ՄիջազգայինՔաղաքական

Չալդրանի ճակատամարտի հետեւանքով Օսմանեան թուրքերի ձեռամբ ատրպատականցիների ցեղասպանութեան ճանաչումն անհրաժեշտութիւն է

«ԱԼԻՔ» – «Վարչագիտական ակադեմիայում» (Teşkilat Akademisi) «Ռազմավարական վերապատրաստման ծրագրի» շրջանակում իր ելոյթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի ապագան պայծառ գնահատելով խօսել է Չալդրանի ճակատամարտի մասին այն համարելով իր ժողովրդի քաջութիւնը բնութագրող իրականութիւն, որի ընթացքում ցեղասպանւեց Ատրպատականի ժողովուրդը:  Նա մասնաւորապէս նշել է. «Թուրքիայի ապագան պայծառ է, նրա աստղն աւելի պայծառ… Մեր հազարամեայ պատմութիւնը այս հողերում յստակ ցոյց է տւել դա։ Թուրքերը, քրդերը եւ արաբները եղել են միասին եւ միասին են ապրել այդ յաղթանակի ու պարտութեան պահերը։ Մալազկերտը թուրքերի, քրդերի եւ արաբների համատեղ յաղթանակն է։ Չալդրանը եւս թուրքերի, քրդերի եւ արաբների համատեղ յաղթանակն է…»:

Այս կապակցութեամբ միջազգային իրաւագէտ, համալսարանի դասախօս դոկտ. Ահմադ Քազեմին իր պաշտօնական էջում  հրապարակած յօդւածում գրել է. «Էրդողանի կողմից Չալդրանի ճակատամարտի յիշատակումը եւ դրա համեմատութիւնը Մալազկերտի ճակատամարտի հետ, ինչպէս նաեւ այդ յայտարարութիւններում «թուրքական», «քրդական» եւ «արաբական» բանալի հանդիսացող բառերի օգտագործումը, ինչպէս նաեւ այս արիւնալի ճակատամարտերը որպէս Թուրքիայի պայծառ ապագան հաստատող փաստ ներկայացնելը, կամ տարածաշրջանի պատմութեան մի մասը սեփականացնելու միջոցով ընդամէնը քանի դարւայ անցեալով թուրքաօսմանեան պատմութիւնը՝ հազար տարւայ հասցնելը, պէտք է ստանայ արժանի գնահատականը տարբեր տեսանկիւններից։ Սակայն կարեւորը թուրք պետական ​​գործիչների շարունակական պարծենկոտութիւնն է Չալդրանի ճակատամարտում իրենց տարած յաղթանակի մասին՝ առանց յիշատակելու դրա հետեւանքով իրանցիների կրած տառապանքները։

Այս առումով առաջարկում եմ ուշադրութիւն դարձնել հետեւեալ վեց կարեւոր կէտերին. 

Առաջին,

Չալդրանի ճակատամարտը կարելի է անւանել իրանցիների ամենամեծ պատմական ողբերգութիւնը, քանի որ այս պատերազմում, որը տեղի է ունեցել 1514 թւականին՝ Օսմանեան կայսրութեան շահ Իսմայիլ Սաֆաւիի եւ սուլթան Սալիմի օրօք, ում ձեռքերը նաեւ Օսմանեան կայսրութիւնում քառասուն հազար շիաների կոտորածով են արիւնոտ, ինչպէս նաեւ օսմանեան թուրքերի կողմից Իրանի տարածքների ու պատւի նկատմամբ ոտնձգութեան փորձով, տասնեակ հազարաւոր իրանցիներ՝ իրանական բանակի առաջամարտիկ ատրպատականցիների գլխաւորութեամբ, նահատակւել կամ վիրաւորւել են։ Եթի Ղարադաշը (եօթ եղբայրներ, որոնք նահատակւեցին Չալդրանի ճակատամարտում) ու նրանց գերեզմանները, ինչպէս նաեւ Արդաբիլի նահատակների գերեզմանատներն այս հողը պաշտպանելու իրանական էպոսի խորհրդանիշներն են։

Չնայած պատերազմում պարտութեանը, որը հանգեցրեց Թաւրիզի եւ Իրանի հիւսիսարեւմտեան քաղաքների ութօրեայ օկուպացիային, Օսմանեան թուրքերի դաժանութիւնն ու բռնութիւնը Իրանի ազերիների կեանքի, ունեցւածքի եւ պատւի նկատմամբ անասելի դաժանութեամբ է իրականացւել:

