Լիլիթ Գալստան. «Կրակի լափերը մօտեցել են մեր ողնայարին՝ արժէքներին, հաւաքական յիշողութեանը, սրբութիւններին… Դեռ լռողներ կան…»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել նախօրէին բեմադրւած «Ցանկապատ» ներկայացմանը, որի մասին գովասանական խօսքեր է շռայլել Նիկոլ Փաշինեանը:
Գալստեանը զգուշացրել է. «Պատմականօրէն յայտնի երեւոյթ է՝ դիկտատուրան պահելու գլխաւոր գործիքներից մէկն էլ յատկապէս՝ ուղեղների եւ արժէքների տոտալ վերահսկողութիւնն է, այլախոհութեան տոտալ մերժումը»:
«ՈՐ ՉԱՅՐՒԵՆՔ
Պատմականօրէն յայտնի երեւոյթ է՝ դիկտատուրան պահելու գլխաւոր գործիքներից մէկն էլ յատկապէս՝ ուղեղների եւ արժէքների տոտալ վերահսկողութիւնն է, այլախոհութեան տոտալ մերժումը։ Վերահսկողութեան եւ հոգեբանական ճնշման այնպիսի մեթոդների որդեգրումը, երբ անգամ զոհն համոզում է ունենում, թէ իր իղձն է այդպիսին։
1933-ին նացիստները Բեռլինի հրապարակում այրեցին հազարաւոր գրքեր, որոնք համարւում էին «ոչ գերմանական», քանի որ չէին համապատասխանում ֆիւրերի կողմից «Մայն Կամպֆ»-ում ձեւակերւած իրական Գերմանիայի գաղափարախօսութեանը։
Մ.թ.ա. 213 թ․ Ցին Շի Հուանդիի հրամանով այրւեցին հազարաւոր գրքեր, իսկ կոնֆուցիականութեան հետեւորդներին ողջ-ողջ թաղեցին։
1258 թ․ մոնղոլները հողին հաւասարեցրին Բաղդադի Իմաստութեան տունը, 1430-ին կոնֆեսկադորներն այրեցին ացտեկների ձեռագրերը, 1981-ին Շրի Լանկայում հրկիզւեց հանրային գրադարանը։
Ըստ էութեան, գիրքը նաեւ արժէհամակարգ է, ինքնութիւն։ 18-րդ դարում ֆրանսիական արքունիքի հրամանով այրւեցին Վոլտերի նամակները՝ դրանք «պախարակում էին» Ֆրանսիան։
Երկրից եւ ժամանակից կախւած «այրելը» տարբեր դրսեւորումներ է ունենում։
Նաբոկովը, Բրոդսկին եւ ուրիշներ հեռացան՝ չայրւելու համար, Ցւետաեւան վերադարձաւ ու կախւեց։ Բոլոր ռեժիմների վարքն է այդպիցին՝ այրել, թաղել, արժէզրկել, ոչնչացնել /նոյնն են/ կամ կաղապարել, սարքել կացին, մանկուրտ, սեփական ագիտպրոպագանդայի մաս։
Իշխանութիւն պահելու գործիքները չեն փոխւել. սա ռազմավարութիւն է առանց իզմերի՝ «կրթել սեփական ժողովրդին սեփական կարիքներին համապատասխան»։
Երէկ ՑԱՆԿԱՊԱՏԻՑ այս կողմ հերթական փորձն էր արւում այրել պայմանական մի գիրք, ուղերձ, համոզում, մտածում, կարծիք, տեսակ…
Վաղուց մեր ներսում ոչ թէ ցանկապատ, այլ՝ ներքին պատեր են, բաժանարարներ, մեզ մեզանից հեռացնող պատեր, մեր ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ այլասերող պատեր։
Կրակի լափերը մօտեցել են մեր ողնայարին՝ արժէքներին, հաւաքական յիշողութեանը, սրբութիւններին… Դեռ լռողներ կան…
Կայրւենք, թէ՝ ոչ, մեր որոշումն է։ Նախ՝ գիտակցենք, որ մեզ այրում են նաեւ ներսից…
Յ․Գ․ – Օրեր առաջ մի ողբերգական պատկերի ականատես եղայ. վերջին պատերազմում թշնամու արկից խեղւած մի երիտասարդ՝ հրապարակայնօրէն, անթաքոյց մեծարանքով էր վերաբերւում մի պաշտօնեանի, որի քաղաքական ուժը պատերազմ բերեց՝ խեղելով իր ու իրեն տարեկից հազարների ճակագադիրը։
Չեմ հասկանում…»,- գրել է նա: