Հարցաքննութեան են կանչւել Արծւիկ Մինասեանն ու Սէյրան Օհանեանը. նրանք ցուցմունք չեն տւել

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 8-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Արծւիկ Մինասեանն ու Սէյրան Օհանեանը հրաւիրւել են հարցաքննութեան՝ իրենց նկատմամբ յարուցւած հանրային քրէական վարոյթի շրջանակում։
Պատգամաւորները հրաժարւել են ցուցմունք տալուց:
«Սա իրաւական տեսակէտից զուրկ, քաղաքական հետապնդման դասական օրինակ է, մինչեւ միջազգային դատարաններ գնալու ենք։ Այս մարդիկ՝ դատախազի գլխաւորութեամբ, բոլորը ներողութիւն են խնդրելու։ Որպէս խափանման միջոց ընտրւել է բացակայութեան արգելքը։ Հրաժարւել եմ ցուցմունք տալուց, քանի որ սա քաղաքական հետապնդում է եւ զուրկ է իրաւական որեւէ հիմքից»,- լրագրողներին ասել է Արծւիկ Մինասեանը՝ յաւելելով. «Նիկոլիզմի վերջ տրւելու է»։
«Հարցաքննւում էի, մեղադրանք է առաջադրւել, մեղադրանքի դրւագների հետ համաձայն չեմ, նաեւ օգտւելով իմ իրաւունքից ցուցմունք չեմ տւել։ Առողջական խնդիրներ ունեմ, ինձ զանգահարել, բուժհիմնարկից են հրաւիրել ՔԿ, հաշւի առնելով, որ 18 ժամւայ ընթացքում մեղադրանք է առաջադրւելու՝ ներկայացել եմ»,- ՔԿ-ից դուրս գալուց յետոյ լրագրողների հետ զրոյցում նշել է Սէյրան Օհանեանը՝ յաւելելով, որ վերջին 1.5 ամսւայ ընթացքում նախաինսուլտային վիճակում է եղել։
Հարցին, թէ մեղադրանքի որ դրւագների հետ համաձայն չէ, Սէյրան Օհանեանն ասել է․ «Ես ստորագրել եմ մի փաստաթուղթ, ըստ որի՝ նախաքննական գաղտնիք չպէտք է հրապարակել»։