Իշխան Սաղաթէլեան. «Արցախի հայաթափման պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինեանն է»

Արցախի ամբողջական հայաթափումից երկու տարի անց, երէկ՝ սեպտեմբերի 19-ին, Եռաբլուր զինւորական պանթէոն են այցելել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները՝ խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանի գլխաւորութեամբ։
Եռաբլուրում են եղել նաեւ Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը, Արցախի Ազգային ժողովի պատգամաւորները:
«Բոլոր ազգային կառոյցները, որոնք ազգային խնդիրներով զբաղւում են, բնականաբար հարւածի տակ են, այդ թւում նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որ իբրեւ ազգային կառոյց, համահայկական կառոյց, մեր ինքնութեան պահպանման եւ հայապահպանութեան հարցում մեծ դերակատարութիւն եւ պատմական դերակատարութիւն ունեցող կառոյց է»,- լրագրողների հետ զրոյցում նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։
«Եկեղեցին ցանկացած հայն է եւ բնականաբար ամբողջութեամբ պէտք է կանգնել եկեղեցու, մեր ինքնութեան պաշտպանման կողքին։ Քաղաքական ուժերը այդտեղ իհարկէ առաջնահերթ անելիք ունեն, դրա մասին բազմաթիւ անգամ խօսել ենք»,-ասել է նա։
Անդրադառնալով իշխանութեան պնդումներին, որ իրենք Հայաստանի միջազգայնօրէն ճանաչւած տարածքի իշխանութիւնն են, եւ օբիեկտիւօրէն այս պահին չունեն հնարաւորութիւն իրենց մանդատից դուրս վերցնել պարտաւորութիւններ, այդ թւում նաեւ Արցախի հարցում, Սաղաթէլեանն ասել է. «Սուտ են ասում, 2021 թւականին իրենք մարդկանց խոստացել են Արցախի իրաւունքների պաշտպանութիւն, նոյնիսկ հայկական տարածքների դէօկուպացիա, ընտրւել են ամբողջութեամբ այլ ծրագրով. ոչ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ են ունեցել ոչ էլ Հայաստանի տարածքները Ադրբեջանին յանձնելու։ Իրենց ցանկացած յանձնում արդարացնելու համար ինչ-որ պատճառներ են գտնում:
Ինքը գործիք է դարձել թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքում։ Սեպտեմբերի 19-ի Արցախի հայաթափման անձամբ պատասխանատուն Նիկոլ Փաշինեանն է, Արցախում էթնիկ զտումը, որ տեղի ունեցաւ 23 թւականի այս օրը, երբ որ Ադրբեջանը յարձակւեց, Նիկոլ Փաշինեանը մինչեւ հիմա լեգիտիմացնում է Ալիեւի քայլերն ու գործողութիւնները, փորձում է լւանալ նրա արիւնոտ ձեռքերը իր վարած քաղաքականութեամբ։ Յիշէք, որ այդ ամէն ինչը տեղի ունեցաւ նաեւ այն ժամանակ, երբ ինքը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում»։
Սաղաթէլեանը նշել է, որ Փաշինեանը մի օր պէտք է պատմի, թէ պատերազմից առաջ՝ յարձակման նախօրէին, ինչ է պայմանաւորւել Ալիեւի եւ Էրդողանի հետ։
«Պէտք է պատմի, թէ Ալիեւի, Էրդողանի հետ ինչ է խօսել պատերազմից առաջ՝ 2023 թւականին։ Արդեօ՞ք ինքն ամբողջութեամբ տեղեակ էր այդ մասին եւ արդեօ՞ք նաեւ երաշխիք էր տւել, որ ՀՀ-ն որեւէ կերպ չի յարձակւելու, որեւէ ծպտուն չի հանելու եւ լուռ նստելու է ու տեսնի, թէ ինչպէս են ցեղասպանութիւն գործում Արցախում»,-ասել է նա։
Իշխան Սաղաթէլեանը պնդել է, որ Փաշինեանն իր այսօրւայ քայլերով փորձում է ամբողջութեամբ մոռացութեան տալ եւ կոծկել ամէն ինչ, ինչպէս նաեւ ցանկացած քայլ անել՝ Ադրբեջանին ու թուրքերին դուր գալու համար։ Նա պնդել է, որ Փաշինեանը խաղաղութեան հետ որեւէ կապ չունի, եւ այն ծրագիրը, որ առաջարկում էր, խաղաղ յանձնւելու ծրագիր է։
Arfd.am