Հայաստան - ԱրցախՔաղաքական

Միհրդատ Մադաթեան. «Ահա եւ վերջ․․․կարծես թէ պատմութիւնն աւարտւում է»

«ԱԼԻՔ» – Ճանաչւած հոգեբան Միհրդատ Մադաթեանը ֆէյսբուքեան իր էջում Նիկոլ Փաշինեանին ուղղւած բաց նամակ է հրապարակել:

«Բաց նամակ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող պատահական մի անձի՝ Նիկոլ Փաշինեանին:

Դէ ինչ պրն. Փաշինեան, ահա եւ վերջ, կարծես թէ պատմութիւնն աւարտւում է։ Ընդ որում աւարտւում է այնպէս, ինչպէս ժողովուրդն է ասում՝ 40 օրում (յիշենք յայտնի ասացւածքը գողի եւ անբարոյականի մասին), եւ աւարտւում է անխուսափելիօրէն։ Այս պատմութիւնը կը մնայ Հայոց տարեգրութեան մէջ որպէս ժողովրդական ամօթի, անարժանապատւութեան, խաբէութեան ու ազգային նւաստացման, հայրենադաւութեան եւ հերոսների ոչնչացման դարաշրջան…

Ակնյայտ է, որ դուք դա բոլորից լաւ էք հասկանում եւ վերջին շրջանում յանձնւել էք ձեր հիսթերիկ վախին՝ ամէն անկիւնում դաւադրութիւն էք տեսնում։ Ասեմ, որ ճիշտ էք անում: Այո՛, այլեւս Հայաստանում, ամէն անկիւնում Ձեզ են հայհոյում։ Այլեւս Հայաստանում բաժակ չի բարձրացւում առանց ձեր «ծնողին» յիշելու եւ ձեր ընտանիքը, պարսաւանքի խօսքերով յիշատակելու։ Այո՛, դուք հասաք ձեր բաղձալի երազանքին՝ դուք այժմ նոյնիսկ Հերոստրատոսից յայտնի էք, ով իր անունն անմահացնելու համար, մ.թ.ա. 356 թ. այրեց աշխարհի 7 հրաշալիքներից մէկը՝ Եփէսոսի Արտեմիսի տաճարը։ Դուք փորձեցիք աշխարհից բնաջնջել աշխարհի ամենահին ազգերից մէկը, վերացնել հաւատը՝ Քրիստոսին առաջինը ընդունած երկրում… ՉՍՏԱՑՒԵՑ, եւ ձեր պատմութիւնը մօտեցաւ իր աւարտին։

Ես միշտ համոզւած եմ եղել, որ ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգիւլի գերեզմանի նման դառնալու է ՀԱՅԻ մաղձ թափելու վայր, ու հիմա աւելի քան երբեք, իրական եմ տեսնում այդ մօտալուտ ապագան։ Եւ ամենագեղեցիկը այն է, որ դուք աւարտւում էք խեղդւելով ձեր իսկ վախերի մէջ։ Օրէցոր, ձեր վախերից, ձեր մակերիկամներում արտադրւած ադրենալինը ներթափանցում է ձեր արեան մէջ, առաջացնելով ձեզ մօտ ստխփոցներ, արեան ճնշման բարձրացում, քրտնարտադրութիւն, դող… եւ այդ վիճակն արդէն ձեզ մօտ մշտական է, ու համոզւած եմ, որ ամէն ինչ կը տայիք, միայն թէ 10 րոպէով այն ձեզ հանգիստ թողներ։ Բայց ոչ, դա այլեւս տեղի չի ունենայ, ու դուք ձեր մնացած կեանքը, ու ես ցանկանում եմ, որ այն երկար տեւի, կապրէք այդ վիճակում՝ վախով, տագնապով, ամէն վայրկեան սպասելով, որ հիմա ինչ-որ մէկը «թփերի տակից դուրս կը գայ», սարսափելով Սողոմոն Թեհլերեանի, կամ աւելի շուտ կամայական հայրենասէր հայի անունից նոյնիսկ…

Ահա եւ վերջ, ընդ որում ուզէք դուք դա թէ ոչ։ Ձեզ թւում էր, որ աշխարհն անծայրածիր է, եւ երբ սկսում էիք ձեր ճանապարհը, կարծում էիք, որ յուզական է ու բարիացակամ։ Պարզւեց, որ բոլորովին էլ այդպէս չէ, աշխարհը շատ փոքր է ու նեղ, ու բոլորովին չի ներում դաւաճան ու ստոր մարդկանց։ Ու այսօր, երբ առօրեական է մտածել, թէ ուր պէտք է փախչէք, աշխարհի վրայ գէթ մի կղզի չէք գտնում, որտեղ ձեզ անվտանգ կը զգաք։ Ու չկայ այդ աշխարհում գէթ մէկը, մի բարեկամ, ով ձեզ երաշխիքներ կը տայ… Ցաւում եմ, բայց սա ձեր իրական արժէքն է… Դուք գնալու տեղ էլ չունէք եւ ձեր ֆիզիկական ընտրութիւնը շատ փոքր է՝ մնալ հայրենիքում ու պատասխանատւութեան ենթարկւել, կամ…

