Վարդան Ոսկանեան. «Իրանից հնչած պաշտօնական տեսակէտները պարունակում են անհանգստութիւններ»

«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեան սոցցանցերի իր հարթակներում անդրադարձել է վաշինգտոնեան հանդիպման վերաբերեալ Թեհրանից հնչող արձագանքներին:
«Դիւանագիտական պաճուճանքները մի կողմ դնելով, Իրանից հնչած պաշտօնական տեսակէտները, որոնք ներառում են ԱԳՆ յայտարարութիւնը եւ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի բացառիկ հարցազրոյցը «Թասնիմ» լրատւական գործակալութեանը, պարունակում են անհանգստութիւններ Վաշինգտոնում երէկ տեղի ունեցածի վերաբերեալ։
Մասնաւորապէս, Վելայաթիիի հարցազրոյցից դատելով՝ Իրանը մտադրութիւն ունի համագործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը հակազդելու նպատակով՝ համարելով, որ նման ներկայութիւնը ռիսկեր է պարունակում երկու երկրների համար։
Ուշագրաւ է, որ, ըստ Վելայաթիի, Իրանը՝ նոյնիսկ առանց Ռուսաստանի էլ, «կխոչընդոտի Կովկասում ամերիկեան միջանցքին»։
Հայաստանի համար չափազանց վտանգաւոր կարող է լինել, եթէ մեր երկիրը յայտնւի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակէտում, ուստի առայժմ ոչ միայն վաղ է էյֆորիկ կերպով հրճւել «յաւիտենական» խաղաղութեամբ, այլ նաեւ պէտք է գնահատել եւ կառավարել բոլոր հնարաւոր մարտահրաւէրները»,- գրել է նա: