Գեղամ Մանուկեան. «Նիկոլ Փաշինեանը հերթական անգամ Հայաստանը ներքաշում է վտանգաւոր արկածախնդրութեան յորձանուտ»

«ԱԼԻՔ» – Վերջին օրերին տեղական եւ ոչ տեղական մամուլում տեղեկութիւն էր շրջանառւում, որ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն այս ուրբաթ ընդունելու է Նիկոլ Փաշինեանին եւ Իլհամ Ալիեւին, եւ, որ Թրամփի միջնորդութեամբ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները ստորագրելու են խաղաղութեան ձգտման փոխըմբռնման յուշագիր, կամ, ինչպէս ադրբեջանական աղբիւրներն են նկատել՝ «մտադրութիւնների նամակ», եւ ոչ թէ՝ խաղաղութեան համաձայնագիր։
Փաշինեանի աշխատակազմը չէր հերքել շրջանառւող լուրերը, իսկ այսօր արդէն պաշտօնապէս յայտնի դարձաւ, որ oգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինեանն այց կը կատարի Ամերիկայի Միացեալ Նահանգներ։
Վաշինգտոնում նա երկկողմ հանդիպում կունենայ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերութիւնը խորացնելու նպատակով, ինչպէս նաեւ եռակողմ հանդիպում Դոնալդ Թրամփի եւ Իլհամ Ալիեւի հետ՝ միտւած տարածաշրջանում խաղաղութեան, բարօրութեան եւ տնտեսական համագործակցութեան առաջմղմանը։
168.am-ն ««Արծիւ գործընկեր» հայ-ամերիկեան զօրավարժութիւնները եւ Ադրբեջանի՝ ԱՄՆ-ի համար «որոշւած» պատասխանատւութիւնը՝ երէկ եւ այսօր» վերտառութեամբ յօդւած էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր Ադրբեջանի՝ ԱՄՆ-ի համար «պահած» պատասխանատւութեանը՝ ըստ տւեալ քաղաքական իրավիճակի։ Օրինակ, «Արծիւ գործընկեր-2024» հայ-ամերիկեան զօրավարժութիւնների համատեքստում Ադրբեջանը հնարաւոր էսկալացիայի պատասխանատու ընտրել էր Արեւմուտքին եւ ԱՄՆ-ին, «Արծիւ գործընկեր-2025» զօրավարժութիւնների նախօրէին Փաշինեանը եւ Ալիեւը Թրամփի միջնորդութեամբ հնարաւոր է փոխըմբռնման յուշագիր ստորագրեն խաղաղութեան օրակարգի տրամաբանութեան մէջ։
168.am-ը ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանի հետ զրոյցում փորձել է պարզել՝ արդեօ՞ք սրանով ԱՄՆ-ը մտնում է էսկալացիա թոյլ չտալու պատասխանատւութեան տակ։
– Նախ պէտք է ասել, որ կարծես այլեւս սովորական եւ օրինաչափ է դառնում, որ հայ հասարակութիւնն իր անվտանգութեան, ապագայի հնարաւոր զարգացումների, կարեւոր միջազգային հանդիպումների մասին առաջինը տեղեկանում է ոչ թէ պաշտօնական Երեւանից, այլ ադրբեջանական եւ թուրքական աղբիւրներից։ Ինչպէս Աբու Դաբիի հանդիպման, այնպէս էլ՝ Վաշինգտոնում նախանշւած բանակցութիւնների մասին մի քանի օր շարունակ ադրբեջանական շրջանակները զարգացնում էին թեման, եւ վերջին պահին միայն սկզբում կցկտուր հաստատում է ստացւում ՀՀ կառավարութիւնից, այնուհետեւ՝ պաշտօնական հաղորդագրութիւն տարածւում նախատեսւած հանդիպումների մասին։
Դատելով ամերիկեան պաշտօնական հրապարակային ծրագրից, Վաշինգտոնում տեղի ունեցողը դժւար է կոչել եռակողմ հանդիպում։ Երկու կողմերի հետ առանձնաբար բանակցելուց յետոյ, Թրամփը Փաշինեան-Ալիեւ զոյգի հետ հանդէս է գալու համատեղ յայտարարութեամբ։
