ԱՄՆ-ն եւ Եւրամիութիւնը պայմանաւորւել են առեւտրային գործարքի շուրջ

«ԱԼԻՔ» – Միացեալ Նահանգները եւ Եւրամիութիւնը պայմանաւորւել են առեւտրային գործարքի շուրջ, յայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Sky News-ը։
Այս յայտարարութիւնն արւել է Շոտլանդիայի իր գոլֆ-հանգստավայրերից մէկում Եւրոպական յանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դէր Լայէնի հետ Թրամփի հանդիպումից յետոյ։
Թրամփն ասել է, որ ԵՄ-ի հետ գործարքը «երբեւէ կնքւածներից ամենախոշորն է», եւ այն «հիանալի կը լինի աւտոմեքենաների համար»։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ գլխաւոր գայթակղաքարը «արդարութիւնն» է՝ կապւած ամերիկեան աւտոմեքենաների եւ գիւղատնտեսական արտադրանքի արտահանման խոչընդոտների հետ։
Նա բանակցութիւններ է սկսել՝ պահանջելով աւելի արդար առեւտուր ԵՄ 27 անդամ երկրների հետ եւ սպառնալով բարձր մաքսատուրքերով՝ այդ նպատակին հասնելու համար, միեւնոյն ժամանակ պնդելով, որ ԱՄՆ-ը 15%-ից ցածր չի նւազեցնի ներմուծման հարկերը։
Թրամփը յայտարարել է իր բոլոր գործընկերների, այդ թւում՝ ԵՄ-ի ներմուծման վրայ բարձր մաքսատուրքերի մասին՝ յոյս ունենալով կրճատել ԱՄՆ-ի խոշոր առեւտրային դեֆիցիտը։ Այն դէպքում, եթէ գործարքը չկայանայ եւ ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 30-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանի, ԵՄ-ն պատրաստել է պատասխան մաքսատուրքեր ԱՄՆ-ից ներկրւող 93 մլրդ եւրոյի ապրանքների համար։