Ես շատ լաւ եմ հասկանում ձեր այսօրւայ վախի մթնոլորտ տարածելը՝ ապօրինի ու անհիմն ձերբակալութիւններն ու խուզարկութիւնները, ձեր մահապարտ-թիմակիցներին սրա նրա վրայ «ֆաս» հրահանգ տալը… Սակայն ասեմ, որ ձեր ստեղծած իրականութեան մէջ, ազատութեան մէջ շատ աւելի քիչ առաքինի մարդ կայ (տոկոսային յարաբերակցութեամբ), քան ազատազրկման վայրերում։ Ձեզ թւում է, որ ձերբակալելով Սրբազաններին… Սամուէլ Կարապետեանին… հիմա էլ շուտով Արթուր Սարգսեանին, երեկոյեան, գոնէ մի ժամով ձեզ համակած քրիոնիկական վախի հոգեվիճակը մի փոքր կը թուլանայ… Բայց ոչ։ Հաւաստացնում եմ ձեզ, որ այն ձեզ ուղեկցելու է այսուհետեւ միշտ, անողոք ու անկոտրում պատժելով ձեզ այն բոլոր մեղքերի համար, որոնք դուք գործել էք ձեզ հաւատացող ՀԱՅԵՐԻ նկատմամբ, ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ նկատմամբ… ու եթէ դուք անձամբ առաջնորդէք ոսոխների յարձակումը Վեհարանի վրայ ու անձամբ ձերբակալէք Վեհափառին, հաւատացնում եմ ձեզ, որ ձեր պատմութիւնը միեւնոյն է աւարտւելու է եւ նոյն այն պահին, երբ պիտի աւարտւէր, իսկ ձեր էութիւնը կրծող վախը, որը ի ծնէ ձեզ ուղեկցում է, ոչ մի կաթիլ չի պակասելու։

Ես միշտ հաւատացել եմ, որ «դժոխքը» դա վիճակ է, որը մարդն ապրում է իր կեանքի ընթացքում։ Իմ պատկերացրած դժոխքը՝ դա Ռասկոլնիկովի կեանքն էր պառաւին սպանելուց յետոյ։ Դուք հիմա արդէն այդ վիճակում էք։ Դա նկատւում է ձեր աչքերից, կատարած գործողութիւններից, դրած գլխարկից… Ու դա թաքցնելն անհնար է։

Ահա եւ վերջ, ու ինչքան էլ դուք հիմա չձերբակալէք, արագ նոր բանտեր չշինէք ու ոստիկանների աշխատավարձը չբարձրացնէք, շատ շուտով, դպրոցներում, Հայոց Եկեղեցու պատմութեան դասերից մէկը անպայման նւիրւած է լինելու ձեզ, որտեղ պատմւելու է թէ ինչպէս մի արժէք չունեցող մարդ, խաբէութեամբ եկաւ իշխանութեան եւ փորձեց վերացնել Հայոց աշխարհը։ Ու անպայման, մի գարնանային արեւոտ օր, ԻՐԱՊԷՍ ԿՐԹՒՈՂ աշակերտները, ուսուցողական էքսկուրսիայով գալու են ձեր գերեզմանին՝ իրենց մաղձը թափելու, որպէսզի հասկանան որ ՀԱՅ են։

Ժամանակին մի աւագ ընկեր ասել էր՝ «Եթէ «դուխովը» գլխարկիդ չի գրած, այլ ճակատիդ, պիտի կարողանաս հասնել չափազանց լուրջ նպատակների»։ Ձեր «դուխը» միայն գլխարկին էր գրւած, իսկ եթէ դու կատու ես, ապա ինչքան ուզում ես վագրի դիմակ հագիր…

Ահա եւ վերջ պրն. Փաշինեան, եւ կրկին մնացիք դուք երկուսով՝ դուք եւ ձեր վախերը… Այժմ արդէն ամբողջ աշխարհում՝ մէն-մենակ ձեր վախերի հետ։ Ես ամբողջ կեանքում ատել եմ վախկոտ մարդկանց, նրանցից ամէն ստորութիւն կարելի է ակնկալել։

Միհրդատ Մադաթեանից»,- գրւած է նամակում:

Related Articles

Back to top button