Իրականում հայկական կողմն այս հանդիպմանն էլ ոչ թէ մեր երկրի անվտանգային, ապագայի ռազմավարական հարցերն է փորձելու բարձրացնել, տենչում վերականգնել տարածքային հարցեր, հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը լուծել, այլ փորձում է պարզապէս ստանալ ներքաղաքական կեանքում դրօշակ դառնալիք ինչ-որ թղթի կտոր, որով Փաշինեանը փորձելու է մոլորեցնել հանրութեանը։ Ինչեւէ, դէպքերից շատ առաջ չընկնենք։
Մի բան փաստ է՝ ինչպէս եղել է տարիներ շարունակ, այսօր էլ Հայաստանի իշխանութիւնը շարունակում է պատէպատ տրւող, տեղից տեղ թռչկոտող արտաքին յարաբերութիւնները։ Նախ՝ Ռուսաստանի, ապա՝ ԵՄ հարթակներում բանակցութիւններին եւ շուրջ երեք տարի Բաքւի հետ ուղղակի շփումներին հիմա էլ յաջորդում է Վաշինգտոնի միջնորդութեամբ նոր շրջանակի գծումը, որն իր վտանգաւոր ազդեցութիւնն է ունենալու Իրանի, ինչո՞ւ ոչ՝ Ռուսաստանի՝ առանց այն էլ պրկւած յարաբերութիւնների վրայ։
Թեհրանն այլեւս չի էլ թաքցնում խիստ դժգոհութիւնն իր սահմանների երկայնքով ամերիկեան հաւանական ներկայութեան հետ կապւած։
Ներքաղաքական կեանքում թղթի կտոր ստանալու սիրոյն համար Նիկոլ Փաշինեանը հերթական անգամ Հայաստանը ներքաշում է վտանգաւոր արկածախնդրութեան յորձանուտ։
– Այս ամենին զուգահեռ՝ ռուսական կողմը կարծես թէ փորձում է հումանիտար ծրագրերով որոշակի սուր կէտեր հարթել արցախցիների եւ հայ հասարակութեան շրջանում, հնարաւոր է՝ քաղաքական մեսիջնե՞ր կան այստեղ թաքնւած։
– Վերջին օրերին արցախցիներին տրւող ռուսական հումանիտար օգնութեան արշաւը չպէտք է դիտարկել լոկ մարդասիրական քայլ։ Դատելով նաեւ դրա քարոզչական ուղեկցումից, յստակ է, որ այն տեղի է ունենում՝ ինչպէս հայ-ռուսական, այնպէս էլ՝ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ սառնութեան ֆոնին։
– Դուք մասնագիտութեան բերումով շատ լաւ տեղեակ լինելով Թուրքիայի պատմութեանը, քաղաքական նրբութիւններին, կարո՞ղ էք ասել՝ Ադրբեջանի անկախութիւնն այսօր որքանո՞վ է վտանգւած։ Ի դէպ, հաշւի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ղեկավարութեամբ զինւորական բարձրագոյն խորհրդի (YAŞ) նիստը եւ դրա համատեքստում՝ երկրի զինւած ուժերի գլխաւոր շտաբում տեղի ունեցած կադրային փոփոխութիւնները, երբ մասնաւորապէս փոխւել է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետը, կը ցանկանայի, որ անդրադառնայիք նաեւ Թուրքիայում զինւորականութեան այսօրւայ ազդեցիկութեանը, ինչո՞ւ չէ՝ բանակի հանդէպ հասարակութեան վերաբերմունքին, եթէ հաշւի առնենք 9 տարի առաջ տեղի ունեցած ռազմական յեղաշրջման փորձը եւ այդ օրերին քաղաքացիական պահւածքը։
– Այս թեմային կարելի էր հարիւրաւոր էջերով անդրադառնալ։ Իրականում Քեմալի հիմնած Թուրքիայի հանրապետութիւնում աւանդաբար զինւորականութիւնն ունեցել է անվերապահ գերիշխող դեր։ Անցնող տասնամեակներում առնւազն 3 անգամ բանակը յեղաշրջման ճանապարհով իր ձեռքն է վերցրել իշխանութիւնը։ Սակայն Էրդողանի իշխանութեան գալուց յետոյ, եւ վերջինիս ներկայիս ոխերիմ թշնամի գիւլէնական շարժման ներկայացուցիչների հետ ձեռք-ձեռքի տւած՝ 2007 թւականից սկսեալ տարբեր պատրւակներով նա գլխատեց զինւորականութիւնը, բանակը լցրեց իրեն լոյալ ռազմական վերնախաւով։ Եւ հիմա արդէն Թուրքիայի ներքին կեանքում բանակը չունի այն դերակատարութիւնը, որ ունէր երբեմնի հանրապետութիւնում։
