրաստ է ամէն զիջման գնալ, միայն թէ կորզի այդ թղթի կտորը՝ «խաղաղութեան պայմանագիր» անունով, որն իրականում խաղաղութիւն չի երաշխաւորելու, բայց դառնալու է քարոզչական դրօշակ գալիք ընտրութիւններից առաջ:
«Հրապարակ»