Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի կորստից անցնում է երկու տարի

«ԱԼԻՔ» – Երկու տարի առաջ՝ 2023 թւականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինւած ուժերը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեցին Արցախի Հանրապետութեան նկատմամբ, որի բնակչութիւնը 10 ամիս շարունակ գտնւում էր շրջափակման մէջ։ Ադրբեջանական ռազմական ագրեսիան ուղեկցւում էր հայ բնակչութեան նկատմամբ իրականացւող էթնիկ զտումներով։

Ցաւօք, Հայաստանի գործող իշխանութիւնների յանցաւոր լռութիւնն ու անտարբերութիւնը հնարաւորութիւն տւեց թշնամուն՝ հանգիստ եւ անխոչընդոտ բռնազաւթելու ողջ Արացախի տարածքը եւ իրականացնել իրենց ցեղասպանական նպատակները: Սեպտեմբերի 24-ին, արցախահայութիւնը պարտադրւած եղաւ լքել իր հազարամեակների բնօրրանը՝ ապաստան փնտրելով Հայաստանում:

Այդ ռազմական ագրեսիայի հետեւանքով Արցախում զոհւեց 200-ից աւելի զինծառայող եւ քաղաքացիական անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ եւ 30 զինծառայող համարւում է անհետ կորած: Առկայ են առնւազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դէպքեր, որոնցից 12-ը զինծառայողներ են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետեւանքով սպանւել է 3 երեխայ, տարբեր աստիճանի մարմնական վնասւածքներ է ստացել 231 զինծառայող եւ 80 քաղաքացիական անձ։

Գերեվարւել է 16 անձ, որոնց թւում են նաեւ Արցախի Հանրապետութեան  ռազմաքաղաքական նախկին ղեկավարութեան ներկայացուցիչներ։

Բռնի տեղահանման ընթացքում արցախցիները կորցրեցին իրենց ունեցւածքը՝ չունենալով գոյքը դուրս բերելու ոչ ժամանակ, ոչ հնարաւորութիւն:

Այդ եւ դրան անմիջապէս յաջորդող ժամանակահատւածում արձանագրւել է 64 քաղաքացիական անձի մահ, որը ուղիղ պատճառական կապի մէջ է պաշարման ժամանակահատւածում, էթնիկ զտումների գործողութիւնների եւ տեղահանութեան ընթացքում կրած զրկանքների՝ սովի, դեղորայքային եւ բժշկական օգնութեան բացակայութեան հետ։

Հայաստան բռնի տեղահանւած արցախցիների թիւը 100,625 է։

Related Articles

Back to top button