Իսկ բանակի վերնախաւում կատարւած կադրային վերջին փոփոխութիւններն արտառոց իրադարձութիւն չէ։ Աւանդաբար երկու տարին մէկ անվտանգութեան խորհրդի նիստում փոխւում է գլխաւոր շտաբի պետը, նաեւ՝ բանակային կորպուսների, տարբեր զօրքերի եւ ժանդարմերիայի հրամանատարները։ Կան յատուկ կանոնակարգեր։ Ցամաքային զօրքերի հրամանատարը դառնում է գլխաւոր շտաբի պետ, իրեն փոխարինում է բանակային առաջին կորպուսի հրամանատարը, եւ այսպէս շարունակ։
– Մօտ մէկ ամսից, ըստ նախատեսւածի, ներկայացւելու է 44-օրեայ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ յանձնաժողովի զեկոյցը։ Ի՞նչ բովանդակութիւն սպասել, ի՞նչ զարգացումներ։ Ի՞նչ էք կարծում` այդ զեկոյցում Փաշինեանին մտահոգող հանգամանքներ կարո՞ղ են լինել, այսինքն, ռազմական նախկին ղեկավարները կարո՞ղ են մտահոգող տեղեկութիւններ յայտնած լինել՝ ԳՇ նախկին պետ, պաշտպանութեան նախկին նախարար։ Ի դէպ, Ձեզ յաջողւե՞ց ծանօթանալ զեկոյցին։
– Որքան տեղեակ եմ, անգամ իշխանական պատգամաւորները հնարաւորութիւն չեն ստացել ծանօթանալ զեկոյցին։ Իսկ բուն հետաքննութեան մասին առանձնապէս ակնկալիքներ չունեմ, եւ մնում ենք մեր նոյն դիրքորոշմանը, որ այս Քննիչ յանձնաժողովն ունեցել է մէկ նպատակ՝ կարգել մեղաւորներ ու մաքրել Նիկոլին եւ քաղաքական ղեկավարութեանը բոլոր պատասխանատւութիւններից։
– Եւ վերջում։ Այսօրւայ պայմաններում Դուք անվտանգային եւ արտաքին քաղաքական խնդիրների լուծումն ի՞նչ կերպ էք պատկերացնում։
– Պատասխանս, թերեւս, լինի տարողունակ, բայց փորձեմ ներկայացնել մեր պատկերացումներն անվտանգային հարցերի շուրջ։
Հայաստանի Հանրապետութիւնը կանգնած է անվտանգային գոյաբանական մարտահրաւէրների առաջ։ 2020 թւականի պատերազմը, ինչպէս նաեւ՝ դրան յաջորդած տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական փոփոխութիւնները ցոյց տւեցին, որ ներկայիս Զինւած ուժերի կառուցւածքն ու գաղափարական հիմքերը չեն համապատասխանում այս ժամանակի պահանջներին։ Այս բարեփոխման հայեցակարգը նպատակ ունի առաջարկել մի նոր մոդել, որը հիմնւած է մարտունակութեան, արդարութեան, ազգային դիմադրողականութեան եւ ժամանակակից ռազմաքաղաքական պատասխանատւութեան վրայ։
1- Բանակը՝ որպէս պետութեան ու ազգի գոյութեան հիմք
ՀՀ Զինւած ուժերը վերաձեււում են՝ ոչ որպէս մէկ առանձնացւած, մեկուսի կառոյց, այլ՝ որպէս ազգային դիմադրողականութեան առանցք։ Բանակը պէտք է լինի ոչ թէ վարչական ինստիտուտ, այլ մարտահրաւէրներին դիմակայող ազգային համակարգ։
Հայաստանին անհրաժեշտ է բանակ, որն ունակ է՝ առերեսւելու ժամանակակից տեխնոլոգիական պատերազմի սպառնալիքներին, վերակենդանացնելու ազգային կամքը, ուժականութիւնը եւ ձեռք բերելու գործողութիւնների ռազմավարական նախաձեռնութեան կարողութիւն։
2- Հասարակական վստահութեան վերականգնում՝ բանակի հեղինակութեան միջոցով
Ծառայութիւնը պէտք է դառնայ պատիւ, ոչ թէ պատիժ։ Բանակի մասին խօսքը պէտք է լինի հպարտութեան, ոչ թէ վախի աղբիւր։
3- Ատեստացիայի արմատական վերանայում եւ սպաների պաշտպանութիւն, սոցիալական արդարութիւն
Անարդար բանակը չի կարող լինել յաղթող բանակ։
Այսօր բանակում խորանում է սոցիալական պառակտումը։ Սպաների ատեստացիոն գործընթացը վերածւել է քաղաքական լոյալութեան ֆիլտրի՝ փոխարէնը լինելով որակի գնահատման գործիք։
