Միքայէլ Սրբազանի փաստաբան. «Փաշինեանը վաղուց երազում է Մայր Աթոռում «կոտորած» կազմակերպել»

«ԱԼԻՔ» – Միքայէլ Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Մարինէ Ֆարմանեանը յայտարարութեամբ է հանդէս եկել։
«Փաստաբաններ Արա Զոհրաբեանի եւ Արման Թաթոյեանի մասին զրպարտութիւն տարածողներին եւ ոչ միայն, յատուկ զգուշացում:
Որոշ սոցիալական հարթակներում շրջանառւում է մի զրպարտութիւն, ըստ որի՝ փաստաբաններ Արա Զոհրաբեանը եւ Արման Թաթոյեանը համոզել են Միքայէլ Սրբազանին յանձնւել իրաւապահներին եւ կալանաւորւել: Ես ականատես եմ եղել ողջ պրոցեսին, թէ ինչու եւ ինչպէս է Սրբազանը որոշել Վեհարանի շէնքից դուրս գալ եւ գնալ քննչական կոմիտէ:
Նախ՝ Միքայէլ Սրբազանն իմաստուն եւ քաջ մարդ է, եւ ի տարբերութիւն էժանագին թեմաներով դիւիդենտներ շահելու փորձ անող քաղաքական ուժերի եւ անձանց, յստակ գիտակցելով, որ իր չգնալը կարող է հարիւրաւոր մարդկանց համար ճակատագրական լինել եւ Աստւած մի արասցէ, ողբերգական վերջանալ, որոշեց, հակառակ իր աջակիցների կամքի, գնալ քննչական կոմիտէ:
Երբ Սրբազանը դուրս էր եկել Վեհարանից, քննչական կոմիտէն արդէն հաղորդագրութիւն էր տարածել, որ արդարադատութեան իրականացմանը խոչընդոտելու փաստի առթիւ քրէական վարոյթ է նախաձեռնւել:
Ճիշտ է, առաւօտեան ժամերին Նիկոլ Փաշինեանի ոստիկանութեանը չյաջողւեց Սրբազանին Մայր Աթոռից ձերբակալելու, սակայն վերը նշւած քրէական վարոյթից յետոյ, լեգիտիմ հիմք էր ստեղծւելու Սրբազանին ձերբակալելու գործընթացը խոչընդոտող բոլոր անձանց, այդ թւում՝ հոգեւորականներին, «յանցանքի» կատարման պահին ծեծուջարդով բերման ենթարկելու՝ դրան յաջորդող իրաւական հետեւանքներով, եւ ըստ էութեան, ականատես էինք լինելու տիեզերական մասշտաբի այնպիսի խայտառակութեան, որի համեմատ, Մայր Աթոռում յունիսի 27-ի սարսափելի տեսարանը մեղմ վիճակ էր թւալու:
Նիկոլ Փաշինեանը վաղուց երազում է Մայր Աթոռում «կոտորած» կազմակերպել եւ այդ նպատակը նա չի էլ թաքցնում, հակառակ դէպքում հնարաւոր չէ բացատրել նրա՝ սահմռկելի խօսոյթն ու վարքը հանրային հարթակում:
Սրբազանը փաստացի խափանեց վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրէշաւոր պլանը՝ Մայր Աթոռի վրայ արշաւելու եւ հոգեւորականների նկատմամբ բռնութիւն գործադրելու կամ գուցէ որոշ ժամանակով հետաձգեց այն: Հետեւաբար, ձեր՝ շրիշակից ցածր «դաւադրութեան տեսութիւնները» պահէք ձեզ:
Երկրորդ՝ այն անձինք (այդ թւում՝ իմ կողմից ընդունւած եւ յարգւած), որոնք էժանագին բամբասանքի մասնակիցը չեն, բայց կարծում են, որ Սրբազանը չպէտք է դուրս գար Մայր Աթոռից, պարզապէս սխալւում են:
Ընկերնե՛ր, դուք ձեզ հարց տւե՞լ էք, թէ Մայր Աթոռի կենդանի պատնէշը քանի՞ օր, ամիս կամ տարի պիտի պահպանէր Սրբազանին եւ դիմադրէր ոստիկանական ահռելի ուժերին: Իհարկէ, դուք ձեզ այդ հարցը չէք տւել եւ տրւել էք ձեր յոյզերին: Իսկ փաստն այն է, որ Մայր Աթոռի կենդանի պատնէշը մի քանի օրից կը կազմաքանդւէր կամ «հատ առ հատ» կը ձերբակալւէր, իսկ Սրբազանը կը դառնար քննութիւնից թաքնւող եւ քրէկան վարոյթին խոչընդոտող, ինչը թոյլ կը տար իրաւապահ համակարգին աւելի բիրտ վերաբերւել գերաշնորհ տիրոջ հանդէպ եւ նրան ի ցոյց աշխարհի՝ ձեռնաշղթաներով կը տանէին:
Ինչ խօսք, Նիկոլը լաւ էր մտածել, բայց Սրբազանը նրանից խելացի եւ խոհեմ գտնւեց եւ թոյլ չտւեց, որ այդ օրը իրենից բացի այլ անձինք տուժեն:
Ու նաեւ, այստեղ՝ ֆէյսբուքում, «Սրբազանը չպէտք է իր ոտքով յանձնւէր» բարձրագոչ գրառումներ անողներից ոմանց տեսայ, թէ ժամը քանիսին էիք ճեմելով Մայր Աթոռ եկել: Ասեմ, որ, եթէ ձեր յոյսով լինէր Սրբազանը, ապա նրան մինչեւ ձեր գալը 4 անգամ տարած կը լինէին արդէն, այնպէս որ, պէտք չէ ֆետիշ անել կամ մութ սենեակներում կատուներ փնտրել, երբ դու ինքդ դրա հետեւանքի պատասխանատուն չես:
Նաեւ յատուկ զգուշացում այս թեմայով դաւադրութիւններ փնտրող մեր փաստաբան գործընկերներին. բարձր գնահատելով ձեր սրտացաւութիւնը եւ աջակցութիւնը Սրբազանին, այնուամենայնիւ, յորդորում եմ պահպանել փաստաբանի վարքագծի կանոնները եւ չմտնել այլ փաստաբանների եւ նրանց վստահորդի յարաբերութիւններին մէջ եւ չորոշել ուրիշի վստահորդի պաշտպանական մարտավարութիւնը»,- յայտարարել է փաստաբանը։