Բայց շնորհիւ իրանական բանակի օրինակելի քաջութեան, ինչպէս նաեւ իրանական գաւառների  ու համայնքների հրացանակիրների եւ նոյնիսկ կանանց ներկայութիւնը՝ Շահ Իսմայիլ Սաֆաւիի կնոջ գլխաւորութեամբ, իրանցիների պատմական յիշողութեան սրտում են դաջւել  այս ողբերգական ճակատամարտի հայրենասիրական, ինքնութեան եւ ազգային գործառոյթները։

Երկրորդ,

Էրդողանը Չալդրանի ճակատամարտում տարած յաղթանակը համարել է թուրքերի յաղթանակ, մինչդեռ, ըստ օսմանեան արքունիքի պատմաբանների, այդ թւում՝ Սելանիկի էֆենդիի ու Իբրահիմ Պաչւի էֆենդիի արձանագրութիւնների, Թաւրիզի դէմ իրականացւած բազում յարձակումների ու զաւթումների ընթացքում տասնեակ հազարաւոր ատրպատականցիներ են կոտորւել Թաւրիզում ու Իրանի այլ քաղաքներում, իսկ կանայք բռնաբարւել են օսմանեան թուրքերի կողմից։

Էրդողանն իր յայտարարութիւններում ակամայից յղում է կատարել մի քանի պատմական փաստերի։ Դրանցից մէկը թուրքերի պատմական ատելութիւնն է իրանցիների, մասնաւորապես՝ Իրանի ատրպատականցիների նկատմամբ, ովքեր միշտ եղել են Իրանի ինքնութեան ու սահմանների պաշտպանութեան առաջնագծում՝ օսմանեան թուրքերի ագրեսիայից։ Էրդողանը նաեւ անուղղակիօրէն ընդունել է այս պատմական եւ ռասայական իրականութիւնը, որ իրանցի ատրպատականցին, ում մեր երկրում սխալմամբ թուրքեր են կոչում լրատւամիջոցներում,  ոչ մի կապ չունեն թուրքերի հետ՝ պատմութեան, ռասայի, ինքնութեան եւ կրօնական արմատների առումով: Այլապէս, նրանց սպանդն անցեալում ու ներկայում պատւաբեր չէր համարւելու թուրքերի համար։ Նրանք (ատրպատականցիները) բնօրինակ արիական ցեղ են, ովքեր շիիզմի դրօշի ներքոյ պատմական ժամանակաշրջաններում միշտ դէմ են եղել ներգաղթեալներին, լինեն նրանք մոնղոլներ, թէ թուրքական ներգաղթեալներ ու զաւթիչներ։

Երրորդ,

Չալդրանի պատերազմի վերաբերեալ Էրդողանի յայտարարութիւնները հնչում են, յատկապէս,  այն ժամանակ, երբ Անկարայի հետ կապւած պառակտիչ վարձկանների ցանցը փորձում է աղաւաղել իրանական ինքնութիւնը եւ օտարացնելով այն փորձում են նոյնականացնել ազերիներին ու թուրքերին:

Սա այս տարրերի անարգանքի ու չունեցած ինքնութեան անզօրութեան գագաթնակէտն է, որոնց տէրերը Չալդրանի ճակատամարտում իրանցիների կոտորածը՝ յատկապէս ատրպատականցիների ջարդերը, որպէս յաղթանակ ու պայծառ ապագայ են նշում։ Սակայն այս անինքնութիւն վարձկանները դիմում են ցանկացած ստի՝ ազերիներին շեղելու կամ նրանց իսկական ինքնութիւնը աղաւաղելու համար։

Չորրորդ,

Սա Թաւրիզի, ատրպատականցիների (հեղինակի ձեւակերպմամբ՝ ազերիների) եւ բոլոր իրանցիների հպարտութիւնն է, ովքեր, չնայած օսմանեան թուրքերի կողմից Թաւրիզը քանիցս զաւթելու պատմութեանը, թոյլ չտւեցին, որ այս հողում ու տարածքում մնայ զաւթիչների ամենափոքր հետքն անգամ։ Ինչպէս ընդգծում է իտալացի դիւանագէտ Կատերինօ Զենոն, Թաւրիզի ժողովրդի ապստամբութիւնն ու  Շահ Իսմայիլի նոր զինատեսակներով նորացւող բանակի վախը ստիպեցին սուլթան Սալիմին արագօրէն հեռանալ Թաւրիզից՝ Չալդրանի ճակատամարտից յետոյ։ Ոորշ ժամանակ անց, պատմաբանների արձանագրութիւնները խօսել են այն մասին, որ մեծն Շահ Աբբասից կրած օսմանների պարտութիւնից եւ 1603 թւականին Թաւրիզի ազատագրումից յետոյ, թաւրիզցիները ինքնաբերաբար պատմութեան ընթացքում յիշւող դաս տւեցին զաւթիչներին՝ պատժելով օսմանեան թուրքերի մնացորդներին, որոնք բռնի կերպով ամուսնացել էին Թաւրիզի կանանց հետ։ Այդ իրադարձութիւնների ընթերցումը ուսանելի կը լինի բոլոր նրանց համար, ովքեր չարամտօրէն հեգնում են իրանական ինքնութիւնը, կամ նրանց վարձկան տարրերին՝ թաւրիզցիների ու ազերիների ինքնութիւնը չճանաչելու համար։