Ատեստացիայով բարձր աշխատավարձ են ստանում շտաբային ծառայողները, բարձրաստիճան հրամանատարական կազմը, իսկ պայմանագրային զինծառայողների, մասնագիտական տարբեր խմբերին մաս կազմողները, մեծամասամբ մարտական հերթապահութիւնում, մարտական զօրմասերում գտնւողները տարբեր պատճառներով զրկւում են այդ հնարաւորութիւնից։
Ատեստացիոն քաղաքականութիւնը պէտք է դառնայ ոչ թէ լոկ աշխատավարձ բարձրացնելու միջոց, այլ պրոֆեսիոնալիզմի գնահատման գործիք։ Պէտք է ներդնել բաց, բողոքարկելի, մասնագիտական փորձաքննութեամբ ապահովւած ընթացակարգեր։ Իսկ զինւորականութեան աշխատավարձերի բարձրացման հիմքում պէտք է դնել բազային աշխատավարձի աւելացումը։
Ծառայութիւնից յետոյ՝
– ուսման արտօնութիւններ,
– հարկային արտօնութիւն,
– պետութեան աջակցութեան ծրագրեր։
Սա ձեւաւորում է բանակի շուրջ դրական սոցիալական մթնոլորտ։
4- Ազգ–Բանակ հայեցակարգի վերաիմաստաւորում՝ դիմադրողականութեան մոբիլիզացիայի համակարգ
2017 թ․ «Ազգ-Բանակ» հայեցակարգը կարեւոր սկզբունքներ էր ձեւակերպել, սակայն չիրականացւեց ամբողջութեամբ։ Հիմա եկել է պահը դրանք վերաիմաստաւորելու՝ ազգային դիմադրողականութեան մոբիլիզացիայի համակարգի շրջանակում։
Մասնաւորապէս՝
– Պէտք է ապահովել հասարակութեան եւ բանակի բարոյահոգեբանական կապը՝ որպէս անվտանգութեան հիմնական ռեսուրս։
– Անհրաժեշտ է պետութեան ամբողջ ներուժի մոբիլիզացիա՝ անվտանգութեան ապահովման համար։ Եւ ոչ միայն զինւորական, այլ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտների մասնակցութեամբ։
– Կայուն պահեստազօրային համակարգի ներդրում, ազգային դիմադրողականութեան ներուժ։ Սա ենթադրում է պաշտպանական վերապատրաստում եւ ռազմամարզական դասընթացներ դպրոցներում, ԲՈՒՀ-երում։
– Սփիւռքի ներուժի ինտեգրում, այդ թւում՝ տեխնոլոգիական, հետախուզական, փորձագիտական առումով։
– Բանակը միայն զէնք կրողը չէ։ Բանակը հայրենիքի համար կռւող, մտածող, ստեղծող ու դիմադրող ողջ հասարակութիւնն է։
5- Զինւած ուժերը՝ պետութեան նոր դէմքը
Այս ծրագիրը միտւած է բանակը վերածել ոչ միայն ռազմական ուժի, այլ նաեւ արժէքային համակարգի։ Զինւորականութիւնը պէտք է լինի ազնւութեան, պատասխանատւութեան, հայրենանւէր ծառայութեան խորհրդանիշ։ Եթէ ուզում ենք, որ մարդիկ չվախենան բանակից, պէտք է փոխենք ոչ միայն մարդկանց վերաբերմունքը, այլեւ բանակի իրականութիւնը։
6- Ինչպէս վերացնել բանակ ուղարկելու վախը
– Պէտք է ապահովել նաեւ ներքին անվտանգութիւն ծառայութեան ընթացքում։
Այսինքն, բանակը պէտք է լինի օրէնքի ենթակայ տարածք, ոչ թէ չգրւած կանոնների վայր։ Զինւորի կեանքն ու արժանապատւութիւնը պէտք է պաշտպանւած լինեն ոչ միայն թշնամուց, այլեւ ներսից։
– Վստահութիւն պէտք է լինի սպայական կազմի նկատմամբ։ Ծնողները վախենում են, երբ չգիտեն՝ ում են յանձնում իրենց զաւակին։ Պէտք է ունենալ ուսումնասիրւած, գնահատւած, հոգեբանօրէն պատրաստ սպայական կազմ։
– Հերոսական եւ դրական օրակարգի ձեւաւորում մեդիայում եւ հանրային գիտակցութեան մէջ։
– Շեշտը դնել հերոսութեան, պարտքի ու յաղթանակի վրայ։ Բանակը չպէտք է միայն դժբախտութեան աղբիւր ներկայացւի։
Զրոյցը՝ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