Զախարովան Կալլասին «կրիտիկական անգրագէտ» է կոչել

«ԱԼԻՔ» – Եւրոպական դիւանագիտութեան ղեկավար Կայա Կալլասի խօսքերը Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացման մասին վկայում են նրա բացարձակ անգրագիտութեան մասին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ իր Telegram ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպէս է նա արձագանքել Կալլասի այն յայտարարութեանը, որ «չինացիները ակնառու հմտութիւններ ունեն տեխնոլոգիաների ոլորտում, բայց սոցիալական գիտութիւնների ոլորտում նրանց նւաճումները զիջում են ռուսներին, ովքեր, իրենց հերթին, այդքան էլ ուժեղ չեն տեխնոլոգիաներում, բայց ուժեղ են սոցիալական գիտութիւններում»։
«Եթէ Ռուսաստանը «այդքան էլ ուժեղ չէ տեխնոլոգիաներում», ո՞վ է կառուցել Ղրիմի կամուրջը։ Ո՞վ է հրթիռներ արձակում Վոստոչնի տիեզերանաւից։ Ո՞վ է ստեղծել Օրեշնիկը։ Եւ այլն, եւ այլն։ Կրիտիկական անգրագէտ Կալլաս»,- նշել է Զախարովան։