Հինգերորդ,

Չալդրանի պատերազմը Մալազկերտի պատերազմի հետ համեմատելը եւ համատեղելն ու միասին ներկայացնելը նոյնպէս բազմիմաստ կարող է լինել:  Մալազկերտի ճակատամարտում, որը տեղի է ունեցել 1071 թւականին մի կողմից սելջուկ թուրքերի (որոնցից շատերը հետագայում ձուլւել են իրանական քաղաքակրթութեան մէջ) եւ միւս՝ Բիւզանդական կայսրութեան միջեւ Մանզիկերտի մօտ, որը գտնւում է Թուրքիայի Մուշ նահանգում (Արեւմտեան Հայաստան-ԱԼԻՔ), բռնագրաււեցին  բիւզանդական հողերը Անատոլիայում: Պէտք է նշել, որ հակառակորդ բանակները մուսուլմաններ չէին, սակայն Չալդրանի ճակատամարտում հակառակորդ բանակները ոչ միայն իրանական ինքնութեամբ ատրպատականցիներ էին, այլեւ մուսուլմաններ էին: Հետեւաբար, նման համեմատութիւնն իր հիմքում ունի նոյն «ռաֆիդական» մօտեցումը՝ շիաներին կրօնից դուրս անւանելով՝  իրանցիների նկատմամբ աղանդաւորական հայեացքներ տարածելը։

Վեցերորդ,

Օսմանեան թուրքերն ունեն ցեղասպանութեան, կոտորածների եւ թալանների երկար պատմութիւն՝ ուղղւած տարբեր էթնիկ խմբերի եւ փոքրամասնութիւնների, այդ թւում՝ հայերի, յոյների, քրդերի, արաբների, ալաւիների, շիաների եւ լազերի նկատմամբ՝ Բալկաններից մինչեւ Կովկաս։ Չնայած այն հանգամանքին, որ այս կոտորածներից մի քանիսը, այդ թւում՝ 1915 թւականի հայկական կոտորածը, լաւ յայտնի են աշխարհին եւ հանգեցրել են որոշ թուրք պաշտօնեաների ներողութեանը՝ բազմաթիւ պատճառներով, սակայն բրիտանական քաղաքականութեան ազդեցութեամբ պայմանաւորւած՝ օսմանեան թուրքերի կողմից ատրպատականցիների ցեղասպանութեան հարցը չի բարձրացւել ո՛չ Չալդրանի ճակատամարտից (1514) յետոյ Թաւրիզն օկուպացնելու ժամանակ, ո՛չ էլ 1585 թւականին դրա օկուպացւած ժամանակաշրջանում։

Սա այն դէպքում, երբ օսմանեան մուֆթիների եւ պատմաբանների գրքերն ու աշխատութիւնները, ինչպէս նաեւ այլ պատմական փաստաթղթեր վկայում են տասնեակ հազարաւոր ատրպատականցիների, ինչպէս նաեւ հայերի, իրանցի քրդերի եւ այլ քաղաքացիների կոտորածի մասին Թաւրիզում, Արդաբիլում ու Իրանի այլ քաղաքներում։

«Անցումային ու իրաւայաջորդութեան արդարադատութեան» շրջանակներում եւ միջազգային իրաւունքի «անպատժելիութեան» սկզբունքի հիման վրայ, ինչպէս նաեւ Չալդրանի նահատակների եւ օսմանեան թուրք հրոսակախմբերի գործած յանցագործութիւնների բոլոր այլ զոհերի հոգիները յարգելու համար, եւ հաշւի առնելով, որ Անկարայի պաշտօնեաները դեռեւս հպարտութեամբ Չալդրանի պատերազմը անւանում են Թուրքիայի ապագայ հեռանկարների պատմական օրինակ, անհրաժեշտ է օսմանեան թուրքերի կողմից «ատրպատականցիների ցեղասպանութեան» եւ պանթուրքիզմի ոտնձգութիւնից Ատրպատականի ինքնութեան պահպանման հարցը, ինչպէս եւ իսկական ինքնութեան ապաթուրքացման հարցը դնել մեր այս սահմանների ու տարածքների համար մտահոգւող բոլոր մտածողների օրակարգում։

Related Articles

Back to top button